Թվերը փաստում են


Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել քննական մարաթոնի ավարտին: Եվ մինչ քննություններին զուգընթաց թեժանում են դրանց շուրջ պտտվող լուրերն ու զրույցները, Հանրապետական ընդունող հանձնաժողովը կոնկրետ թվերով և փաստերով է ներկայացնում հերթական քննաշրջանի իրական պատկերը: Ըստ մամուլի պատասխանատու Լիլիթ Գրիգորյանի` օգոստոսի 6-ի դրությամբ քննական նվազագույն շեմը չի կարողացել հաղթահարել 2812, իսկ 18-20 միավոր է վաստակել 6122 դիմորդ: Ցածր արդյունքներ են արձանագրվել մաթեմատիկա, ֆիզիկա և հայոց պատմություն առարկաներից: Առավելագույն «20» միավոր չի գրանցվել քիմիա, ստեղծագործական մրցույթ, ընդհանուր պատմություն, կենսաբանություն, հայոց պատմություն, աշխարհագրություն, ֆրանսերեն, ռուսերեն, իտալերեն (բանավոր) առարկաներից: Ի դեպ, ամենամեծ թվով բողոքար կումներ արձանագրվել են անգլերեն (գրավոր) առարկայից. 274 բողոքի արդյունքում հօգուտ դիմորդների փոխվել է 59 գնահատական: Կրկնակի բողոքարկման արդյունքում 95 դիմումից բարձրացվել է 16 դիմորդի գնահատական: Գրանցվել է 4 դեպք, երբ կրկնակի բողոքարկման ժամանակ գնահատականն իջեցվել է: Հ. Գ. Հաշվիչ կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը փաստում է այն մտավախությունը, թե քննական առաջին օրերի բացակաները կարող են հայտնվել անվճար համակարգում սովորողների ցուցակում: * * * Թեև բուհերում դեռ շարունակվում է քննական եռուզեռը, սակայն արդեն ավարտվել են ստեղծագործական մրցույթ առարկայից քննությունները: Առարկայական հանձնաժողովի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանի հավաստմամբ` - Այս առարկայից քննություն են հանձնում միայն լրագրության ֆակուլտետի դիմորդները, և դա էլ հենց կարելի է համարել առարկայի առանձնահատկությունը: Հարկ է նշել, որ մինչ օրս դիմոդները ցուցաբերել են սոսկ բավարար գիտելիքներ: Ցավոք, դեռևս չենք հանդիպել այնպիսի աշխատանքի, որը հնարավորություն տար վստահորեն փաստելու, թե գոնե որոշ դիմորդներ ստեղծագործելու բնատուր շնորհով են օժտված: Ես մեր ապագա լրագրողներին մաղթում եմ լինել ուսման մեջ առաջադեմ, իսկ աշխատանքում` անաչառ: Մաղթում եմ երևույթներն իրատեսորեն վերլուծելու կարողություն... * * * Ռուսերեն լեզվից թելադրություն հանձնողները ժխտում էին շրջող այն լուրերը, թե իբր դասախոսները միտումնավոր կերպով արագ են թելադրում տեքստը և հնարավորություն չեն ընձեռում դիմորդին` ամբողջովին վերարտադրել այն: Բանասիրական գիտությունների թեկնածու Պավել Անանյանի համոզմամբ` թելադրությունը դիմորդի գիտելիքի ստուգման ամենաճշգրիտ և ամենաօբյեկտիվ եղանակն է: Կարելի է փաստել, որ այս քննական տարին էականորեն չի տարբերվում նախորդից: Կա վերլուծության պատկերը` այս քննաշրջանում ևս դիմորդների 30 տոկոսը չի կարողանում հաղթահարել նվազագույն շեմը:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ