ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԿ-ները ՄԱՆԿԱՏԱՆ ՄԵԿ ՕՐԸ


Սովորական ու անսովոր եռուզեռ էր ՀՀ աշխատանքի և սոց հարցերի նախարարության Երևանի «Հատուկ տիպի մանկատուն» ՊՈԱԿ-ում, ուր ապրում են մինչև 7 տարեկան 92 երեխա: Անսովոր, քանզի փոքրիկներին այցելեցին արդեն վաղուց մտերմացած Քանաքեռ-Զեյթուն և Աջափնյակ համայնքների «Զեյթուն» (նախագահ` Զինա Ասատրյան) և «Ջահ» (նախագահ` Ջուլիետա Հովհաննիսյան) հաշմանդամ երեխաների հասարակական կազմակերպությունների անդամները: Նրանց էին միացել նաև մանկական` «Մենուա և Ագապի» պարային համույթը (գեղ. ղեկ`. Աննա Գրիգորյան): Հյուրերը ներկայացան հանպատրաստի համերգային ծրագրով` ասմունքով, երգ ու պարով, մնայուն օր պարգևելով մանկատանը հանգրվանած սաներին: Վերջիններս էլ անմասն չմնացին այդ ծրագրում. ցուցաբերեցին իրենց շնորհները: Հաճելին ու օգտակարը զուգակցելով` հյուրերը հագուստներ ու քաղցրավենիք բաժանեցին մանկատան փոքրիկ բնակիչներին` փորձելով դույզն-ինչ մեղմել որբություն կոչվածը: Իսկ ինձ հետաքրքրեց, թե ովքե՞ր են մանկատան բնակիչները, ինչպիսի՞ ընտանիքից են, իրո՞ք ծնողազուրկ են, թե՞ սոցիալական որբեր են, և ինչո՞վ էր պայամանվորված նրանց թվի կրճատումը («Զեյթուն» հ/կ-ի նախորդ այցելությանը մանկատանն ապրում էր 118 որբ, իսկ այսօր` 92): Մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանը մանրամասնեց, որ իրենց մոտ ապրում են ինչպես հատուկ կարիքներ` վատ լսողություն ու տեսողություն, լեզվական խնդիրներ ունեցող մինչև 7 տարեկան, այնպես էլ սոցիալական դժվարություններ ունեցող (միայնակ մայր, կալանավայրում կամ հոգեբուժարանում գտնվող ծնող) ընտանիքների երեխաներ: Վերջիններս ժամանակավոր տեղավորվում են մանկատանը, մինչև ապրուստի միջոցներ ունենալը, այնուհետև երեխաները վերադառնում են ընտանիք: Օրինակ, անցած տարի 27 երեխա վերադարձել է ընտանիք:

Անուշ ԱՆԱՆՅԱՆ