Գլոբալիզացիան` աշխարհի պատուհանից


Համաշխարհայնացումը կամ գլոբալիզացիան այսօր իր ոլորտների ընդգրկունությամբ դարձել է ամենամոդայիկ գործընթացը: Ո՞ւր կհասնեն այս գործընթացը որդեգրած բոլոր երկրները, պետություններն ու ազգերը... Ինչպես շատերիս, այնպես էլ «Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոն» նորաստեղծ հասարակական կազմակերպությանը, մտահոգել էր գլոբալիզացիայի տարբեր կողմերի բացահայտումը. թերևս դա էր ապացուցում այդ հասարակական կազմակերպության հրավիրած գիտաժողովին ներկա ունկնդիրների մեծ քանակությունը: Զեկուցումները և դրանց հաջորդող հարց ու պատասխաններն ինչ-որ չափով հստակեցրին ներկաների վեաբերմունքը գլոբալիզացման հիմնախնդիրներին: Ի դեպ, շատերն այն համարում են բացասական գործընթաց, բայց բոլորի համար էլ պարզ դարձավ նրա անխուսափելիությունը: Կենտրոնի նախագահ Վահան Դիլանյանի կարծիքով գլոբալիզացիային հակընդդեմ են ազգային-պետական սկզբունք ները` էթնիկական, մշակութային, կրոնական... ձևաչափերով: Իսկ այն միտումը, թե իրբ գլոբալիզացիան չի բերում ազգերի կուտակում և դրա արդյունքում` էթնիկ, կրոնական դիմակայություններ, նա ժխտեց, նկատելով, որ, օրինակ, 1946 թ. ՄԱԿ-ում 55 անդամ երկրներ կային, 1999-ին դրանց թիվը մոտ երեք անգամ աճել էր` 166 անդամ-պետություն, «բայց միջպետական պատերազմները (2-րդ աշխարհամարտից հետո) խիստ նվազել են, իսկ եղածներն էլ կարճատև ու նվազ վտանգավոր են»: Այս իրադրությունից որպես ելք հետազոտական կենտրոնի նախագահը առաջադրեց «տեսակային բազմազանության սկզբունքը` որպես նոր աշխարհակարգի բանաձև»: Բայց որքանո՞վ է սա իրագործելի: Որպես ելք ավելի իրատեսական պիտի համարել այս անխուսափելի գործընթա ցին գործիք չդառնալը, այլ գոնե որոշ չափով այն ծառայեցնելը մեր օգտին, եթե, իհարկե, կարողանանք նրա մեջ պեղել օգտակարն ու օրինակելին...

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ