ԱՐՑԱԽՅԱՆ ՅՈԹ ՕՐԵՐ


«Բազե» համահայկական երիտասարդական փառատոնի հերթական մեկնարկը Լեռնային Ղարաբաղում էր: «Բազեի օրերն Արցախում» յոթնօրյա հավաքին մասնակից Հայաստանի, Արցախի, Ջավախքի և Սփյուռքի ներկայացուցիչ հայ երիտասարդները դեռ երկար միմյանց հետ կփոխանակեն փառատոնից ստացած իրենց տպավորություններն ու նվաճած մրցանակների բերկրանքը: Նրանց հավաստմամբ` այս համախմբում-հավաքը մեկ անգամ ևս փաստեց այն անհերքելի իրողությունը, որ հոգևոր արժեքներով ապրող ու արարող հայը անկարող է լռեցնել հոգու և պապերի կանչը, սերն առ հայրենին: Թեև «Բազե» արտահայտությունը հաճախ որոշ շրջանակների բացասական տրամադրվածությունն է ի հայտ բերում, այնուամենայնիվ, ուրախալին այն է, որ երիտասարդներն ուշադրության են արժանանում պետական մակարդակով: Այս հավաքի մասնակիցներից շատերն են դիցուք երազել տեսնել Արցախը մինչ այս: Եվ այս հավաքի ընձեռած հնարավո րությամբ այցելությունը Գանձասար, Շուշի և Արցախ աշխարհի գողտրիկ այլ վայրեր` խորացրեց նրանց ակնածանքը ազգային արժեքների հանդեպ: Հավաքը նպաստավոր է եղել մեկ այլ առումով ևս. - Միայն այս ծրագրի իրականացման առիթով վերանորոգվեցին կամուրջներ, 15 տարվա ընդմիջումից հետո իր հաղորդումները եթեր հեռարձակելու հնարավորություն ստացավ ԼՂ-ի հեռուստաընկերությունը, լուծվեցին մի շարք այլ խնդիրներ: Սա պետական ներդրման երկարաժամկետ ծրագիր է: Այն, ինչ հիմա անում ենք, առաջիկայում պտուղները տեսնելու ենք անպայման: «Բազե»-ի նպատակը աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդներին հայրենիքում համախմբելն է, օտար երկրներում հայապահպանման, հայ մշակութային արժեքների անաղարտությանը նպաստելը: Իսկ ամենակարևո րը` դրանք առիթ են դառնում շատ ու շատ հայազգի երիտասարդների հայրենադարձմանը:

Հասմիկ ՄԱՂԱՔՅԱՆ