ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅԵՐԸ


Այսօր, երբ 600-ամյա դեգերումներից, կարճատև և կիսաանկախ իրավիճակներից հետո ի վերջո ձեռք ենք բերել կայուն անկախություն, կանգնել ենք լուրջ խնդիրների առաջ: Բազում ներքին տնտեսական խնդիրներից ու գզվռտոցներից զատ ունենք շատ այլ արտաքին խնդիրներ: Եվ այս ու բազում այլ հարցերի մեջ խճճվելով` մեզ հատուկ անխոհեմությամբ մոռացել ենք, որ մեր անկախությունը կորցնելու հիմնական ու գլխավոր պատճառը պատմության ընթացքում նույնն է եղել: Ազգային ունեցվածքի թալանման ժամանակ մոռանում ենք, որ շուտով այդ ունեցվածքը դառնում Է բոլորովին ուրիշինը և ոչ մերը: Մի շատ հարգելի անձ վերջերս ասաց շատ խելոք մի միտք. «Հայե°ր, վերջապես գիտակցեք մեկընդմիշտ, որ այս պետությունն արդեն հավերժ Է»: Ուզում եմ լրացում անել այս փայլուն մտքին: ճիշտ է, այսօր պետություն կորցնելն այնքան դյուրին գործ չէ, օրինակ, ինչպես առաջին, երկրորդ կամ հինգերորդ դարում, սակայն, այնուամենայնիվ, հնարավոր Է, երբ ինքներս դա շատ ենք ուզում: Ցավոք, ստիպված ենք կրկին անդրադառնալ մեր ազգի խոհեմությանը: Մենք չենք ուզում հասկանալ, որ առանց այդ էլ տնտեսական վատ վիճակը, ժողովրդի տասնամյա հուսախաբությունները և արտաքին ուժերի քայքայիչ գոյությունը մեծապես նպաստում են պետություն կորցնելուն: Իսկ մենք եղածն էլ ավերելով` դարպասն ավելի լայն ենք բացում մեր թշնամյաց առաջ: Ասվածի լավագույն ապացույցն այն է, որ այսօր, մեծից փոքր, հայհոյում են սեփական պետությանն էլ, անկախությանն էլ` այդ ամենը տեսնելով մեկ կամ երկու իշխանավորի մեջ: Գուցե չմեղադրես, եթե հաշվի առնես, որ նույն նշված 600 տարիների ընթացքում հայերի ավելի ու ավելի գերակշիռ մասը կորցրել է հավատը սեփական ուժի նկատմամբ: Կորցրել է, որովհետև այդ ուժը չի տեսել: Հասարակ մարդու համար թուրքի, պարսիկի կամ ռուսի բանակն ավելի ազդեցիկ է եղել, քան սեփականը: Քանի որ այդ հասարակ մարդը սեփական բանակ չի տեսել, իսկ նշվածները միշտ նրա աչքի առաջ են եղել: «Հայոց Բանակ» հասկացողությունը միայն մի շարք նվիրյալների երազներում է եղել: Իսկ պատմության ընթացքում եղած մի քանի փայլուն հաղթանակներն էլ չեն ամրապնդվել հաջորդով: ժողովրդի ոգևորությանը որպես օրինաչափություն փոխարինել է հաջորդ ու հաջորդ հիասթափությունը, թալանի, հարստահարման, ծախված իշխանավորների և այլնի տեսքով: Եվ ժամանակի ընթացքում այս ամենն ավելի խոր արմատներ է ձգել: Ու 1918-20թթ.-ի մեր կարճ ճախրանքը, ինչպես նաև 70-ամյա մեր խորհրդային գոյատևումը, չէին կարող բարձրացնել ազգային ոգու մարած կրակը: Չէին կարող, որովհետև, առաջին դեպքում ժամանակը շատ քիչ էր, իսկ երկրորդի դեպքում երևան եկավ համախորհրդային հավասար արժեքների արատավոր սկզբունքը: Արատավոր այն առումով, որ բիրտ լեռնցու և հազարամյա քաղաքակրթություն ունեցող ժողովրդի միջև դրվեց հավասարության նշան, և բոլորն էլ համարվեցին Մոսկվայի զավակներ: Եվ ահա քեզ շուրջ մեկ դար կուշտ ստամոքսով ժողովուրդ, ում համար Արցախն էլ է նույնը, Մագադանն էլ, Ռիգան էլ: Այս ամենից հետո ի՞նչ ենք ուզում, որ մեր զավակները կրծքների վրա 1988-ի ազատության դրոշակակիրների նկարնե՞րը պահեն: Իհարկե, չի ստացվի. մանավանդ, երբ հիմա շատերի ստամոքսները դատարկ են, իսկ այդ դրոշակակիրների կերպարն անամոթ կերպով կրողները` 70.000 դոլարանոց մեքենաներով են ման գալիս: Այս ամենը ժողովուրդը չի տարանջատում, և նրան դա հարկավոր էլ չէ: Ցավոք, նորից պիտի հիշեցնեմ, որ այս ամենով մենք գնում ենք դեպի անդունդ: Այդ դեպքում հարց է ծագում` ի՞նչ անել, որպեսզի հայ երիտասարդը լինի այրապաշտ ու հայրենապաշտ, ինչպես գերմանացին, ճապոնացին կամ հրեան: Այսօր դժվար է գտնել մի երիտասարդի, ով չի հայոյում իր տնօրենին, ղեկավարին, նախագահին կամ առանց քննարկման կկատարի իրեն տրված հանձնարարությունը: Եթե ցանկացած հայի հարցնես ազգի մասին, նա անպայման կհպարտանա Նարեկացիով, Խաչատրյանով, Համբարձումյանով կամ մեկ այլ հայ մեծով: Սակայն պետք է գիտակցել, որ ուժեղ ազգ, ուժեղ պետություն ունենալու համար, բացի մեր մեծերից, մենք պետք է ունենանք հզոր բանակ, այլապես գոյատևել չենք կարող. չէ՞ որ կյանքը նաև գոյության պայքար է: Սեր ազգային թերությունները նրանից են նաև, որ մենք միշտ մեր դժբախտությունը մեր մեջ փնտրելու փոխարեն փնտրում ենք ուրիշի մեջ, ու երբեք չենք հանդուրժում, որ մեզ հայը իշխի: Ու զուր չեն պարսիկներն ասել. «Երկու հայի գլուխ մի կաթսայում չի եփվի»: Օտարին ենթարկվելուն զուգընթաց` օտարին չենք հավանել, բայց ենթարկվել ենք, իսկ «պետական այր» ասելով առաջին հերթին տեսել ենք նրանց: Մեր տան մեջ շշուկով ենք խոսել Վարդանի ու Մուշեղի մասին: Չէ՞ որ նրանք մեզ համար հերոս, բայց իշխողի թշնամիներն են եղել: Նման այն հրաշք ջրին, որը մահվան ճիրաններից ազատում է մեռնողին: Իսկ մանկանը պետք է ասել այս ամենն ու հասկացնել, թե ինչքան սուրբ գործ է Հայրենիքի զինվորի գործը: Այսօր ծնվում է միակ սերունդը, որին հայրենասեր դաստիարակելու համար կան բոլոր հնարավորությունները, նա ապրում է անկախ Հայաստանում և պետք է նրան դաստիարակել` ոչ մի վայրկյան բաց չթողնելով, որպեսզի նրա վրա լուրջ ազդեցություն չունենան արտասահմանյան անորակությունները: Հայրենասիրական ֆիլմերն ու գրքերը, երաժշտությունն ու երեկույթները, գովազդները, խաղերը պիտի չափվեն պետական մակարդակով: Պետք է ծաղրել վատն ու անորակը և նույնպես` մեծ մակարդակով: Պետք է լրջորեն խրախուսել յուրաքանչյուր նման նախաձեռնություն, պետական մրցանակներ տալ յուրաքանչյուր աչքի ընկնողի` նրանց դարձնելով կենդանի լեգենդներ: Այդ ամենը պետք է անել հենց հիմա, որպեսզի մանկան կոմպյուտերային խաղի հերոսը լինի ոչ թե Մատրիցան կամ Տերմինատորը, այլ հայ զինվորը: Այո, հիմա է ծնվում հոգով ազատ հայ զավակը, և նրան այսօրվանից պետք է տալ թևեր` մեծ ճախրանքների համար:

Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ