Երևակայության թռիչքներ` իրատեսության հաշվին


Նորություն չէ, որ հայ քաղաքագիտական միտքը պատշաճ մակարդակ չունի: Այդ պատճառով էլ ցանկացած միջակից ցածր վերլուծաբանի` ԶԼՄ-ները ներկայացնում են որպես քաղաքագետ և ամբիոն տրամադրում: Սրանք էլ երևակայությանը զոռ տալով` աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումների այնպիսի անհեթեթ սցենարներ են իբր վերլուծում, որոնք հիմնավորապես դուրս են տարրական տրամաբանության շրջանակից:

Վերջերս ամենաշատ քննարկվողը Արցախի վեց շրջանները Ադրբեջանին հանձնելու Ռուսաստանի մտադրության և տարածաշրջանում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման թեման է: Ըստ որոշ վայ-քաղաքագետների` այդ ծրագրի իրականացման դիմաց Ադրբեջանը խոստացել է միանալ Եվրասիական Տնտեսական Միությանը: Այստեղ են ասում` ամեն անհեթեթություն իր սահմանն ունի, բայց մեր քաղաքագիտական «մտքի» թռիչքները ո´չ սահման են ճանաչում, ո´չ տարածություն, քանզի երևակայության ոլորտում ամեն ինչ վերացական անսահմանության տիրույթում է: Այլապես` գոնե մի քիչ վերլուծություն կկատարվեր, թե Ադրբեջանը ի՞նչ է գտնելու Եվրասիական Միությունում և ինչ է կորցնելու: Նավթադոլարներով կուրացած Ալիևը կտրելո՞ւ է իր պորտալարը անգլիական նավթային ընկերություններից: Արևմուտքին թշնամացնելո՞ւ է իր նկատմամբ: Ինչքան էլ տհաս լինի Իլհամը, գոնե այնքանը հասկանում է, որ Եվրասիական Միություն մտնելուց մի քանի ամիս էլ չանցած` «արաբական գարունը» սահուն տեղափոխվելու է Հարավային Կովկաս. կոնկրետ` Ադրբեջան: Նույնիսկ նավթային հզոր գործոնի պարագայում Արևմուտքը արդեն իսկ մտմտում է բացարձակ ավտորիտար համակարգ ունեցող այս երկրում նարնջագույն հեղափոխություն ներմուծելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ռուսական խաղաղապահ ուժեր մտցնելուն, ապա այս հարցում անտեսվում են մի շարք կարևոր գործոններ, որոնք պարզապես անհնարին են դարձնում այդ գործողության իրականացումը: Թվարկենք.

ա) ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը իրականացնում է Մինսկի խումբը: Ուստի խաղաղապահ զորքերի տեղաբաշխման հարցում Ռուսաստանից բացի իրենց համաձայնությունը պետք է տան ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որոնք սեփական գլոբալ շահեր ունեն տարածաշրջանում: Մի՞թե մեր վերլուծաբանները չեն ըմբռնում այն պարզ իրողությունը, որ եթե ԱՄՆ-ը և Ֆրանսիան համաձայնեն այդ սցենարին, կնշանակի իրենց իսկ ձեռքով սկուտեղի վրա ՌԴ-ին մատուցել Հարավային Կովկասում լիիրավ գերիշխանություն հաստատելու «բանալիները»:

բ) Ադրբեջանը երբեք չի ցանկանա իր սահմաններին հանդուրժել ռուսական զորքերի ներկայությունը, քանզի քրոնիկ անվստահություն ունի ՌԴ-ի նկատմամբ: Բացի դրանից պաշտոնական Բաքուն հասկանում է, որ Իրանի սահմանի երկայնքով տեղաբաշխված ռուսական զորքը հենց այն երաշխիքն է, ինչն ապահովելու է «Հյուսիս-Հա րավ» ռազմավարական ծրագրի` Ռուսաստանի վաղեմի երազանքի իրականացումը, որի առանցքում լինելու են Իրանը և Հայաստանը:

գ) Հայաստանը նույնպես կտրականապես դեմ է լինելու այդ սցենարին, քանզի վտանգի է ենթարկելու փաստացի անկախ և կայացած պետության` Արցախի ինքնիշխանությունը:

դ) Հայաստանը ոչ թե վեց, նույնիսկ մեկ շրջան չի զիջի Ադրբեջանին, քանզի անմիջապես հեղափոխական ալիք կբռնկվի, ինչը կջնջի-կտանի գործող իշխանություն ներին: Իսկ դա Ռուսաստանին բոլորովին ձեռնտու չէ:

Չնայած այս բոլոր համոզիչ փաստարկներին, այնուամենայնիվ որպես հակափաստարկ ցուցանվում է հայ-ադրբեջանական սահմանում լարվածության մեծացումը: Եվ դա էլ բացատրում են այն հանգամանքով, թե այդ լարվածությունը հրահրում է Ռուսաստանը, որպեսզի պատրվակ ունենա` խաղաղապահ ուժեր մտցնելու հակամարտութ յան գոտի: Այստեղ, իհարկե, կարելի է կիսով չափ համաձայնել: Այսինքն, չի բացառվում, որ լարվածության ուժեղացման գործում ՌԴ-ն շահագրգռություն ունենա: Սակայն ոչ թե խաղաղապահ ուժեր մտցնելու նպատակով: Խնդիրն այն է, որ սահմանագծում լարվածությունը լրացուցիչ լծակ է Հայաստանին ստիպելու` արագացնել Եվրասիական Միությանը անդամակցելու գործընթացը` հնարավորինս ՌԴ-ին ձեռնտու պայմաններով:

Ի դեպ, արժե ընդգծել, որ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ ոչ պակաս շահագրգիռ պետք է որ լինի Արևմուտքը: Քանզի Ուկրաինային զուգահեռ` ՌԴ-ի համար նոր պատերազմական օջախի ստեղծման վտանգը ձեռնտու է Արևմուտքին: Այս բոլորով հանդերձ` Հարավային Կովկասում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը խոշոր հաշվով, անընդունելի է թե´ Արևմուտքի, թե´ Ռուսաստանի համար:

Իրադրության լարումը նույնիսկ կարող է դրսի ուժերի կողմից ավելի խորացվել, բայց կա մի սահման, որից այն կողմ գերտերությունները չեն անցնի: Սակայն դա միայն մոտ ապագայի «կտրվածքով»: Իսկ թե սրընթաց փոփոխվող այս աշխարհում ի՞նչ նոր վտանգներ կարող են առաջանալ մեկ կամ երկու տարի հետո` ոչ ոք չի կարող կանխագուշակել:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ