Ճաք տված ժայռը...


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև վերջերս փորձում էր աշխարհին համոզել, թե ինքը ձեռնամուխ է եղել Եվրասիական Միություն ստեղծելուն: Դեռ տարիներ առաջ ԱՄՆ պետքարտուղարն էլ հայտարարել էր, թե Վաշինգտոնը ամեն ինչ կանի` Պուտինին թույլ չտալու վերականգնել ԽՍՀՄ-ը:

Պուտինին հաջողվեց միայն Հայաստանին ստիպել հրաժարվել Եվրաասոցացվելուց: Այժմ, երբ բոլորի համար պարզ է, որ Ռուսաստանը վերջնականապես կորցրել է Ուկրաինան, կարծես անիմաստ է դարձել Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցումը, այլապես դժվար է հիմնավոր պատճառաբանություն գտնել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության մասին պայմանագրի ստորագրումը ձգձգելու փաստը:

ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը վերջերս բացահայտեց Եվրասիական Միության անվան տակ ԽՍՀՄ կամ որ նույնն է` ռուսական կայսրությունը վերականգնելու` Պուտինի իրական մտադրությունը:

Ռուսաստանի օրվա կապակցությամբ նա կոչ արեց վերականգնել ԽՍՀՄ-ը, որի ժայռը ճաք տվեց քառորդ դար առաջ: Եվ այժմ, երբ թաքցնելու բան չկա, երբ ամեն ինչ պարզ է լույս օրվա նման, կայսրությունը վերականգնելու Ռուսաստանի ջանքերը ավելի ագրեսիվ են դարձել: Իսկ Կրեմլից Հայաստան գործուղված էմիսարների պահվածքն ու հռետորաբանությունը ինքնին հասարակության գերակշիռ մասի շրջանակներում Ռուսաստանի նկատմամբ, մեղմ ասած, անվստահության ու հակազդեցության զգացում է ծնում: Այդ գործուղվածները խոսում են մեզանում ռուսերենին Սահմանադրությամբ հատուկ կարգավիճակ տալու մասին, դժգոհում են, որ Երևանի փողոցների անունները հայերենով ու անգլերենով, այլ ոչ թե ռուսերենով է գրված... Նրանք սովոր են, որ ԽՍՀՄ տարիներին մոսկվաբնակները արտոնյալ կարգավիճակից էին օգտվում, նրանց ամենուրեք թույլատրվում էր պարտադրել իրենց կարծիքը...

Բոլորովին վերջերս ռուսաստանցի քաղաքագետ Վլադիմիր Եվսեևն էլ հայտարարել էր, թե Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի անվտանգությունն ապահովել, եթե լուծվի խաղաղարարների տեղակայման հարցը: Խոսքը Հայաստանի և Արցախի միջև ռուս խաղաղարարների տեղակայման մասին է: Այ թե որտեղ է թաղված «շան գլուխը»: Ռուսաստանին Հարավային Կովկասում վերջնականապես ամրանալու համար պակասում է Արցախ զորք մտցնելը, ինչին խանգարում են Երևանը և Ստեփանակերտը: Իսկ Ադրբեջանի հետ Ռուսաստանը շարունակում է սակարկել այդ հարցում` համեղ պատառներ խոստանալով Արցախից: Պատահական չէ նաև, որ հիշյալ քաղաքագետը խորհուրդ է տալիս ԵԱՀԿ ու Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքի մասին խոսելու փոխարեն կենտրոնանալ խաղաղարարների տեղակայման հարցի վրա:

Խնդիրն այն է, որ Ուորլիքի հայտարարությունները բացեցին արցախցիների աչքերը` նրանց համար տեսանելի դարձնելով իրենց սպառնացող մարտահրավերները: Սակայն այսքանով Մոսկվայի ախորժակը չի սպառվում: Հայաստանում առկա է նաև մեկ այլ հինգերորդ շարասյուն. ես կասեի` ռուսաստանապաշտ ընդդիմությունը: Կառավարությանը ներկայացրած 12 պահանջների մեջ կա կետ` ամերիկացիներին Որոտանի կասկադի վաճառքը չեղյալ հայտարարելու մասին, որը, կարծես, իրագործվելու ճանապարհին է: Որոտանի կասկադը ջրի միջոցով է էներգիա արտադրում, որը զգալիորեն էժան է: Իսկ Հայաստանում էլեկտրաէներգիան ստացվում է հիմնականում ռուսական գազի միջոցով` անհրաժեշտ շահույթ ապահովելով Գազպրոմին: Ռուսաստանն այժմ ի վիճակի չէ Որոտանի կասկադում ներդրումներ կատարել: Ու նաև չի ցանկանում, որ ամերիկացիները դա անեն, որովհետև այդպիսով կդիվերսիկացվի Հայաստանի էներգահամակարգը` թուլացնելով Ռուսաստանից նրա կախվածությունը: Եվ վաճառքի գործարքը խափանելու միջոցը գտնվել է` դա կպահանջի միշտ հայացքը Մոսկվային հառած ընդդիմությունը: Իսկ թե ինչ զարգացումներ կլինեն աշնանը, հիմա դժվար է կանխատեսել. հիմա արձակուրդի սեզոն է, և ընդդիմությունը նույնպես հանգստի կարիք ունի...

Ա. Դ.