ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ


Արցախի ու Ադրբեջանի սահմանագծում ադրբեջանական ելուզակները ավելի ու ավելի սանձարձակ են դառնում: Մաքսային Միությանն անդամակցելու գլխավոր փաստարկը Հայաստանի անվտանգության երաշխավորությունն էր: Բնականաբար` Արցախի հետ միասին: Սակայն հայկական Զինուժի սահմանային կորուստներն ավելանում են:

Ինչպե՞ս է դա ստացվում: Մի՞թե դա է «ավելի անվտանգը», որ փորձում էին հասարակությանը մատուցել մաքսայինի վճարովի կամ անմեղսունակ փաստաբանները` Հայաստանը հայտնվեց թե վճարովի, թե անմեղսունակ փաստաբանների գրոհի ներքո` սփռելով շանտաժի և սպառնալիքի անասելի մեծ չափաբաժին` թե Եվրոպա գնալուց Արցախը կկորցնենք և կստանանք պատերազմ:

Փաստորեն, Հայաստանը դրել էին ընտրության առաջ` ընտրել կա´մ պատերազմը հազարավոր զոհերով, որ կապահովեին Ադրբեջանին մատակարարված Ռուսաստանի Սմերչները, կա´մ պարբերաբար զոհեր` սահմանին: Հայաստանը փաստորեն ընտրել է երկրորդը, որովհետև առաջինի դեպքում հավանաբար զոհերն արդեն զանգվածային էին լինելու: Եվ սա կոչվում է անվտանգություն:

Իսկ Հայաստանի իբր անվտանգության երաշխիք ՀԱՊԿ-ն մշակում է «գունավոր հեղափոխությունների» դեմ պայքարի մեխանիզմները: Ադրբեջանը հիմա գիտե, որ Հայաստանի հանդեպ չի կարելի մի բան անել` «գունավոր հեղափոխություն», իսկ հայ զինծառայողներին կրակել ու սպանել կարելի է. ՀԱՊԿ-ն այդ առիթով Բաքվի հանդեպ ոչ մի դիտողություն չունի: Ավելին, ՀԱՊԿ-ի անդամները խրախուսում են դա:

Մի խոսքով, Հայաստանում Ռուսաստանի համար սպառնալիք է միայն «գունավոր հեղափոխությունը», որի տակ Մոսկվան դասում է Հայաստանի ցանկացած ժողովրդավարական փոփոխության հեռանկար: Այլ սպառնալիք Մոսկվան այստեղ չունի, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան նրա դաշնակիցներն են, և այդ առումով Հայաստանի տարածքի հանդեպ ոտնձգությունը գրեթե բացառվում է: Նրանց թույլատրված է միայն սպանել հայ զինծառայողներին կամ խաղաղ բնակիչների գերել: Այսինքն, ապահովված է Հայաստանի տարածքի անվտանգությունը, բայց ոչ թե Հայաստանի քաղաքացիների:

Մինչդեռ պետությունը միայն տարածքը չէ, այլ նաև քաղաքացին: Եթե տարածքը պաշտպանված է, իսկ քաղաքացին` ոչ, ուրեմն այդ պետությունը պաշտպանված չէ: Ռուսաստանն ու Հայաստանի իշխող համակարգը Հայաստանի տարածքի համասեփականատերերն են, և ամեն մեկն իր փայաբաժնի տրամաբանությամբ պաշտպանում է տարածքի իր մասը` Ռուսաստանը արտաքին սպառնալիքից, Հայաստանի համակարգը` քաղաքացիներից:

Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ