ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՍԻՐՈ 7 ՈՒՂԵՐՁ ՉԱՐԱՑԱԾ ԱՇԽԱՐՀԻՆ


«Իմացյալ հավատն ազատություն է, զգացմունքային հավատը` ստրկություն, մեթոդիկ հավատը` հիմարություն»:

Գեորգի Գյուրջիև



«ՖՐԵՍԿՈՅԻ» հայաստանյան կինոարշավներին անդամագրված հարյուրավոր մարդիկ (նախապատրաստական աշխատանքներում ներգրավված տարբեր առողջական խնդիրներ ունեցող կամավորներ, ընկեր Սասունի հայրական հոգատարությամբ ուշագրավ մրցանակներ պատրաստած Նոր Խարբերդի մանկատան մի խումբ սաներ, մրցութային հանձնախմբի անդամներ, փառատոնում ներկայացված ֆիլմերի ռեժիսորներ ու պրոդյուսերներ, լրագրողներ) Օձունում վերագտած ճամբարային արտասովոր կեցությամբ իմաստնացած հաստատվեցին Ախթալայում:

Անհամեմատ վարպետացած «կահավորեցին» եկեղեցու տարածքում հանպատրաստից ձևավորված բացօթյա կինոսրահը, հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանի ուշիմ առաջնորդությամբ մանրազնին ծանոթացան տեղանքում սփռված պատմամշակութային գանձերին: Հատուկ ընտրված ֆիլմաշարն անխոտոր վայելելու նպատակասլացությամբ` նախապես զարկեցին գիշերային ապաստան վրանները և աստղաժպիտ երկնքի ամպհովանու ներքո կենտրոնացան կինոպաստառի շարժապատկերներին: Ռուսական «Երկրորդ շնչառություն» և «Շփում» «փոքրատարած» ժապավեններից հետո «Մենք կանք» 20 րոպեանոց ֆիլմից ստացած անմիջական տպավորությունները: «Ճամբարական» հեղինակի` բելոոռւս կինոռեժիսոր Զոյա Կոտովիչի մասնակցությամբ քննարկելիս` ի խորոց սրտի հուզվեցին արծարծած ցավագին թեմաների պարզ ու ներազդու մեկնաբանություններից: Ոմանք նույնիսկ հոգևոր մաքրագործման վերապրած առկայծումները չթաքցրեցին:

Գովելի է, որ «ՖՐԵՍԿՈՅԻ» ֆիլմերում ամենևին էլ նշաձողը չի համարվում բարձր օպերատորական, ռեժիսորական աշխատանքը: Այստեղ խոսքը ոչ թե տեխնիկայինն է, այլ`ասելիքինը, -յուրովի ամփոփ խմբավորեց «ճամբարականների» կարծիքները «ՖՐԵՍԿՈՅԻ » աստվածահաճո առաքելությանը դյուրութ յամբ մերված տեր Վիգենը:Այս ֆիլմերը մարդուն միասնաբար առաջնորդում են դեպի բարին, մի նոր դուռ բացում նրա հոգում, մտորելու, խորհելու առիթ տալիս, թե ինքն անձամբ ինչքանո՞վ է պահպանել մարդ արարածի աստվածաստեղծ նկարագիրը... Բարության թիվ մեկ օջախում, Աստծո տան բակում, եկեղեցու անմիջական հովանու ներքո ես տեսա, թե խլություն, հաշմանդամություն ունեցող անձինք ինչպիսի խանդավառությամբ են մասնակցում փառատոնի.` ոչ լիարժեք ֆիզիկական կարողություններով, բայց լիարժեք հոգով, կամքով, նախանձելի նվիրվածությամբ:

Մայրաքաղաքային չընդմիջված եռօրյա ցուցադրությունների մշտական մասնակիցներին «ճամբարականները» կրկին հանդիպեցին «ՖՐԵՍԿՈՅԻ» մրցանակաբաշխությանը, բայց ոչ թե Մատենադարանում, այլ «The Club» ակումբում: Այս և կողմնակի այլ «ֆրեսկոյախութերի» դրդապատճառները «Ավանգարդի» համար պարզաբանեց փառատոնի նախագահ Շահեն ՆԱԶԱՐԵՆԿՈՆ.

«ՖՐԵՍԿՈՆ» մեր նախընտրած ձևաչափով կյանքի կոչելիս մտավախություն ունեինք ինչ-ինչ ձախողումներ արձանագրել` բացօթյա հանրային երկխոսություն-դի տումների ամենօրյա ընթացքում: Կարծես թե ակնկալվածից հարթ անցան լայնատարած հանրային քննարկումները, նույնիսկ հաջորդիվ ի հայտ եկած եղանակային չարաղետ քմայքները, փաստորեն, «խնայեցին» մեզ: Իսկ «ՖՐԵՍԿՈՅԻ» մրցանակաբաշխությունը Մատենադարանում չկազմակերպեցինք առավելապես մի պատճառով` մեր հյուրերը, ովքեր հիմնականում ռեժիսորներ ու պրոդյուսերներ էին, փառատոնին մասնակցելուն զուգահեռ նոր ֆիլմեր էին նկարահանում և պահ առաջ կամեցան վերադառնալ իրենց երկրներ ու թարմ տպավորություններով ցանկալի ավարտին հասցնել «ՖՐԵՍԿՈՅՈՎ» ներշնչված ու խթանված իրենց աշխատանքները: Գերադասեցինք «ակումբային» միջավայրում անցկացնել մրցանակաբաշխությունը` փառատոնի շուրջ համախմբված սոցիալական ու տարիքային տարաշերտ հանրությանը ևս մեկ հարմար շարժառիթ ընձեռելով իրենց ձեռք բերած նոր ծանոթություններն ամրապնդելու, խորացնելու:

«Ակումբային» յուրաոճ միջավայրն իսկապես հերթական մտերմիկ երկխոսության էր տրամադրում: Մրցութային հանձնախմբի 7 անդամներից ներկա էին միայն Երևանի փոխքաղաքապետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանը (ով էապես օժանդակել էր «ՖՐԵՍԿՈՅԻ» կայացմանը) և արդի գիտնական հոգևորականի ընդօրինակման արժանի նկարագրի տեր Հայր Հովհաննեսը: Վերջինիս պերճախոս առաջնորդությամբ էլ բարձրաձայնվեցին հայտարարված մրցույթի գնահատման չափորոշիչներն ու վերջնական արդյունքները.

Ես բազմիցս ընդգրկված եմ եղել մոսկովյան հեղինակավոր միջազգային կինոփառատոների էկումենիկ հանձնախմբերում, լավատեղյակ եմ ուրիշ շատ երկրներում նախաձեռնված նմանատիպ կինոհամաժողովների բովանդակությանը: Ամենայն պատասխանատվությամբ վկայում եմ, որ հայաստանյան «ՖՐԵՍԿՈՆ» թե´ կազմակերպչա կան բարեկրթությամբ, թե´ որդեգրած գաղափարախոսությանը հավատարմությամբ ամենևին չի զիջում որևէ մեկին: Լավագույն ապագայի հույս է ներշնչում այն կարևորագույն հանգամանքը, որ այս կինոփառատոնի շուրջ համախմբվել էին երիտասարդները: Հրաշալի է, որ փառատոնին մասնակցում էին տարբեր մշակույթներ, աշխարհայացքներ ներկայացնող ֆիլմեր: Դրանցում առանձնակի ընդգծվում էին բարոյական այն արժեքները, որոնք այսօր պակասում են աշխարհին: Արվեստը, հատկապես կինոն, այժմ այլ, նյութական սկզբունքներով են, ցավոք, առաջնորդվում: Եվ փառք Աստծո, որ կան մարդիկ, ովքեր ֆիլմեր են նկարում ոչ թե կոմերցիոն նպատակով, այլ` որովհետև կարևոր ասելիք, ուղերձ ունեն: Մենք հենց այս դիտանկյունից մրցութային 21 ֆիլմերից ընտրեցինք միով բանիվ տիեզերական սիրո արտահայտություն 7 լավագույն ուղերձները. «Սեր» («ՄԳԱ», Վիկտոր Գուրով, ՌԴ). «Խաղաղություն» («Երկրորդ շնչառություն», Սերգեյ Ցիս, ՌԴ). «Քաջություն» («Մուհամեդն ու ձկնորսը», Մարկո Լեոպարդի, Իտալիա). «Երկխոսություն» («Ընդունելություն», Հարի Կակատսակիս, ԱՄՆ). «Հանդուրժողականություն» ( «Սև ու սպիտակ», Ջալալ Փանահի, Իրան). «Մարդասիրություն» («Աստծո պարգև», Սոֆյա Գևեյլեր, ՌԴ): «ՖՐԵՍԿՈՅԻ» գլխավոր` «Վնասվածը վերականգնելու կարիք կա» մրցանակին ամեն առումներով արժանավոր գտանք Արա Երնջակյանի հեղինակած «Խավարումը»: Կարևորում եմ նաև Նոր Խարբերդի մանկատան սաների շնորհած հատուկ մրցանակը Զոյա Կոտովիչի «Մենք կանք» ֆիլմին:

Հայր Հովհաննեսը, ով դեռ 1988-ին Կինոյի համամիութենական ինստիտուտում  Անդրեյ Տարկովսկու կրոնական խորհրդանիշների մասին դիպլոմա յինը գրելիս է խորապես ուսումնասիրել կինոարվեստը և այժմ էլ սերունդներ է կրթում մոսկովյան համալսարաններում, «ակումբային» անկաշկանդ երկխոսութ յան ջահակիրն է դառնում: Դանկոյի հանգույն` ամենքին աննկատ մղում է սրտաբաց անկեղծության և ուշի ուշով ականջալուր լինում «ՖՐԵՍԿՈՅԻ» գաղափարախոսության հետ կոնկրետ աղերսներ ունեցող երևանյան այլ միջոցառումների մասին: Գոհունակությամբ` մանրակրկիտ իրազեկվում է Երևանում 18-րդ դարում վեր խոյացված մահմեդական միակ աղոթատանը բացված «Երկխոսություն Կապույտ մզկիթում» խորագրով անհատական լուսանկարչական ցուցահանդեսի մասին: Կրոնական հանդուրժողականության ինքնատիպ մի ուղերձ է ցնծությամբ որակում «Հրապարակ» օրաթերթի լրագրող Սոնա Ադամյանի այդ նախաձեռնությունը: Մեծահոգաբար հորդորում է քրիստոնյա հայ օրիորդին` խելամիտ հանրաճանաչել իր «առաջնեկին» և սիրահոժար ուղղորդում է դեպի Իտալիա: Իր վերջին գրքի` Հայոց Եղեռնի ականատես-մասնակից արաբ բեդվին Ֆայեզ Էլ Հուսեյնի վկայությունների ծավալուն ուսումնասիրության շուրջ զրույց է ծավալում` կարևորելով այն որպես անկողմնակալ փաստագրություն մի անեղծ հավատացյալ մահմեդականի, ով թե զոհերի, թե արևմտահայերի ցեղասպանությունն իրագործող օսմանյան չինովնիկների չսրբագրված հուշերի եզակի բնօրինակների մեկտեղմամբ համառորեն փորձել է պաշտպանել բուն իսլամն ամեն կարգի արնախում ելուզակներից:

Չշտապեր Հայր Հովհաննեսը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ նշանակված հանդիպմանը, նրա ստորագրությունը կամրագրվեր վաղնջական մագաղաթների նմանողությամբ ձևավորված բոլոր վկայագրերի վրա: Իսկ դրանք աներևակայելի մեծաքանակ էին, քանի որ «ՖՐԵՍԿՈՅԻ» կազմակերպիչները ջանացել էին հավուր պատշաճին երախտագետ լինել իրենց նորաստեղծ կինոփառատոնի արժանավայել կայացմանը այս կամ այն չափով աջակցած ամենքին: «Ակումբականներն» էլ դեռ երկար կվայելեին տարաշերտ խորունկ աշխարհաճանաչողությամբ ու անսահման բարեգթությամբ շա˜տ-շատերին հարազատացած Հայր Հովհաննեսի մարգարտաշար զրույցները: Գուցե հենց այս նկատառումով էլ օրեր անց կրկին հանդիպում կազմակերպվեց համամարդկային եկեղեցու բացառիկ այս սպասավորի հետ. այս անգամ` Սբ. Երրորդություն եկեղեցում:

Փաստորեն, հունիսի 21-ին Երևանում մեկնարկած արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «ՖՐԵՍԿՈ» միջազգային նորաստեղծ փառատոնը, ի զարմանս մեզանում անցկացվող բազում մյուս փառատոների մշտական մասնակիցների, չվերջակետվեց հուլիսի 1-ին տեղի ունեցած մրցանակաբաշխությամբ: Անսալով հարուցած հանրային հարաճուն պահանջարկին, Սբ. Երրորդություն եկեղեցում դեռևս անտրտունջ պտտեցվում է «ՖՐԵՍԿՈՅԻ» կինոժապավենը, համակ ուշադրությամբ դիտվում և առավել համարձակ քննարկվում են նորանոր ֆիլմեր: Համախոհ կազմակերպիչների կուռ խմբով նախապես մանրախնամ ձևավորած աննախադեպ «ֆրեսկոյաձևաչափի» փուլ առ փուլ կենսագործումը, հնարավոր է, կրկին «օրինազանցի» կարգավիճակում հայտնվի: Չէ՞ որ Սբ. Երրորդություն եկեղեցու երիտասարդաց թեմի 50-ից ավելի կամավորա կանների մարտունակ ջոկատը ընդամենը մեկ շաբաթում կրկնապատկվեց: Հենց «զտարյուն» կամավորականների անկասելի եռանդով ու խանդավառությամբ հընթացս չծրագրված մի շարք միջոցառումներ կայացվեցին` ինքնաբուխ հարստացնելով մեզանում իսկապես նախատիպը չունեցող «ՖՐԵՍԿՈՅԻ» մարդասիրական իրական բովանդակությունը: Գուցեև հաջողվի նաև նույն ջանադիր նվիրումով մարդկային ավելի հոծ զանգվածների չարացած հոգիներում սերմանել տիեզերական սիրո առաջին 7 ուղերձների ապրեցնող հունդերը: Հուսա´նք, քանզի արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային առաջին փառատոնի սրտակից երկխոսության հրավերն աներկբա ընդունեցին և ողջունեցին հայաստանաբնակներից շատերը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ