ԿՈՂՈՊՏԻՉՆԵՐԻՆ ՉԴԻՄԱԴՐԵՔ
Մարզական մամուլի միջազգային ընկերակցությունը (ՄՄՄԸ` AIPS) հենց այսպիսի խորհուրդ է տվել Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը մեկնաբանող լրագրողներին: Այս խորհուրդն արձանագրվել է նույնիսկ ընկերության հատուկ հիշեցման պաշտոնական կայքում:
Մասնավորապես, կյանքը չվտանգելու համար, լրագրողները պետք է կողոպտիչների առաջին իսկ պահանջով նրանց հանձնեն իրենց ունեցվածքը: Իսկ մեծ կորուստներ չունենալու համար` հնարավորինս քիչ արժեքավոր իրեր տանեն իրենց հետ` հանցագործների ուշադրությունը չգրավելու համար:
Բացի այդ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խորհուրդ է տրվել խուսափել կուտակումներից, զգուշորեն օգտվել բանկոմատներից (դրանից չօգտվել օդակայաններում), իրենց մոտ չպահել անձնագրի բնօրինակը, հատկապես ուշ ժամերին չչարաշահել ոգելիցները և հնարավորինս չհեռանալ մեծ ու մարդաշատ փողոցներից:
Զգուշացումների ցանկը բավական ընդարձակ է, որոնք բոլորը մտապահելու և ամեն պահի իրագործելու պարագայում հազիվ թե մասնագիտական պարտականութ յունները կատարելու ազատություն մնա:
Շարունակենք. ևս մի քանի նախազգուշացում.
AIPS-ը նաև կոչ է արել` հատկապես հանրային տրանսպորտում զգուշանալ գրպանահատներից և նախընտրել քաղաքում երթևեկել տաքսիներով: Ինտերնետային խարդախություններից զերծ մնալու համար` զգուշորեն օգտվել Wi-Fi-ի ցանցերից և մարզադաշտերում անգամ զգուշանալ գողերից, որովհետև հանցագործները ևս կարող են հավատարմագրված լինել...
Այսքան անմխիթա՞ր է Աշխարհի առաջնություն անցկացնող երկիրը: Այդ դեպքում ավելի ճիշտ չէ՞ր լինել ընտրել մեկ այլ` ապահով երկիր, որտեղ գոնե հասարակական կարգի պահպանությունն այսքան բարձիթողի չէր լինի: