ԻՍԿ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՌՈՒՄ Է


Մայիսի 5-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել էին 13 համայնքի այգիներն ու բանջարանոցները, գյուղացիները հայտնվել էին ծանր կացության մեջ` կորցնելով բերք ստանալու մոտ 50 տոկոսը: Չնայած կարկտահարություններին, որոշ գյուղացիական տնտեսություններ իրենց մեջ ուժ գտան ամեն ինչ սկսելու նորից, վերականգնելու վնասված այգիներն ու բանջարանոցները: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այդ ժամանակ խնդրանքով դիմեց ՀՀ նախագահին` աջակցելու գյուղացիներին, որպեսզի բանկերից վերցված վարկերի հանդեպ ձևավորվի նոր վերաբերմունք: Եվ մարզպետն ուրախությամբ տեղեկացրեց, որ ՀՀ նախագահն ընդառաջ է գնացել գյուղացիների խնդրանքին, միջնորդել, որպեսզի բանկերը կիրառեն նոր սկզբունքներ, մտնեն գյուղացիների ծանր դրության մեջ: Թվում էր, թե ամեն ինչ հարթվել էր, թե մարդիկ կարող էին ուրախանալ սպասվելիք բերքով: Սակայն հունիսի 6-ին տեղացած նոր կարկուտն այժմ արդեն անշրջելի վնաս հասցրեց 22 համայնքի` դրանցից տասներեքում ամեն ինչ ավերելով ու ոչնչացնելով: Կարկտահարության հետևանքով այլևս գյուղացիները չեն կարող բերք ստանալ, կատարել պատվիրատուների հետ կնքված պայմանագրային պարտավորությունները, վճարել բանկերից վերցված վարկերը: Իհարկե, վարչապետին նամակ է հղվել, որպեսզի, ուսումնասիրելով ստեղծված կացությունը, կառավարությունը, նոր միջնորդությամբ հանդես գա, բանկերի հետ կնքված պայմանագրերը վերանայել տա: Սակայն խնդիրը բնավ էլ կառավարության բարի կամքի արտահայտությունը չէ, ոչ էլ` մարզպետի իսկապես մտահոգ կեցվածքը: Մարզպետը կարող է հուսադրել մարդկանց, կառավարության անունից խոստումներ տալ, սակայն մարզպետը չի կարող լուծել այնպիսի խնդիրներ, որոնք պիտի առաջնային համարվեին Տարածքային կառավարման և Գյուղատնտեսության նախարարությունների համար: Առաջին հերթին` գյուղատնտեսության նախարարության, որը մեր երկրում վերածվել է բյուջետային միջոցները ծախսող ավելորդ մի կառույցի` այդպես էլ որևէ օգուտ չտալով գյուղին ու գյուղատնտեսությանը: Դեռ նախարար Ալավերդյան Գերասիմի պաշտոնավարման օրոք արմավիրցիները խնդիր էին դրել` ամեն ինչ անել, որպեսզի մարզի գյուղերում տեղակայվեն հակակարկտային կայանքներ: Գյուղնախարարն, իհարկե, հետևողական եղավ լոկ այն հարցում, որ չմոռացավ պաշտոնանկությունից հետո իր հետ տանել նախարարության հեռուստացույցը և հաշվել տարբեր խորհրդատվական ընկերությունների հետ մսխած գումարներից ստացած եկամուտները: Նրան գյուղն ու գյուղացին չէին հետաքրքրում: Եթե հետաքրքրեին էլ, միևնույն է, նա գյուղատնտեսությունից այնքան էր գլուխ հանում, որքան ես` տիեզերագնացությունից... Արդեն մի քանի տարի խոսվում է հակակարկտային կայանքների տեղակայման մասին, այն մասին, որ հարյուրավոր միլիոն դրամների վնասներ են կրում գյուղատն տեսությունն ու գյուղացիները, խաթարվում է երկրի պարենային ապահովվածության բալանսը, մթերող ձեռնարկությունները կանգնում են լուրջ խնդիրների առջև, գնաճը դառնում է անխուսափելի: Սակայն հատկապես Արարատյան հարթավայրում, որը գյուղատնտեսական արտադրության գլխավոր հենարանն է, այդպես էլ ջանք չեն գործադրում` լուծելու այս խնդիրը, աննպատակարմար ծախսվող ֆինանսական միջոցներն ուղղորդել այս կարևորագույն խնդրի լուծմանը: Վերջին մի քանի տարիներին միլիոնավոր դրամներ ու դոլարներ են ծախսվել տարբեր խորհրդատվությունների, իբր թե սերմնաբուծության նոր ծրագրերի իրականացման համար, իսկ ահա կայանքների համար գումարներ չեն գտնվել: Գոնե հիմա, կատարվածից հետո, Գյուղնախարարությունն ու Տարածքային կառավարման նախարարությունը պիտի հրատապորեն լուծեն այս խնդիրները` եթե դեմ չեն, որ ունենանք լուծված հիմնահարցեր: Եթե ուզում են, որ մարդիկ հավատան իրենց...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ