Ի՞ՆՉ ՍՑԵՆԱՐՆԵՐ ԵՆ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ


Որքան մոտենում է հունիսի 25-ը, այնքան հայ քաղաքական մտքի ներկայացուցիչները դառնում են անհհանգիստ` քննարկելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպման հնարավոր սցենարները: Ինչպես վերջերս հայտարարել էր ԵԱՀԿ մի պաշտոնյա, համանախագահող երկրներն այլևս չեն կարող հանդուրժել բանակցային գործընթացների ձգձգումները. հետևաբար նրանք վճռական են տրամադրված` Կազանում համապատասխան փաստաթուղթ ստորագրելու հարցում: Իսկ Կազանում, ամենայն հավանականությամբ, ցանկացած փաստաթուղթ հենվելու է Մադրիդյան սկզբունքների վրա, ինչը նշանակում է, որ փոխզիջումները լինելու են անխուսափելի, որ բավական բարդ իրավիճակ է ստեղծվելու երկու նախագահների համար էլ: Քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը, դեռ հունիսի 25-ից շատ առաջ, հայտարարում է, թե հնարավոր սցենարներից մեկն այն է, որ հանդիպումից շատ առաջ արդեն տարածաշրջան կմտցվեն խաղաղարար ուժեր, որոնք այս դեպքում շատ ավելի ուղղորդված կլինեն ադրբեջանական շահերի պաշտպանությանը: Ադրբեջանի շահերի պաշտպանության գերակայության խնդիրը առավել տեսանելի է դառնում, երբ ԱՄՆ նախագահ Օբաման ողջույնի հեռագիր է ուղարկում Բաքու` գրելով. «Ադրբեջանի մասնակցությունն այնպիսի նախագծերում, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, Հարավային միջանցքը և այլն, Ադրբեջանի միջազգային գործընկերներին բերել են կարևոր առևտրական, տնտեսական և ռազմավարական դիվիդենտ ներ... ԱՄՆ¬ը մեծ նշանակություն է տալիս էներգետիկ անվտանգությանը և այդ երթուղիների դիվերսիֆիկացմանը և բոլոր ջանքերը գործադրելու է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերակցությունը զարգացնելու համար, Կովկասում կայունության և առաջընթացի համար: Մենք նաև վստահ ենք, որ էներգետիկ նախագծերից ստացած եկամուտը կբարձրացնի նրա քաղաքացիների կենսամակարդակը»: Դիվանագիտական այս «սխալը» պատահական սպրդում չէ: Կազանի հանդիպումից առաջ Բաքվի կոնֆերանսին համանախագահող երկրներից մեկի ղեկավարի առաջարկությունը` խորացնել ռազմավարական գործընկերությունը, ոչ այլ ինչ է, եթե ոչ հստակ արտահայտված միտք այն մասին, որ ԱՄՆ-ը կանգնելու է Ադրբեջանի կողքին` սատարելով նրան: Միանգամայն պարզ է, որ Կազանում ճնշումների մեծ բաժինը հասնելու է նախագահ Սարգսյանին, քանի որ նման դեպքերում պետք չէ հույս դնել Ռուսաստանի վրա, որը վերջին շրջանում չափազանց ակտիվացրել է իր հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչի վառ ապացույցներից մեկն էլ Սոչիում Անդրանիկի արձանի ապամոնտա ժումն էր: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Եժի Կասպրչիկն էլ հայտարարում է, թե` ինչպես երբեք, հիմա չափազանց մոտ են Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Նա նկատի ունի այն, որ վերջին տասը տարիներին շատ բան չի արվել, մինչդեռ հիմա ստեղծվել են բոլոր բարենպաստ պայմանները: Կասպրչիկն իր հայտարարության մեջ նշել է, թե վերջին տասը տարիներին մերժվել են կողմերին արված բոլոր առաջարկները, այդ թվում` ԼՂ-ն լայն ինքնավարությամբ Ադրբեջանի կազմում թողնելու, Ղարաբաղն Ադրբեջանից անջատելու, ընդհանուր պետության, տարածքների փոխանակման առաջարկները: Ըստ Կասպրչիկի, առաջին հերթին հարկավոր է նվազեցնել պատերազմի վտանգը: Ուշագրավ են Կասպրչիկի դիտարկումները «ձեռքբերումների» մասին. «2004-ից մենք շարժվում ենք համաձայնագրի ընդհանուր շրջանակ մշակելու ուղղությամբ և այդ հարցում շատ բան է ձեռք բերվել: Փոխհամաձայնեցված առաջարկների մասին հրապարակավ հայտարարել են Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները: Դրանք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների ազատմանը` բացառությամբ Լաչինի միջանցքի, որը ԼՂ-ն կապում է Հայաստանին, փախստականների վերադարձը, վերադարձված տարածքներ, ինչպես նաև երաշխիքների տրամադրում այն երկրների կողմից, որոնք ի վիճակի են դրանք տրամադրել, այսինքն` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների կողմից: Այնուհետև, մինչև վերջնական համաձայնագրի ստորագրումը, որը կարող է տեղի ունենալ այդ տարածքում հանրաքվեի անցկացումից հետո, առկա է Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի հարցը: Հատուկ կարգավիճակը չի կարող էապես տարբերվել այն կարգավիճակից, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի այսօր: Այդ ժամանակ անհրաժեշտ կլինի միջանկյալ այդ կազմավորման միջազգային ճանաչումը: Շրջանակային համաձայնագրի ընդունումից հետո կսկսվեն քննարկումները դետալների շուրջ»: Այս դիտարկումները հուշում են, որ Կազանում առաջին հերթին ուշադրություն է դարձվելու անվտանգության ուժերի տեղակայմանը, ինչն իր հերթին նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղն, այնուհանդերձ, կհայտնվի որոշակի մեկուսացումների մեջ: Չի բացառվում, որ խաղաղարար կոչված ուժերը հաստատեն իրենց օրենքները, առաջնային դարձնեն անցագրային ռեժիմը, դիմեն որոշակի արգելափակումների: Իհարկե, հազիվ թե նախագահ Սարգսյանը համաձայնի իր ստորագրությունը դնել մի փաստաթղթի տակ, որը նվազեցնելու է Ղարաբաղի անկախությունը, ի դերև է հանելու արցախցիների հույսերը և վտանգելու է այն իրական ձեռքբերումները, որոնց հասել է Ղարաբաղը: Այստեղ ուշադրություն դարձնենք մի խնդրի. Կասպրչիկը նշում է, որ առաջարկներից մեկը` Ղարաբաղն Ադրբեջանից անջատելու մասին, նույնպես մերժվել է: Նա չի խոսում ազգերի ինքնորոշման դրույթի մասին, ինչը սկզբունքներից մեկն է և ինչի մասին ոչ մեկ անգամ հայտարարել են թե´ համանախագահողները, թե´ տարբեր դիվանագիտական աղբյուրներ: Կարելի՞ է ենթադրել, որ խոսելով հանրաքվեի մասին և ներկայացնելով միջանկյալ կարգավիճակի հարցը, Կասպրչիկը նկատի ունի հենց ինքնորոշման իրավունքը: Գուցե, սակայն նա չի մոռանում նշել, որ Ադրբեջանն առաջ է քաշում իր Սահմանադրությամբ հանրաքվե անցկացնելու հարցը, ինչը կնշանակի Ղարաբաղի վերջնական ստրկացում: Չի բացառվում, որ «օրինապաշտ» Նահանգները պաշտպանի հենց այդ դրույթը, գուցե Ռուսաստանն էլ հենվի այս «օրինականության» վրա... Իհարկե, սրանք առայժմ ենթադրություններ են, սակայն ցանկացած քաղաքական ենթադրություն ունի իր ենթահողը և հավանականությունը: Մանավանդ մեր օրերում, երբ անընդհատ խոսվում է Բաքվի էներգետիկ ռեսուրսների մասին` մոռացության մատնելով այն հանգամանքը, որ այդ երկիրն արդեն քսան տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանը, որ Ադրբեջանը գործել է մարդկության մեծագույն հանցագործություններից մեկը` պատերազմ սկսելով իր պաշտոնական տարածքում գտնվող ինքնավար ազգային կազմավորման դեմ: Անտեսելով այս փաստը, այսօր խոսում են միջազգային խաղաղարարների տեղակայման մասին` այդպես էլ չմանրամասնելով, թե ինչ գործառույթներ են իրակացնելու խաղաղարարները, ինչ շահեր են պաշտպանելու: Վերլուծաբանները չեն բացառում, որ Կազանում կարող է և ոչ մի համաձայնագիր էլ չստորագրվի, որ հերթական անգամ նախագահները բաժանվեն` մշուշոտ թողնելով ցանկացած խնդիր: Կամ էլ կարող են բոլորը սևեռվել վերջերս եռյակի արած դովիլյան հայտարարությանը, որի գերխնդիրն էր պայքար հայտարարել պատերազմի սպառնալիքին: Սակայն այդ հայտարարությունը իրավական հետևանք չունեցավ, որովհետև դրան չհաջորդեցին իրավական որոշումներ և մոտեցումներ, որոնք պարտավոր էր ապահովել Եվրախորհուրդն իր խորհրդարանով... Ուրեմն, սպասվում են հարցականներով լի քննարկումներ և այնպիսի սցենարներ, որոնք կարող են նաև անկանխատեսելի լինել...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ