1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Հայկական սուպերմարկետների առավելությունների ու թերությունների մասին թվում է, թե ամեն ինչ ասվել է: Դրանց թիվն, իրենց մասնաճյուղերով հանդերձ, շուրջ հինգ տասնյակի է հասնում, և արդյունքում մոտ 50 խանութների հաջողվել է կենտրոնացնել մանրածախ առևտրի ուղիղ կեսը: Թերևս խոսուն թիվ է ու նաև վկայությունն այն իրողության, որ նման ցանցերը բավական արագ և հիմնավոր կերպով կայացել են: Ավելին, նրանց հետագա ընդլայնումը նույնպես անխուսափելի կարելի է համարել: Բարգավաճող այս բիզնեսն արդեն տևական ժամանակ խաղի իր կանոններն է թելադրում, որոնք միշտ չէ, որ սպառողների օգտին են լինում: Այսպես, շուկայում գերիշխող դիրք ունեցող խանութների ցանցերը հաճախ տարօրինակ գնապիտակներով են գնորդներին ներկայանում: Թերևս բոլորը կվկայեն, որ գները մեծամասամբ 9¬ով են ավարտվում, ինչը նշանակում է, որ հաճախորդը, դիցուք 349 դրամանոց ապրանքներ ձեռք բերելիս 1 դրամ է կորցնում: Կթվա, թե մանրուք է, բայց եթե հաշվի առնենք, որ սուպերմարկետներն ամեն վայրկյան միջին հաշվով 5-6 նման ապրանք են վաճառում, ապա նշված թիվն օրվա րոպեներով բազմապատկելիս` ոչ հօգուտ աստղաբաշխական թիվ կստացվի: Եվ, իհարկե` շատ ապրանքների գներ էլ 5¬ով են վերջանում, ինչը նշանակում է, որ կա´մ գնորդը դրանից 2 հատ պետք է ձեռք բերի, կա´մ էլ այս դեպքում արդեն 5 դրամ կորցնի: Ի վերջո, ամենացածր դրամանիշը մեզանում 10 դրամն է: Դե, հայ գնորդն էլ ըմբռնումով իր 5 դրամը չի պահանջելու: Ուրեմն աճպարարությունն ուրիշ ո՞նց է լինում: Ասում են, թե նման շորթումների շնորհիվ խանութատերերին հաջողվում է ամբողջովին լուծել շուրջօրյա աշխատող վաճառողների աշխատավարձի խնդիրը: Իսկ եթե հաշվենք, որ այսպես կոչված զեղչի քարտերը գործի դնելով` կարելի է մխիթարվել, թե դրա ինչ¬որ չնչին տոկոսից հետո կօգտվես, դարձյալ խաբեություն է: Զեղչի քարտ ունենալու համար մեծ գնումներ պետք է կատարես, հետո ինչ¬որ խղճուկ տոկոսներ ակնկալես: Ճարպիկ սուպերմարկետատերերը որպես ՓՈԽշահավետ առևտուր են ներկայացնում այն, ինչը ՓՈՂշահավետ է միայն իրենց համար: