ՆՐԱ ՀՄԱՅՔԸ ՇԱՏԵՐԻՆ Է ԳԵՐԵԼ


Հունիսի 13-ին իր ծննդյան 70-ամյակն է նշում հայ թատրոնի և կինոյի ամենահմայիչ դերասանուհիներից մեկը` ՀՀ վաստակավոր արտիստուհի, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Էվելինա ՇԱՀԻՐՅԱՆԸ: Իհարկե, դժվար է հավատալ, որ դերասանուհին 70 տարեկան է, անգամ աննրբանկատ է նրա տարիքի մասին խոսելը, սակայն տարիքը նրա ապրած օրերի հանրագումարն է` նրա հաջողության գաղտնիքներից մեկը: - Չկենտրոնանանք տարիքի վրա, այլ խոսենք Ձեր ստեղծագործական ընթացքի մասին: Ինչի՞ց սկսվեց ձեր մուտքը թատրոն: - Ծնվել եմ Լենինական-Գյումրիում, 1941 թվականի հունիսի 13-ին: Իմ ծննդից մի քանի օր անց սկսվեց Հայրենական պատերազմը: Ես, իհարկե, շատ բան չեմ հիշում, որովհետև երբ հինգ տարեկան էի` պատերազմն ավարտվեց, ու ես հետպատերազմյան դժվարությունների միջով անցա: Մանկուց երազում էի դերասանուհի դառնալ և դպրոցն ավարտելուց հետո ուզում էի անպայման թատերական կրթություն ստանալ: Սակայն իմ կյանքում շատ բան այլ կերպ դասավորվեց: Ամուսնացա, ընտանիք կազմեցի, բայց ինձ երբեք չլքեց դերասան լինելու երազանքը: Ընդունվեցի «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիա, որից հետո դարձա նորաբաց Դրամատիկական թատրոնի դերասանուհի: Թող չթվա, թե ամեն ինչ հեշտ էր, թե իմ առջև լայնորեն բացված էին բոլոր դռները: Դժվարություններ շատ եղան, ինքնահաս տատման տառապանքն ինձ էլ հյուրընկալեց: Բայց, փառք Աստծո, ճակատագիրը նաև բարեհաճ գտնվեց իմ հանդեպ: - Թե´ թատրոնում, թե´ հեռուստատեսությամբ Ձեր առաջին քայլերը ոչ միայն հուսադրող էին, այլև մեծ ճանաչում և հաջողություն բերեցին : Ուրեմն, երջանիկ ճակատագիրն էր ուղեկցում Ձեզ: - Իմ բախտն իսկապես բերեց: Թատրոնում իմ առաջին դերերից մեկը եղավ Եվան` Ի. Շտոկի «Աստվածային կատակերգություն» բեմադրության մեջ: Ես խաղում էի մարդկության առաջին կնոջ դերը, պատկերում այն պահը, երբ տրվելով գայթակղությանը` Եվան վայելեց արգելված պտուղը: Պիեսը կատակերգություն էր, գրված թեթև ու անբռնազբոս: Դա հնարավորություն էր տալիս խաղալ առանց կաշկանդումների: Հաճելի էր նաև աշխատանքը Հրաչյա Ղափլանյանի նման մեծության հետ: Առհասարակ, բեմադրությունն աչքի էր ընկնում երիտասարդական խանդավառությամբ, ներշնչանքով: Սա նորաբաց թատրոնի առաջին բեմադրություններից մեկն էր, որը ցուցադրվեց նաև Գյումրիում, Վանաձորում: Ամենուրեք ինձ շրջապատում էին հանդիսատեսները, շնորհավորում: Իսկ հեռուստատեսությունում ես իսկապես միանգամից ճանաչվեցի ու սիրվեցի: Բեմադրիչ Ռեմ Սարգսյանն ինձ հրավիրեց` «Երբ սոխակներն են երգում» բեմադրության մեջ խաղալու Ինգայի դերը: Ես խաղում էի սիրահարված մի աղջկա, ով արհամարհում էր պատերազմը, առաջ էր մղում իր սիրո խնդիրը: Ինգան դարձավ այն տարիներին ամենասիրված հերոսուհիներից մեկը: Փողոցում ճանաչում էին ինձ, առանձնակի գորովանքով նայում: - Թե´ թատրոնում, թե´ կինոյում այնքան էլ շատ չեն Ձեր խաղացած դերերը, սակայն դրանք տպավորիչ են եղել, ճանաչվել են, հիշվել: Չե՞ք նեղվել, որ չեք խաղացել այն դերերը, որոնք սովորաբար երազում են դերասանուհիները: - Թատրոնը կոլեկտիվ արվեստ է, ամեն ինչ բխում է խաղացանկային հետաքրքրություններից, այն գեղարվեստական ծրագրից, որը հաստատում է տվյալ թատրոնը: Այդ առումով, իհարկե, անսամբլային թատրոններում միշտ էլ դերասաններն ունենում են ստեղծագործական անբավարարվածություն, չեն խաղում այն դերերը, որոնց մասին երազում են... Կորուստները, բնականաբար, շատ են լինում: Սակայն մխիթարվում ես նաև այն գիտակցմամբ, որ դու մաս ես կազմում ցանկացած բեմական ստեղծագոր ծության: Հիմա արդեն իմաստ չունի խոսել այն կերպարների մասին, որոնց մասին ես մտածել եմ, երազել: Դրանք արդեն անդարձ հեռացել են ինձանից: Ես խոսում եմ իմ կատարած դերերի մասին, արդեն հեռվից` փորձում եմ գնահատել: Բայց նաև մտածում եմ առաջիկայի մասին: Միայն հետադարձ հայացքով ապրող մարդիկ կտրվում են իրականությունից: Ես իրականության մեջ եմ: - Իսկ եղե՞լ են դերեր, որոնք համընկել են Ձեր երազանքների հետ: - Իհարկե, եղել են: Գերտրուդը` «Համլետում»: Ես իսկապես երազում էի այդ հերոսուհուն կերպավորելու մասին, ունեի իմ պատկերացումները, իմ մոտեցումները: -Դուք իսկապես մեր թատրոնի և կինոյի ամենահմայիչ դերասանուհիներից մեկն եք: Ի՞նչ է պետք դերասանուհուն. միայն հմայքը բավակա՞ն է` հաջողության հասնելու համար: - Հմայքն առհասարակ կնոջ զենքն է, նրա ինքնատիպ այցեքարտը: Առանց հմայքի կին երևի գոյություն չունի: Դերասանուհու համար էլ հմայքը չափազանց կարևոր է, սակայն այդ հմայքի կողքին պետք է լինի շնորհ, այն աստվածատուրը, առանց որի անհնար է արվեստում հաջողության հասնել: Ոմանք երբեմն հույսը դնում են իրենց հմայքի վրա և ոչինչ չեն անում: Բայց գալիս է մի տարիք, երբ արդեն անհնար է լինում հանդիսատեսին «խաբել» հմայքով... - Դերասանուհի է Ձեր դուստրը, դերասանական կրթություն ունի նաև ձեր թոռնիկը: Գո՞հ եք, որ ձևավորել եք այսպես ասած դերասանական գերդաստան: - Ոչ թե գոհ, այլ շատ ուրախ եմ, որ աղջիկս նույնպես դերասանուհի է և արդեն իր հաջողություններն է գրանցում: Թոռնիկս` Արմանը, նույնպես ունի դերասանական կրթություն, սակայն նա թատրոնում չէ, չնայած հեռու չէ արվեստից: Դեռ վաղ է խոսել դերասանական գերդաստանի մասին: Առայժմ պարզապես դերասանուհիներ ենք մայր և դուստր: Եթե հետագայում իմ շառավիղներն էլ դերասան դառնան, նոր միայն հնարավոր կլինի խոսել գերդաստանի մասին: Իսկ առհասարակ հաճելի է, երբ տեսնում եմ դստերս բեմում, ուրախանում նրա ձեռքբերումներով: - Դուք Ձեզ երջանիկ կին համարու՞մ եք: - Ես ինձ երջանիկ մայր եմ համարում, երջանիկ դերասանուհի, որովհետև աշխատում եմ շատ լավ թատրոնում, որն ունի ամենաբարձր արհեստավարժ հատկանիշները: Ունեմ հրաշալի բեմընկերներ, որոնցից մի մասի հետ մենք ստեղծեցինք Երևանի դրամատիկական թատրոնը: Հիմա իհարկե շատ քչերս ենք մնացել առաջին սերնդի դրամատիկականցիներից, սակայն երջանիկ եմ, որ հրաշալի երիտասարդություն է գալիս թատրոն, իսկ բոլորիս առաջնորդում է Արմեն Խանդիկյանը: - Ինգայի դերակատարմանն առաջինն անդրադարձել է «Ավանգարդ» թերթը: Երևի կհիշեք: Հիմա ի՞նչ կուզենայիք ասել մեր ընթերցողներին: - «Ավանգարդը» միշտ եղել է ժամանակի զարկերակը զգացող թերթ, ամենաակտիվ բանավեճերը բացող թերթ: Մենք շտապում էինք ձեռք բերել թերթի համարները, որպեսզի կարդայինք, ուրախանայինք, մտորեինք: Ինչպես շատ թերթեր, «Ավանգարդն» էլ կորցրեց իր տպաքանակի մի զգալի մասը: Բայց ուրախ եմ, որ թերթը շարունա կում է լույս տեսնել, ունի իր ընթերցողները: Ուզում եմ, որ «Ավանգարդի» ընթերցողները մեզանից օրինակ վերցնեն և հավատարիմ լինեն թերթին: Ոչ մի հեռուստատեսութ յուն չի կարող տալ այն, ինչը տալիս է թերթը: Մեր թերթի ընթերցողների անունից ընդունեք շնորհավորանքներ` Ձեր ծննդյան օրվա առթիվ: Միշտ եղեք այդպես հմայիչ ու երիտասարդ:

Զրուցեց Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆԸ