Քադաֆին նախընտրել է նահատակությունը


Լիբիայում իսկապես անկանխատեսելի դարձած իրավիճակն ամենահմուտ քաղաքագետներին անգամ կաշկանդում է` ենթադրություններ հրապարակել: Ամեն օրն ու ժամը ոչ միայն նոր զարգացումներով, այլև կտրուկ շրջադարձերով են հագեցած: Մինչ հրապարակումը, այս տեղեկատվությունը կարող է և իր տրամաբանական վախճանին հասած լինել: Բայց այդ պարագայում անգամ` սա լիբիական պայքարի նոր շարունակության կամ հենց վախճանի սկիզբը կարելի է համարել: Շնորհազրկված գնդապետ Մուամմար Քադաֆին երկու օր առաջ իր կողմնակիցներին կոչ է արել իր մոտ` պալատ գալ` անտեսելով ՆԱՏՕ¬ի օդուժի անողոք ռմբահարումները: - Մենք չենք հանձնվում: Մենք ողջունո´ւմ ենք մահը: Նահատակությունը շատ ավելի լավ է խայտառակությունից,¬ ասել է Քադաֆին` ազգին ուղղված իր վերջին ուղերձում, որը հեռարձակվել է պետական հեռուստաալիքով: Այդ օրը` հունիսի 8¬ին, տեղի ունեցած ռմբահարումն ամենադաժանն ու ամենաարյունալին է եղել` հակամարտության ողջ ընթացքում. այս մասին պատմել են Տրիպոլիում աշխատող լրագրողները: Կոալիցիոն օդուժի թիրախն այդօր եղել է գնդապետի ապաստանը: Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ պալատի վրա ընկած ռումբը սպանել էր Քադաֆիի կրտսեր որդուն ու մի քանի թոռներին: Երեքշաբթի օրը` հունիսի 7¬ին, ԱՄՆ¬ի նախագահը (ում դեռևս գարնանը լիբիացի առաջնորդը վերաբերվում էր` ինչպես հարազատ որդուն) Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համաձայնագիր է ստորագրել, համաձայն որի` եվրոպական զորքերը չեն դադարեցնելու ռմբակոծումները` քանի դեռ Քադաֆին վայր չի դնի իր լիազորությունները: