ՔԱՂԱՔԱԿԱՆ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ


Երևանի ավագանու ընտրությունները մեզանում գոյություն ունեցող ընտրական ավանդույթները չխախտեցին. մասնակիցների յոթնյակը, բացառությամբ առաջին-երկրորդ տեղերն զբաղեցրած ների, դժգոհ են: Հանրապետականին, իհարկե, չի գոհացնում ոչ թե իրենց տրված վստահության քվեի մեծ բաժինը, այլ` ընտրական գործընթացում թույլ տրված օրինախախտումները: Եվ դա օրինաչափ է, քանզի որպես իշխող քաղուժ, նրանք սոսկ սեփական հաջողությամբ չեն կարող բավարարվել: Թեպետ «Բարգավաճ Հայաստանը» առայժմ ավելի շատ նախընտրում է լռել, բայց լռությունն անշուշտ ԲՀԿ-ին չի «փրկում» առնվազն լրատվամիջոցների ու մրցակից քաղուժերի ուշադրության կենտրոնում մնալուց: Եվ ընդհանրապես, եթե նախընտրական շրջանում փորձ էր արվում նշված քաղաքական ուժի հաջողությունը բեկել հարցախույզների աջակցությամբ, ապա ներկայում արդեն փաստագրված արդյունքը ուղղակիորեն է հայտնվել Բարգավաճի առանձին մրցակիցների հետաքրքրասիրության կենտրոնում: Այն, որ հաջողության դեպքում մայրաքաղաքի մի քանի համայնքապետեր անխուսափելիորեն Գագիկ Ծառուկյանի կուսակցությունն էին ներկայացնելու, կանխատեսելի լինելուց ավելի պարզ էր դեռևս քարոզչության շրջանում: Եվ եթե քվեարկության հաջորդ օրն իսկ հայտնի դառնային ԲՀԿ-ին տրվելիք համայնքներն ու նշանակվելիք համայնքապետերի անունները, նույն շրջանակները նույն համոզվածությամբ հիմա էլ առաջ էին քաշելու ինչ-ինչ նախընտրական պայմանավորվածությունների, ամեն ինչ ժամանակից շուտ պլանավորած լինելու մասին «թեզը»: Մինչդեռ գոնե հիմա կարելի է կարծել, թե Բարգավաճի գնահատականները կհնչեն միայն ամեն ինչ վերջնական տեսքի բերելուց հետո: Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա տպավորությունն այնպիսին է, թե անգամ առաջին հորիզոնականը զբաղեցնելու դեպքում այստեղ շարունակելու էին սովորականի պես դժգոհել: Ավելին, եթե Կոնգրեսը նույնիսկ քվեների 80 տոկոսը վաստակեր, այս պարագայում էլ հրեշավոր ընտրակեղծիքների արդյունքում կորսված մի տասը տոկոսի մասին էին խոսելու: Այսօր արդեն 17,41 տոկոսն ըստ ամենայնի ՀԱԿ միավորման վերջի սկիզբն է դառնալու… Այն փաստելու է, որ 17 կուսակցության «գլուխ նույն կաթսայում չի կարող եփվել»: Իր հերթին «Ժառանգության» հարձակողական կեցվածքը և լրջացող մյուս խմորումները, երկրորդ խոշոր պարտությունն արձանագրած այս միավորին ոտքի կանգնելու հնարավորություն թերևս այդպես էլ չընձեռեն: Կոնգրեսում և նրա շուրջ իրադարձություններն այնպես են զարգանում, ինչպես վատ երազում: Դեռ անցյալ ամիս` գարնանային պայծառ մի օր, Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունից հայտնեցին, թե իրենց կուսակիցը Մալաթիա թաղամասի ընտրական հանձնաժողովների «Ժառանգությանը» հատկացված տեղերը վաճառել է… Իսկ հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որը ժառանգականները ուղիղ իրենց պաշտպանած Կոնգրեսի դեմ են ուղղում: Մինչդեռ այն, ինչ տեղի է ունեցել այս համայնքում, ոչ այնքան սրան ու նրան մատուցված արջի ծառայություն է, որքան արջավարի բռի պահվածք, աչքաչափով կազմակերպված գործընթաց, ինչը «Ժառանգությանը» քիչ է հետաքրքրում: Հետևաբար` օրինաչափ է, երբ կատարվածից գլուխ չեն կարողանում հանել ոչ միայն այս օրերին քվեապարկերը տնտղող հանձնաժողովականները, այլ եղածն էլ` չեղածն էլ գտնելուն կոչված դատախազությունը: Այստեղ գործում է «Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» «սկզբունքը», կամ էլ նման մի բան… Մի տեղ երկու ձայն են շահում, մյուս տեղում` կորցնում: Եվ սա վերաբերում է բոլորին, այդ թվում նաև նույն Դաշնակցությանը, որն էլ իր հերթին չի ընդունում ընտրությունների արդյունքները և հայտնի հայտարարությունից հետո խռովածի անփոփոխ կեցվածքով խոսելու ցանկություն առանձանապես չունի: «Օրինաց երկիրն» էլ վարվում է այնպես, ինչպես միայն «Օրինաց երկիրը» կարող է վարվել. նախ բողոքեց, հետո դիմումները հետ վերցրեց: Ձեռագիրն այս որքան էլ յուրօրինակ լինի` իր անընթեռնելիությամբ հիշեցնում է մեկ էլ «Ժառանգության» պահվածքը: Սրանք էլ սատարեցին Կոնգրեսին, հանձնաժողովի տեղերը պահպանել չկարողացան, ՀԱԿ-ի ձեռքբերումից էլ դժգոհ են: Ժողովրդական կուսակցության ղեկավարի կեցվածքն անհամեմատ հստակ է. ինչպես բոլոր ընտրություններից հետո, Կարապետիչը դժգոհ է ու անտրամադիր: Իսկ ՀԱՍԿ-ը` ընտրական յոթնյակի հետնապահը, իր ասելով հիմնական (՞) խնդիրը լուծել է` ճանաչելի է դարձել: Բայց ինչպե՞ս… Անցել է «միաձայն»` ամեն ընտրատեղամասում մեկական քվե ստանալով: Եթե այս էր նրանց գերխնդիրը, ուրեմն «այս մասով» ասելիք թերևս էլ չկա: Բայց խնդիրն էլ հենց այս ամենն «ուրիշի հաշվին» կամ ավելի ճիշտ ընտրական բերքահավաքն ու առանձին դեպքերում քաղաքական ցրտահարության հետևանքները սեփական բոստանում փնտրելն է, ինչն էլ ակնհայտորեն չի հաջողվում «ցրտահարությունից» տուժած քաղաքական ուժերին: