Թուրքիան կարող է օգնե՞լ


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կանխատեսումները, թե Ս. Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող էր շրջադարձային լինել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, չիրականացան: Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում 2,5 ժամ տևած Սարգսյան-Ալիև բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հայտարարեցին, որ ոչ մի բեկում տեղի չի ունեցել, և կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցային գործընթացը: Նկատենք, որ միջնորդներն ընդհանրապես հակամարտող կողմերի գրեթե բոլոր հանդիպումներից հետո հուսադրող հայտարարություններով են հանդես եկել` թե կողմերի դիրքորոշումները շատ հարցերում համընկնում են, և հակամարտությունը ուր որ է` կլուծվի: Մինսկի խմբի համանախագահների լավատեսությանը, թերևս, նպաստել է մայնդորֆյան հռչակագրի 5-րդ կետում ամրագրված այն դրույթը, ըստ որի կողմերը պարտավորվում են նպաստել երկու երկրների միջև հանդուրժողականության և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը: Հռչակագիրը` հռչակագիր, սակայն այլ է իրականությունը. պաշտոնական Բաքուն հավատարիմ է մնացել ռազմաշունչ հայտարարություններ անելու իր հիվանդագին սովորույթին: Ի դեպ, այն, որ Ս. Պետերբուրգում բեկում չարձանագրվեց, անսպասելի չէր: Հանդիպումից ոչ շատ առաջ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հայտարարել էր, թե Ռոբերտ Քոչարյանի ղեկավարութ յամբ Հայաստանի վարչախմբի հետ հաջողվել էր հակամարտության կարգավորման գործում դրական որոշակի տեղաշաժերի հասնել, իսկ Սերժ Սարգսյանի օրոք որևէ առաջընթաց արձանագրված չէ: Իրականությունն այն է, որ Հայաստանի երկրորդ նախագահի որդեգրած կոշտ ու անզիջում քաղաքականությունը հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանին հնարավորություն էր ընձեռում ավելի «խաղաղասեր» և, որ ամենակարևորն է` տարածքներ կորցրած տուժողի դիմակով միջազգային հանրությանը ներկայանալու համար: Իսկ Հայաստանի նոր նախագահի` Սերժ Սարգսյանի օրոք արտաքին քաղաքականությունը էապես փոխվել է: Այսօր Հայաստանը պատրաստակամություն է հայտնում նախ քննարկել ցանկացած հարց. նա պատրաստակամ է բոլոր հարևանների հետ իրականում բարի-դրացիական հարաբերություններ հաստատել և այդ ուղղությամբ գործնական քայլեր է նախաձեռնում: Այս ամենն իհարկե միջազգային հանրության շրջանակներում բարձրացնում է Հայաստանի վարկանիշը, ինչը ձեռնտու չէ Ադրբեջանին: Հենց այս պատճառով էլ Մամեդյարովը հայտարարում է, թե Քոչարյանի հետ լեզու գտնելն իբր ավելի հեշտ էր, քան հիմա Սարգսյանի հետ: Բաքվում հիսթերիա էր սկսվել, երբ Հայաստանն ու Թուրքիան ստորագրել էին «Ճանապարհային քարտեզը»: Ադրբեջանում հասկացել էին, որ չնայած Անկարայի պնդումներին, թե առանց ղարաբաղյան հակամարտությունը լուծելու հայ-թուրքական սահմանը չի բացվի, այսօր Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ավելի է կարևորվում, քան Ղարաբաղի հարցը: Ռուս-վրացական հնգօրյա պատերազմը ցույց տվեց, որ տնտեսական, ճանապարհային առումով Վրաստանը հուսալի գործընկեր չի կարող լինել Թուրքիայի համար: Այսօր էլ Ռուսաստանն աշխատում է տարածաշրջանային գործընթացներից դուրս մղել վրացական գործոնը: Ռուսաստանի հետ Թուրքիայի առևտրային շրջանառությունը գնալով աճում է: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է նաև ԱՄՆ-ի և Եվրամիության շահերից: Թուրքիայով դեպի Եվրոպա արևելյան էներգակիրների, մասնավորապես, գազատարի ամենաէժան ճանապարհը կարող է անցնել Հայաստանի տարածքով: Այս ամենը հաշվի առնելով, բացառված չէ, որ մի օր պաշտոնական Անկարան շատ լրջորեն բացատրի իր կրտսեր եղբորը, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն իր համար առավել առաջնային է, քան Ղարաբաղի հարցը: Այսպիսով, ստացվում է, որ գլոբալ առումով, հայ-թուրքական` առայժմ առաջին քայլերն անող երկխոսությունը կարող է նաև նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, եթե իհարկե Հաաստանին հաջողվի շրջանցել այդ ճանապարհին թաքնված մարտահրավերները:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ