Օբաման ձեռք է մեկնում Արևելքին


Անցյալ շաբաթ Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեից սկսվեց Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի տարածաշրջանային այցը Մերձավոր Արևելք: Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հետ բանակցություններից հետո երկու նախագահները հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով: Աշխարհի բառացիորեն բոլոր առաջատար հեռուստա կայանները ուղիղ հեռարձակմամբ եթեր էին տալիս այդ ասուլիսը, որը, մասնագետների հաշվումներով, դիտեց առնվազն մեկևկես միլիարդ մարդ: Հեռուստաէկրաններին էր գամված մանավանդ իսլամադավան աշխարհի բնակչության ուշադրությունը, և հարկ է նկատել, որ Բարաք Օբաման հուսախաբ չարեց իր ունկնդիրներին: Նա հաշտության, փոխհամաձայնության, համագործակցության ու միմյանց արժեքները հարգելու կոչ ուղղեց ամբողջ իսլամադավան (և ոչ միայն իսլամադավան) աշխարհին: Օբաման, ոչ առանց ետին մտքի, նախ շեշտեց, որ իր լրիվ անունը Բարաք Հուսեյին Օբամա է, դրանով, ասես, հասկանալ տալով, որ ինքն արմատներով իսլամական աշխարհին ամենևին էլ խորթ անձ չէ, որ իր հայրը իսլամական Արևելքում լայնորեն տարածված անուն է կրում: Ակնարկը շատ թափանցիկ էր և առաջացրեց լսարանի բուռն ծափահարությունները: Օբաման լսարանի համակրանքը շահեց նաև իսլամի էության ու նրա սուրբ գրքի` Ղուրանի հիանալի իմացությամբ: Նրա խոսքին հատուկ էր խորին հարգանքը համաշխարհային կրոնների, մասնավորապես քրիստոնեության ու իսլամի քարոզած գաղափարների նկատմամբ, լի էր Աստվածաշնչից ու Ղուրանից կատարված առատ մեջբերումներով: Օբաման շեշտեց, թե համաշխարհային կրոնները և նրանց սուրբ գրքերը` Աստվածաշունչը, Ղուրանը և Թորան չեն քարոզում այլատյացություն, կրոնական անհանդուրժողականություն, չեն արդարացնում այլադավանների ոչնչացումը, անմեղ մարդկանց սպանությունները: - Սուրբ Ղուրանը մեզ սովորեցնում է,-ընդգծեց Միացյալ Նահանգների նախագահը,-որ մենք պետք է պայքարենք թշնամիների դեմ, բայց չսպանենք խաղաղ մարդկանց: Իսլամը թշնամիների դեմ պայքարի միջոց չէ, այլ խաղաղություն և ժողովուրդների միջև լավ հարաբերություններ հաստատելու միջոց է: Օբաման անընդունելի համարեց, որ իսլամադավան երկրներում Միացյալ Նահանգները ներկայացվում է որպես կայսրություն, սատանայի գործակից, որը «ճնշում է այլ երկրներին»: -Մենք ինքներս ենք պայքարել մեզ ճնշել փորձող կայսրության դեմ,-շեշտեց Օբաման,- և չենք ցանկանում աշխարհը տեսնել առանց իսլամի: Սակայն մենք պատրաստ ենք դիմակայել անմեղ մարդկանց դեմ իրականացվող բռնություններին և նրանց սպանություններին…: -Որպես նախագահ` Միացյալ Նահանգների խաղաղ բնակիչներին պաշտպանելն իմ առաջին պարտականությունն է,-շարունակեց աշխարհի ամենահզոր երկրի ղեկավարը,-Վաշինգտոնն ամենևին չի ցանկանում իր զորքերը պահել Աֆղանստանում և կորցնել իր երիտասարդ զինվորներին: Մենք մեծ հաճույքով մեր տղաներին հետ կբերենք տուն, եթե համոզված լինենք, որ այլևս ոչ ոք չի ցանկանում սպանել ամերիկացիներին: Այս կերպ Օբաման աֆղանական պատերազմի մեղքը բարդեց Աֆղանստանի թալիբների վրա, ովքեր ծայրահեղ իսլամիզմը դարձրել են իրենց դրոշը և ձգտում են իսլամի համաշխարհային տիրապետության: Ցանկության դեպքում, ինչ խոսք, կարելի է բուն Միացյալ Նահանգների հեռու և մոտ անցյալի բազմաթիվ օրինակներ մատնանշելով, ցույց տալ, որ Վաշինգտոնի իրարահաջորդ կառավարողները ամենևին էլ միշտ չէ, որ այդ կարգի լայնախոհություն, հանդուրժողականություն և իրատեսություն են հանդես բերել այլ քաղաքակրթությունների պատկանող ժողովուրդների ու պետությունների հետ իրենց հարաբերություններում: Վաշինգտոնին միշտ հատուկ է եղել իր արժեքները, ազատության ու ժողովրդավարության իր պատկերացումները մնացյալ աշխարհին բռնի պարտադրելու կործանարար վարքագիծը: Բարաք Օբաման Միացյալ Նահանգների առաջին նախագահն է, որ գտնում է, որ իրենք «մնացյալ աշխարհին իրենց արժեքները պարտադրելու բարոյական իրավունքը չունեն»: Այդ մասին նա ասել էր դեռ մինչև իր այցը Կահիրե: Իսկ այնտեղ էլ բացահայտ ակնարկներ արեց, որ ինքը Մերձավոր Արևելքում տասնամյակներով պահպանվող լարվածության թուլացման գլխավոր միջոցը համարում է սեփական ինքնիշխան պետությունն ունենալու Պաղեստինի արաբ ժողովրդի իրավունքը հարգելը, պաղեստինյան անկախության հռչակումը չխոչընդոտելը: Իսկ խոչընդոտողն, իհարկե, եղել է Իսրայելը` Միացյալ Նահանգների մերձավորարևելյան ամենամեծ դաշնակիցը: Օբաման իր դաշնակցի բոստանը բացահայտորեն քարեր չնետեց, սակայն աներկմիտ հասկանալ տվեց, որ Պաղեստինի ապագա անկախ պետության մեջ իրենց քաղաքական դերակատարությունը պետք է ունենան Պաղեստինի անխտիր բոլոր քաղաքական ուժերն ու հոսանքները, այդ թվում` «Հզբոլլահը», որի անունը մինչև այժմ լսել չէին ուզում ո°չ Միացյալ Նահանգները, ո°չ Իսրայելը, նրան համարելով ահաբեկչական կազմակերպություն: Ավելին, մեղադրում էին Իրանի Իսլամական Հանրապետությանը, որ նա հովանավորում է «Հզբոլլահին»: Միացյալ Նահանգների նախագահի այս իրատեսական դիրքորոշումը, անկասկած, դրական արձագանք կգտնի ամբողջ իսլամադավան աշխարհում: «Հզբոլլահին» որպես քաղաքական գործընկեր դիտելու Օբամայի պատրաստակամությունը կարող է խիստ դրականորեն ազդել նաև Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերությունների բարելավման վրա: Իսկ այդ բարելավումը իր հերթին կբերի լարվածության թուլացում ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Եվրոպա-Իրան հարաբերություններում: Այդ դեպքում շատերն այլևս խորթ աչքով կամ կասկածանքով չեն նայի նաև Հայաստանի ու Իրանի բարեկամական հարաբերություններին, ինչը մեր դեմ իր քաղաքական պայքարում հաճախ շահարկում է հարևան Ադրբեջանը:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ