Հրաժարումն ԱՊՀ-ից


ԵԱՀԿ մշտական գործող խորհրդի նիստում Վրաստանի դեսպան Պահաթա Գափրինդաշվիլին ԵԱՀԿ անդամ երկրներին հիշեցրել է, որ Ռուսաստանն անտեսում է օգոստոսի 12-ին վավերացված համաձայնագրի պահանջները և պահանջել է կատարել այդ փաստաթղթում ամրագրված իր պարտականությունները: Նույն ընթացքում ԱՊՀ գործադիր մարմնի իրավական համագործակցության, փաստաթղթերի միասնական գրանցման բաժնի պետ Վասիլի Աստրեյկոն տեղեկացրել է, որ պաշտոնական Թբիլիսին դադարեցնում է իր մասնակցությունը ԱՊՀ բոլոր որոշումներում և որոշ պայմանագրերում: Անցյալ հինգշաբթի ավարտվեց Վրաստանի պատվիրակության մասնակցությամբ ԱՊՀ երկրների փորձագետների բանակցությունների 2-րդ փուլը: Այդ խորհրդակցության ընթացքում որոշվել է, որ ԱՊՀ-ից դուրս գալուց հետո Վրաստանի համար այլևս չեն գործելու 2008-ի օգոստոսի 18-ին ընդունված որոշումները: Վրաստանը կարող է մասնակցել միայն այն պայմանագրերին, որոնց մասնակցելու իրավունք ունեն ԱՊՀ-ի կազմում չգտնվող մյուս երկրները: