ՈՐԴԵԳՐԵԼ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃ


Գեղարքունիքի մարզպետ Նվեր ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ զրույցը միտված էր բացահայտել մարզային խնդիրները և տալ երիտասարդների հայրենասիրական ոգեղենության պահպանման ուղենիշը: - Խիստ կարևոր է մատաղ սերնդի հոգեբանական ճիշտ դաստիարակությունը: Գյուղապետերին հանձնարարված է` համագործակցեն դպրոցների տնօրենների հետ` մեր երեխաների հետ ճիշտ աշխատանք տանելու համար: Ամեն մի ընտանիքից դուրս եկած երեխան ունի տարբեր հոգեբանություն, բնականաբար այսօր առավել կարևոր է նպաստել հայրենասիրական ոգու բարձրացմանը: Անշուշտ, հայրենիքը սիրելու համար պետք է երեխան փոքրուց հասկանա` հայրենիքն ինչ է իր համար, որպեսզի հետագայում գիտակցելով մասնակցի անհրաժեշտ ու պահանջվող գործընթացներին: Հոգեպես ու ֆիզիկապես կոփված երիտասարդը չի կարող անմասն մնալ հայրենիքին ծառայելու հարցում: - Ձեր գնահատականը` հայոց բանակաշինությանը, հայ զինվորին: - Տարածաշրջանում մեր բանակը հզոր է: Երկրի խաղաղության երաշխիքը կայուն բանակն է: Բանակի կայունության մասին խոսք լինել չի կարող, եթե չլինեն խելացի ու բանիմաց սպաներ, հայրենասեր զինվորներ: Պաշտպանության նախարարն ուշադրություն է դարձնում այդ խնդրին: Պահեստային հավաքների ժամանակ մեր ազգաբնակչությունը պետք է պատրաստ լինի: Եթե կատարված աշխատանքները թերի լինեն, ապա չենք կարող ակնկալել հետագա ծրագրերի արդյունավետ իրականացում: Ամեն գնով պետք է պահպանել ձեռքբերածը: Հուսով եմ` կվերադառնան բարի ավանդույթները. նորակոչիկներն այլևս ուրախությամբ կգնան ծառայության: Այսօր արդեն ձևավորվել է այն համոզմունքը, որ զինված ուժերը համարվում են մեր անվտանգության հզոր ներուժը: Կարևոր է նրա գերակայությունը մյուս ծառայությունների նկատմամբ: Մաղթում եմ խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ: Այսօր խիստ կարևոր է ուշադրությունը բևեռել բժշկական հանձնաժողովների վրա: Լուրջ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ: Երկու տարի է, որ Գեղարքունիքի մարզպետ եմ, փորձել եմ կատարել այնպիսի փոփոխություններ, որպեսզի սպասվող ու ենթադրվող թերությունները բացահայտեմ` կասեցնելով հետագա խախտումները: Բժշկական հանձնաժողովների աշխատանքը վերահսկվում է իմ կողմից: Այսօր հայ տղան պարտավոր է ու պետք է ծառայի հայրենիքի համար: - Խնդրում եմ մի փոքր մանրամասնեք առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ուղղությամբ կատարված աշխատանքները, ծրագրերն ու առաջիկա անելիքները: - Անկեղծ ասած, ինձ ծանր ժամանակներ բաժին ընկան: Բյուջեի հավաքագրման հետ կապված լուրջ խնդիրներ ունեինք. երկու տարի առաջ կար 700 միլիոն աշխատավարձի պարտք: Այսօր արդեն պարտքերը համարյա մարել ենք: Լուրջ հսկողություն ենք կիրառում այդ ուղղությամբ: Մեզ մոտ այդ առումով հաճախակի քննարկումներ են լինում, ծանր վիճակից դուրս գալու ելքեր ենք որոնում: Քննարկումներին ներկա են լինում հասարակական կազմակերպություններ. փորձում ենք գործընթացը կարգավորել, իսկ մարզպետարանի աշխատանքը դարձնել առավել թափանցիկ: Եղած խնդիրների քննարկմանը ներկա գտնվելով` նրանք իրենց առաջարկություններն են ներկայացնում: Աշխատանքների լուսաբանումը պետք է լինի ռեալ ու ճշգրիտ: Այսօրվա մեր խնդիրը գարնանացանի հետ է կապված: Մարզում նախատեսել ենք 50 հազար հա գարնանացան, որից 33 հազար հա կսուբսիդավորվի պետության կողմից: Պետք է նշել, որ մեր մարզը միակն է, որի բոլոր համայնքները սուբսիդավորվելու են: Կարող եմ արձանագրել, որ տեխնիկական լուրջ խնդիրներ չեն լինի, գործընթացը շուտով կավարտվի: Սակայն, ցավով եմ արձանագրում, որ համակողմանի ու արդյունավետ աշխատանք պահանջող լուրջ խնդիրներ ունենք: Այդ թվում` նաև աշխատատեղերի բացակայությունը (հանրապետութ յունում ցավոտ հարցերից մեկը): Մեր մարզում չկան մեծ ձեռնարկություններ, այսինքն` խնդիրը եղել և մնում է ցավոտ ու հրատապ: ՈՒնենք 20 հազար արտագնա աշխատող, բայց այս տարի մոտավորապես 30 տոկոսն է մեկնել արտերկիր: Մյուս կողմից սկսել է ավելանալ հողագործությամբ զբաղվողների թիվը: Խոսում ենք հայրենասիրության մասին, և պետք է հավելեմ, որ զբաղվածությունը, աշխատանքը մարդուն դարձնում է ավելի պատասխանատու ու հայրենասեր: Պետք է ստեղծվեն անհրաժեշտ նախապայմաններ, որոնք ավելի լիարժեք կդարձնեն կյանքը, իսկ ապագան` որոշակի: Սակայն առկա է մի երևույթ, ինչն անվանում ենք համատարած մրցակցություն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար: Այստեղ չենք կարող շրջանցել նաև զինծառայությունից խուսափելու խնդիրը. կարծեք «լավագույն» միջոց է դառնում` ծառայությունից խուսափելու համար (իհարկե խոսքը չի վերաբերում բոլորին): Անշուշտ, պետք է վերանայել առկա երևույթը: Բոլորովին էլ պարտադիր չէ, որ ծնողը, ծայրահեղ աղքատության հասնելով, մտածի զավակի ուսման վարձավճարի մասին: Ի վերջո պետք է ամրագրվի գիտակցության մեջ, որ որևէ արհեստ ձեռք բերելով կամ գյուղատնտեսությամբ զբաղվելով` ռեալ կդարձնեն իրենց ապագան, մանավանդ աշխատատեղերի խնդիրը գնալով հրատապ է դառնում: Միջակություն մեզ պետք չէ: Առաջընթաց, ձեռքբերումներ լինում են` բոլոր համակարգերում կառուցողական գործելաոճ որդեգրելիս:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ