«Մեծ սպորտը միջակություններ չի° հանդուրժում»


Հայրենական սպորտի հաղթարշավը շարունակվում է: Իհարկե` առանձին մարզաձևերում միայն, որոնց շարքում հատկապես հայ շախմատիստները, բռնցքամարտիկները, ծանրամարտիկներն ու ըմբիշները ինքնահաստատումի նշաձողը հաղթահարել են նաև միջազգային ասպարեզներում: Ու որքան էլ նրանց հաղթանակները սպասված են և օրինաչափ են դարձել, այդուհանդերձ յուրաքանչյուր մրցելույթը նախորդ նվաճումները գերազանցելու ինքնօրինակ ստուգատեսի է նման: Նորերս Երևանում անցկացված` բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը ևս հերթական հավաստիքն էր այն իրողության, որ օլիմպիական դափնիներ նվաճած մեր անվանի բռնցքամարտիկներն արժանի հերթափոխ ունեն: Իսկ Խորհմիության և Հայաստանի վաստակավոր մարզիչ, ՀՀ սպորտի և ֆիզկուլտուրայի վաստակավոր գործիչ, ՀՀ բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆիկ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ համար հայ պատանիների հաղթանակը լավագույն գնահատանքն է ներդրված ջանքերի: 1993-ը նորանկախ Հայաստանի համար նշանավորվեց աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկների ձեռքբերումով. ՀՀ Եռագույնն 1-ին անգամ ծածանվեց Տամպերեում (Ֆինլանդիա), երբ Նշան Մունչյանը ոսկե մեդալակիր դարձավ: Այդ ժամանակ էլ մեր հավաքականի գլխավոր մարզիչը Ռաֆիկ Մեհրաբյանն էր, ում, սակայն, շուտով հրավիրեցին Հունաստան` տեղի օլիմպիական թիմի մարզչությունը գլխավորելու: Մի քանի տարի հայկական բռնցքամարտն, ինչպես ասում են` հայտնվեց տևական «նոկդաունում»: 2004-ին Ռ. Մեհրաբյանը վերստին ստանձնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պատասխանատվությունը, և հաջողությունը երկար սպասեցնել չտվեց. 2005-ին Չինաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Արտակ Մալումյանը (ներկայումս` ՀՀ սիրողական բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ) արժանացավ բրոնզե մեդալի: Հիրավի վաստակաշատ, միջազգային համբավ վայելող մարզիչը, ում սաները 9 օլիմպիադաների են մասնակցել ու միշտ հարուստ «ավարով» վերադարձել, կարծես ժամանակ էլ չունի հաղթանակի բերկրանքն ըմբոշխնելու. առջևում նոր մրցաշար է, որին լավագույնս նախապատրաստվել է պետք… - Պատանիների աշխարհի առաջնությունը 2-րդ անգամ է անցկացվում. 1-ինը Բաքվում էր, որին մասնակցելու հնարավորություն մենք չունեցանք: Փոխարենը` մեր հավաքականը իր հետ կապված հույսերն արդարացրեց Հայաստանում անցկացված մրցահանդեսում, որին մասնակցում էին աշխարհի 42 երկրների 255 ներկայացուցիչներ: Մեր թիմը մասնակցում էր լրիվ կազմով (13 բռնցքամարտիկներ): Ի դեպ` այսքան մեծ ներկայացուցչություն ոչ բոլոր մրցումներում է արձանագրվում. դա հաճելիորեն զարմացրեց կազմակերպիչներին ու նաև շատ ուրախացրեց: Հատկապես` վերջնարդյունքներն ամփոփելուց հետո, երբ մեր երկիրը տեղ գրավեց հաղթողների պատվավոր եռյակում: Արդեն տեղյակ են բոլորը. 1 ոսկյա, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալներ նվաճած մեր տղաները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ արժանի շարունակողներն են հայկական բռնցքամարտի բարի ավանդույթների: Ի դեպ, մեր չեմպիոնը Կորյուն Սողոմոնյանը, ոսկե մեդալը նվաճելուց զատ նաև Լավագույն բռնցքամարտիկ ճանաչվեց. Աշխարհի սիրողական բռնցքամարտի ֆեդերացիան 255 մասնակիցներից նրան շնորհեց այդ տիտղոսը: Սա նույնպես մեր մարզիկների պատրաստվածության վկայություններից է: - Հաղթանակների գրավականն, իհարկե, լավ պատրաստվածությունն է: Սակայն հաջողություններն էլ իրենց հերթին նպաստում են բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորմանը և ոգևորում` չզիջել դիրքերը: Պեկինյան նվաճումները, եվրոպայի առաջնությունում արձանագրված բարձր արդյունքներն, անշուշտ, նույնպես լուրջ խթան էին մեր պատանիների համար: - Թերևս հենց այդ հաջողություններն ինքնավստահություն ներշնչեցին հայ պատանիներին: Սակայն շատ կարևոր է մարզաձևի նկատմամբ դրսևորվող հոգատարությունը` թե° Ազգային օլիմպիական կոմիտեի, թե° Բռնցքամարտի ֆեդերացիայի, թե° Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Երկրի Նախագահի հոգատար վերաբերմունքը նույնպես ոչ միայն ոգևորում, այլև խիստ պարտավորեցնում է: Նշածս կազմակերպությունների ղեկավարները` Գագիկ Ծառուկյանը, Արմեն Գրիգորյանը, Արման Մուրադյանը, սոսկ արդյունքներ պահանջողի կեցվածք չեն ընդունել. նրանք ընձեռում են բոլոր հնարավորությունները` մարզումները հարմարավետ պայմաններում անցկացնելու: Այս մրցաշարի օրերին, օրինակ, երբ ամեն անգամ Մարզահամերգային համալիր էի գնում, թվում էր` օլիմպիական խաղերի ենք մասնակցում. դահլիճի հնարավորությունները, կազմակերպվածությունը, բոլորին ոգևորող մթնոլորտը… Այդ ամենը նույնպես նպաստող հանգամանքներ էին, և ոչ միայն մեր մարզիկների ինքնավստահության առումով, այլև երկրի վարկանիշի, բնագավառի ղեկավարների հեղինակության: Որպես հավաքականի գլխավոր մարզիչ, ես մրցաշարի ընթացքում մեկ այլ խնդիր էլ էի փորձում ճշտել. աշխարհի մասշտաբով ճանաչում գտած մեր մեծահասակների հավաքականը կարողանալո՞ւ եմ համալրել այս պատանիներով: Եվ ուրախությամբ համոզվեցի, որ նրանց գոնե կեսը կարող է ներգրավվել իրենց ավագների թիմում: Մի քանի տարի առաջ այսպիսի հերթափոխ ունենալու պարագայում մեր հավաքականն անհամեմատ ավելի բարձր արդյունքներ կարձանագրեր թե° Օլիմպիական խաղերում, թե° Եվրոպայի չեմպիոնատում: - Պատճառն, իհարկե, տխրահռչակ այն տարիներն էին, երբ կենցաղային տարրական պայմաններն անիրականանալի երազ էին թվում: - Այո: Այդ ժամանակների նման մարզիչն այսօր չի մտածում` որտեղ անցկացնել մարզումները: Ձմեռ թե ամառ մեր մարզասրահները պատրաստ են ու հարմարավետ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն անում է հնարավորը, և արդյունքներն էլ գոհացնող են: - Հարմարավետ մարզասրահների առումով` նման հնարավորություն բոլորին է ընձեռվում, սակայն մեզանում ոչ բոլոր մարզաձևերն են վերելք ապրում, շռնդալից հաղթանակներ գրանցում: - Չեմ ուզում այլ մարզաձևերի մասին խոսել: Սակայն պայմանների հետ մեկտեղ նաև մարզիչների ճիշտ ընտրությամբ է պայմանավորված սպորտի զարգացումը: Մեր մարզիչները ճանաչված են ամբողջ աշխարհում: Օրինակ, պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը. երկար տարիներ մեծ համարում ունեցող մարզիկ է եղել և ամեն անգամ բոլոր մրցաշարերից վերադարձել է տարբեր կարգի մեդալներով: Նրա սաներն էլ, բնականաբար, չեն կարող հուսախաբ անել: Ի դեպ, կարևոր նախապայման է նաև մարզիկների ճիշտ ընտրությունը: - Բռնցքամարտը հարուստ ավանդույթներ ունեցող հնագույն մարզաձևերից է Հայաստանում: Վերջին տարիներին, սակայն, մեծացել է հետաքրքրությունը արևելյան այլ մարզաձևերի հանդեպ: Արդյո՞ք այդ կերպ չեն ստվերվի բռնցքամարտն ու ավանդական դարձած մյուս մարտարվեստները: - Ինձ բախտ է վիճակվել` 20 տարի աշխատել Սովետմիության հավաքականում, և միշտ հպարտանում էի, որ այդ կազմի 40-50 անդամներից 10-17-ը Հայաստանի ներկայացուցիչներ էին: Այս փաստն արդեն վկայում է, որ բռնցքամարտը մեզանում տասնամյակներ ի վեր ազգային է դարձել: Ինչ-որ պահ, իհարկե, այն մասամբ կորցրեց իր զանգվածայնությունը, բայց, փառք Աստծո, պայմանների բարելավմամբ կրկին մեծացավ հետաքրքրությունը: Բռնցքամարտը ոչ թե կռիվ է, այլ ուրույն ոճ, որը խիզախություն ու ինքնուրույնություն է դաստիարակում, ներարկում է կամային հատկանիշներ, ազնիվ պայքարելու, դժվարությունները հաղթահարելու ունակություն: Իսկ այս ամենը հատուկ է մեր ժողովրդին, որը հենց այդ կերպ մաքառել է իր ողջ պատմության ընթացքում: Եվ պատահական չէ, որ շատ ծնողներ հատկապես բռնցքամարտն են ընտրում իրենց երեխաների համար: Ինչ վերաբերում է նորամուտ մարզաձևերին, ապա այս ասպարեզում մեկը մյուսին խանգարելու վտանգը չկա: Նախասիրությունների խնդիր է: Բացի այդ` որքան շատ լինի սպորտով զբաղվելու հնարավորությունը, այնքան ավելի մեծ կլինի առողջ սերունդ կրթելու հեռանկարը: - Բռնցքամարտի երկրպագուների շրջանում դեռ չի մարել հայ պատանիների պարգևած ոգևորությունը, բայց Դուք արդեն այլ որոնումների մեջ եք… - Մեծահասակների մեր հավաքականն արդեն ողջ եռանդով նախապատրաստվում է սեպտեմբերին Միլանում կայանալիք Աշխարհի առաջնությանը: Ժամանակը սուղ է, ծանրաբեռնվածությունը` մեծ: Ծաղկաձորում արդեն մեկնարկել է նախապատրաստական հավաքը: Աշխարհի չեմպիոնատից առաջ մեր մարզիկները հուլիսին Մախաչկալայում (ՌԴ) և Ուկրաինայի Մարիոպոլ քաղաքում մասնակցելու են միջազգային մրցաշարերին: Այնուհետև, հավանաբար Սոչիում կկայանա վերականգնողական հավաք, որից հետո, դարձյալ Ծաղկաձորում մեծ ծանրաբեռնվածությամբ կշարունակենք նախապատրաստական վարժանքները: - Իհարկե` Միլանից նույնպես ձեռնունայն չեք վերադառնա: - Ափսոսում եմ, որ հնարավորություն չեք ընձեռի` հիշատակել մեր այն մարզիկների անունները, ովքեր նոր հաղթանակներով հարստացրել են հայաստանյան սպորտի պատմությունը: Իսկ Աշխարհի չեմպիոնատում ևս մեդալներ նվաճելը մեզ համար գերագույն նպատակ է ու նաև` համոզմունք: Նախ` պարտավոր ենք շարունակել հաղթարշավը: Բացի այդ` Հունգարիայում տեղի ունեցած մրցաշարից հետո մենք ավելի քան 1 տասնամյակ աշխարհի չեմպիոնատի մեդալ չէինք նվաճել` մինչև 2000 թ.: Կարծում եմ` այդ բացթողումն անպայման կշտկենք: Մեր հավաքականն այսօր Եվրոպայի ամենաերիտասարդներից է. տղաների միջին տարիքը 20-21 է, և բոլորն էլ բավական փորձառու: Գրեթե բոլորն էլ հասցրել են մասնակցել և° աշխարհի, և° Եվրոպայի չեմպիոնատներին ու նաև միջազգային մրցաշարերի: Հովհաննես Դանիելյան, Ազատ Հովհաննիսյան, Հրաչիկ Ջավախյան, Էդուարդ Համբարձումյան, Սամվել Մաթևոսյան, Անդրանիկ Հակոբյան, Ցոլակ Անանիկյան… Այս անուններն արդեն հայտնի են բռնցքամարտի երկրպագուներին, և հաջողության հասնելու նրանց կամքին ես չեմ կասկածում: Իհարկե, «սպորտային բախտ» կոչվածի անցանկալի անակնկալ ներից ոչ մեկն ապահովագրված չէ, բայց մեր տղաները հստակ գիտեն, որ ամենակարևորը սեփական ունակությունններին ապավինելն է, պահը ճիշտ գնահատելը և գրագետ, կոռեկտ մրցելույթը: Մեծ սպորտը միջակություններ չի հանդուրժում. պատահականությունների հետ հույսեր կապելը հեռու է մեր սկզբունքներից: Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ Աշխարհի բռնցքամարտի պատանեկան առաջնությունում փայլուն մրցելույթ ունեցավ Հայաստանի հավաքականը, որը նվաճեց յոթ մեդալ: Կորյուն Սողոմոնյանը (46 կգ, Զովունի) հաղթեց բոլոր մրցակիցներին, գրավեց առաջին տեղը և պարգևատրվեց ոսկե մեդալով: Կորյունը ճանաչվեց նաև մրցաշարի լավագույն մարզիկ: Առաջնությունը չի ջնջվի պատանի մարզիկի հիշողությունում, քանզի նրան պարգևները հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրորդ տեղը գրավեցին և արծաթե մեդալների արժանացան Ջոնիկ Տոնոյանը (54 կգ, Գյումրի) և Հայկ Խաչատրյանը (70 կգ, Երևան): Նրանց թիմակիցներ Արթուր Քաջոյանը (60 կգ, Երևան), Վոլոդյա Հայրապետյանը (63 կգ, Վանաձոր), Ալեքսան Նազանյանը (80 կգ, Երևան) և Գոռ Մարգարյանը (+ 80 կգ, Երևան) դարձան բրոնզե մեդալակիր: Մեդալների հաշվարկով Հայաստանի հավաքականը գրավեց երկրորդ տեղը` առաջ թողնելով ՌԴ-ի թիմին: Շնորհավորում ենք Հայաստանի հավաքականի բոլոր մարզիկներին, մարզիչներին և նոր հաղթանակներ ակնկալում նրանցից: