Տերը լինենք Կոմիտասի ողջ ժառանգության


ՄՈՍԿՈՎՅԱՆ «Հարության» («Զատկի») 8-ամյա փառատոնին երրորդ նշանակալից մասնակցության վառվռուն տպավորությունները բոլորովին վերջերս պետականի կարգավիճակ ստացած Երևանի կամերային երգչախմբի ծննդյան տասներեքերորդ տարեդարձին առանձնակի տոնականություն էին հաղորդել: 1996-ին խմբավար Հարություն Թոփիկյանի նախաձեռնությամբ և Գարեգին Ա Վեհափառի հովանավորությամբ ստեղծված երգչախումբը, երկացանկի հենք ընտրելով Կոմիտասի աշխարհիկ խմբերգային ողջ ժառանգության (147 խմբերգ) ու հոգևոր երաժշտության հանրաճանաչումը, նրա գեղարվեստական ղեկավարությամբ և Հայաստանի ռադիոյի ու հեռուստատեսության «Հայ երգի» կամերային երգչախմբից կուտակվող, այսօր արդեն 30-ամյա հարուստ փորձառությամբ, 13 տարիների ընթացքում կատարելագործելով կատարողական արվեստը, արտասվելու աստիճան հուզել էր օտար երաժշտասերներին Վարդապետի հայեցի խորունկ հնչերանգներով: Կոմիտասի համաշխարհային վերարժևորման առաջին լուրջ հաջողությունը կայացել էր դեռ 1991-ին, երբ Տալլինում 20 հազար երգիչներից կազմավորված միացյալ երգչախումբը Թոփիկյանի ղեկավարությամբ հնչեցրել էր նրա «Ազգային օրհներգը»: «Կոմիտաս լսելիս մենք մեզ հայ էինք զգում»,- հիացմունքը չէին թաքցրել նրանք «Հարության» գերգիևյան փառատոնի շրջանակներում Իվան Ահեղի երբեմնի նստավայր Ալեքսանդրովում տեղի ունեցած համերգի անմիջական ներգործությամբ: Երգչախմբի ստեղծագործական երանգապնակի ընդգրկուն բազմազանության գրավչութ յունը նկատվեց նաև մամուլի անդրադարձներում. «…«Հարության» փառատոնը եզրափակվեց 7 հրաշալի երգչախմբերի ելույթներով: Երևանի պետական կամերային երգչախումբը հանդիսատեսին մատուցեց հայ և արտասահմանյան հեղինակների բավականին բարդ ստեղծագործություններ, մասնավորապես Ա. Կորոլյովի «Հրաշափառ և ամենակարող Տեր» խմբերգը: Երգիչներ Սեյրան Ավագյանի (բարիտոն) և Սյուզաննա Մելքոնյանի (սոպրանո) փայլուն կատարումներն արժանացան դահլիճի խանդավառ ընդունելությանն ու բիսերին»: Արտերկրում մեկ տասնամյակից ավելի է, ինչ ճանաչում են այս կամերային երգչախումբը: Ռավեննայի (1997), Բերգենի (1999), «Հալեի երաժշտական օրեր» (2000-2005), «IL de France» 2006) փառատոներով, Լիբանանում, Սիրիայում, գերմանական մի շարք քաղաքներում համերգային շրջագայություններով: «Սանկտ Պետերբուրգյան դղյակներ» (2003) փառատոնում, ռուս կոմպոզիտոր ների գործերի կատարման վարպետությամբ, երգչախումբն իրավունք ստացավ ներկայացնելու քաղաքի հիմնը Գլազունովի սրահում, որտեղ Չայկովսկին էր ժամանակին նվագել£ Նորվեգիայում դեռևս 99¬ին են հանրահայտ սաքսաֆոնահար Յան Գարբարեկի հետ համատեղ գերել կոմիտասյան երաժշտարվեստով£ Առաջին անգամ Հայաստանի դրոշի ներքո 98¬ին հանդես գալով Գերմանիա յում` շուտով ստեղծագործական սերտ համագործակցություն են հաստատել£ Հայրենիքում պատշաճ ուշադրության արժանանալուն սեփական անզիջում նվիրումից զատ պարտական են Լիլիթ Գալստյանի ակտիվ աջակցությանը, նախ, «Համազգային»-ի շրջանակներում, ապա` ԱԺ£ Իրագործելով Հարություն Թոփիկյանի վաղեմի երազանքը` ձայնագրելով Կոմիտասի աշխարհիկ խմբերգերի 4 և հոգևոր գործերի 1 խտասալիկ` այսօր պատրաստվում են Կոմիտասի 140-ամյակին նվիրված համերգային շրջագայության` ՀՀ մարզերում մշակութային կյանքն աշխուժացնելուն միտված պետական ծրագրի հովանավորությամբ£ Կոմիտաս-արևմտաեվրոպական ու ռուս դասականներ, Կոմիտաս-արդի հայ կոմպոզիտորներ (Հովհաննիսյան, Երկանյան, Չաուշյան…) համադրությամբ ձևավորված երկացանկի մեկնարկային ակորդները Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տնից հունիսի 13-ին տարածվելու են Գյումրիում ու Վանաձորում` կամրջելով Կոմիտասին և մեր օրերի երաժշտությունը£ Ստեղծագործական հետաքրքրությունների զարգացումը կայացնելով Կոմիտասի ժառանգության հանրահռչակման շուրջ` Հարություն Թոփիկյանը ոչ մի կերպ չի համակերպվում մեծ երգահանի ու անզուգական խմբավարի սիմվոլացմանը սոսկ որպես Մեծ Եղեռնի արյունից խենթացած հայ վարդապետի, ում բազմաշերտ ստեղծագործության մայր մեղեդին է միայն ծանոթ ներկա հայրենակիցների զանգվածներին£ Եվ «դարերից եկած, ներկան ապահովող ու ապագան կանխատեսող» կոմիտասյան «երաժշտությունն ամենեն մաքուր հայելին է ցեղին» ուղեցույցով շարունակվող իր գործունեությամբ ջանում է կարևորել խորիմացությունը Հայոց հանճարներից մեկի իրական մեծության, որի առջև գլուխ են խոնարհում այլազգի երաժիշտներն ու արվեստասերները£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ