ԵՌԱՏՈՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ


 

1992-ի մայիսի 8-ին, Մեծ Հայրենականում մեր տարած հաղթանակի օրվանից ժամեր առաջ, ազատագրվեց Շուշին: Հսկա քաղաքը ավերակույտերի էր վերածվել: Կյանքի կոչվեց մի օպերացիա, որն իր նմանը չուներ ռազմարվեստի պատմության մեջ: Անդունդի վրայից անցնելով` հայ կամավորները հասան Շուշի ու լռեցրին թշնամուն: Ես օրեր առաջ Շուշիում էի, նայում էի ահռելի ձորին, նայում էի անդունդին ու սարսափած մտածում, թե ինչպես է հաջողվել ջոկատները շարժել այդ ուղղությամբ, մագլցելով բարձրանալ ժայռերի վրայով ու հասնել քաղաք: Մեծ ուժ, կամք և ռազմական հնարամտություն էր պետք ունենալ: Եվ ունեցան մեր զինվորները, ունեցան մեր կամավորական ջոկատները, որոնք հերոսացան Շուշիում, որոնք որպես հիշատակ թողեցին այն տանկը, որն առաջինն անցավ ազատագրված քաղաքի փողոցներով` այստեղ բերելով կենսականության շունչը:

Այսօր Հայաստան աշխարհում տոն է: Տոնի հիպոկենտրոններից մեկն Արցախն է, ուր նշում ենք Շուշիի ազատագրման 20-ամյակը: Նշանակում է, մայիսյան այս օրվա մեջ միախառնվել են 20-րդ դարի մեր բոլոր հաղթանակները, որոնք սկիզբ առան Մեծ Հայրենականում և իրենց զորեղ արձագանքները հնչեցրեցին Արցախում:

Անառիկ ամրոց Շուշին դարձել էր մահաբեր մի հանգրվան, որտեղից օր ու գիշեր գնդակոծվում էր Ստեփանակերտը: Շուշին, մեր հնամենի ու պատմական Շուշին, ատելի էր դարձել շատերի համար. ամեն առավոտ նկուղներից դուրս էին գալիս ստեփանակերտցի մամիկներն ու ատելությամբ նայում վերև` մթամած ամպերի մեջ կորած Շուշիին, որը վաղուց մտել էր մեր պատմության մեջ` որպես ազգային մշակույթի խոշորագույն հանգրվաններից մեկը: Դեռևս 19-րդ դարում այս քաղաքը հռչակվել էր իր դպրոցներով, Մկրտիչ Խանդամիրյանի թատրոնով, լույս տեսնող տասից ավելի պարբերականներով, իր նշանավոր մարդկանցով:

Շուշեցիներ էին Լեոն, Մուրացանը, Նելսոն Ստեփանյանը, շատ ու շատ ուրիշներ, առանց որոնց անհնար է պատկերացնել որ հայ Ոգու իրականությունը: Շուշին Այսրկովկասի ամառանոցային քաղաքներից մեկն էր: Շուշեցի կանայք իրենց զգեստները Փարիզում էին պատվիրում` այսպես զարմացնելով ու հիացնելով շատերին: Սակայն 20-րդ դարասկզբին ազերիներն այստեղ ջարդեր կազմակերպեցին, մոտ 40 հազար բնակիչ ունեցող քաղաքն ավերեցին, իսկ հետո էլ հրդեհի կրակները հասան հայերի տներ, ոչնչացրեցին հայկական արհեստանոցները:

Շուշիի սիրտը Ղազանչեցոց եկեղեցին էր, իր ուրույն ճարտարապետությամբ ակնառու դարձող:

Ազերիները հենց Ղազանչեցոց եկեղեցում դիրքավորվեցին` համոզված, որ հայ մարդը զենքով չի գրոհի եկեղեցին: Եկեղեցին էլ վերածվել էր զինապահեստի:

Հարյուրավոր քաջորդիներ ընկան Շուշիում, հարյուրավորները չտեսան Շուշիի վրա բացվող լուսաբացը: Պատերազմի դաշտում ընկած իր ընկերների մասին է պատմել փոխգնդապետ Արայիկ Հարությունյանը, որին բոլոր ճանաչում էին «Չեչեն» մականվամբ.

- Ուզում եմ պատմել զոհված ընկերներիցս մեկի մասին: Նա ամենապայծառ դեմքն է, որ հիշում եմ: Բոլոր զոհված ընկերներիս էլ հարգում եմ, ինձ համար հարազատ մարդիկ են եղել, հրաշալի տղաներ: Ըստ իմ սահմանման` բոլորն էլ հերոսներ են եղել: Իսկ ես համարում եմ, որ բոլոր նրանք, ովքեր զոհվել են, անկախ ամեն ինչից, նույնիսկ եթե մի փամփուշտ չեն կրակել, եթե թուրք չեն սպանել, հերոս են: Հերոս են իրենց ապրած կյանքով: Բայց ընկեր եմ ունեցել, ով իր մահով է հերոսացել: Նա` Ալյոշա Երեմյանը, հնարավորություն ուներ ապրելու, բայց ընտրել է ուրիշի կյանքը փրկելը: 1989-ին եղել է ՀԱԲ-ի իմ առաջին հրամանատարը: 1994-ին նա Քելբաջարում վիրավորվում է: Երկու ոտքի ազդոսկրերը կոտրվում են: Նրան ԲՄՊ են նստեցնում և հետ ուղարկում: Զրահամեքենան պետք է կամրջով գնար Վարդենիս: Ճանապարհին Ալյոշան և ԲՄՊ-ի վարորդը, որ շարքային զինվոր էր, հանդիպում են մեր պահակակետի ժամապահներին: Հարցնում են` ո՞ւր եք գնում: Չեն պատասխանում: Ու մերոնց չեն զգուշացնում, որ թուրքը մեր պահակակետը վերցրել է, ու իրենք էլ փախել են: Ալյոշան ու վարորդն ընկնում են շրջափակման մեջ: Փախչելու, փրկվելու հնար չկար: Ալյոշայի ձեռքին ընդամենը մի գնդացիր կար: Թուրքը նրանց ասում է` խնդրում եմ, հանձնվեք, հայերիդ մոտ թուրք շատ գերիներ կան, և ամենաուշը մեկ ժամից փոխանակում է լինելու, ձեզ մեր գերիների դիմաց ողջ-առողջ կվերադարձնենք: Իսկ Ալյոշան երկու ոտքից վիրավոր էր, ազդրերի ոսկորները ջարդված էին, չէր կարող շարժվել: Ոտքերին ժգուտ էր կապած, որպեսզի արյունաքամ չլինի, ու ոտքերն արդեն քարացել էին: Պատկերացնո՞ւմ եք` ինչ վիճակում էր: Ու էդ վիճակում նա վարորդին ասում է` ես կկանգնեմ թուրքի դիմաց, իսկ դու անցիր ԲՄՊ-ի մյուս կողմը, հենց սկսեմ պուլիմյոտով կրակել, փախիր անտառ: Այդպես էլ լինում է` հենց Ալյոշան պառկում, սկսում է կրակել, զինվորը փախչում-մտնում է անտառ: Զինվորը փրկվում է, հենց նա է ինձ պատմել այս պատմությունը: Իսկ Ալյոշան հիմա Եռաբլուրում է պառկած: Երբ այդ դեպքից որոշ ժամանակ հետո գնացինք նրա դիակը բերելու, տեսանք` 12 թուրք էր սպանված: Հետո նրա դիակն էր: Այսինքն` այդքան թուրք էր սպանել, մինչև վերջին փամփուշտը կռվել էր: 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ