«ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՅԻՍԸ»

ԱՊՐՈՂ ԼԵԳԵՆԴԸ...


 

Ապրիլից հետո մայիսը դարձավ մեր վերածննդի խորհուրդը, ոգու ամրապնդման ու փառահեղ հաղթանակների բարձրակետը: Մայիսյան եռատոնը համաժողովրդական հպարտության, ցնծության տոն է: Եվ ազգովի ենք վաստակել միմյանց ջերմ շնորհավորանքներ հղելու իրավունքը: Շնորհավորում ենք ողջ հայությանը փայլուն հաղթանակների` Հայրենական Մեծ պատերազմի 67-րդ և Շուշիի ազատագրման, Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման 20-րդ տարելիցի կապակցությամբ: Մենք արդեն իսկ ապացուցել ենք, որ կարող ու զորեղ բռունցք ենք: Ազգովի կռենք նոր հաղթանակներ` ամուր պահելով արդեն ձեռք բերվածը:

 

...Շուշին` հայի բաղձանքը, ազատագրվեց 2 տասնամյակ առաջ: Մեր հպարտ լեռներում խրոխտ հարսանիք եղավ, իսկ քոչվորը ահաբեկված փախչում էր:

Դա պատմական ու կենսական անհրաժեշտություն էր` կոչված մեր հինավուրց հողի վրա ապրելու իրավունքը վերանվաճելուն: Դա մի բեկում էր, շրջադարձ` անհավատալի, անիրական, անհնարին, սակայն հաղթանակը դարձավ այնքան շոշափելի ու իրական, քանի որ մեր կռիվն արդար էր, մենք միասնական էինք, որքան երբևէ, մենք բռունցք էինք, և հողը մերն էր…

Այս փայլուն հաղթանակն անխզելիորեն կապված է մեր լեգենդար զորահրամանատար, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, գեներալ- մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի` Կոմանդոսի անվան հետ: Երբեմն այնքան դժվար է բառեր գտնել, երբեմն այնքան շատ է ասելիքը. լուսավոր անհատականություն, համեստագույն մարդ, հմուտ, բանիմաց զինվորական, իր մարդկային տեսակով հերոս, ում հետ յուրաքանչյուր հանդիպումից հետո լեգենդը նմանվում է իրականության: Իր անցած ուղիով, մարդկային բարձր որակներով, շիտակությամբ նա օրինակ է բոլորի համար: Մարդ, ում մասին հնչած բոլոր կարծիքներում զարմանալիորեն ընդհանրություն կարելի է գտնել:

Զինվորականի` իր անցած հարուստ ճանապարհը ևս ուսանելի է: Ռազմական գործին տիրապետելու դարբնոցները դարձան Բաքվի զինվորական ուսումնարանը, ապա Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան: Ծառայության երկարուձիգ ճանապարհները նրան տարան Աֆղանստան, Գերմանիա, Չեխոսլովակիա, Բելառուս: 1988-ին, երբ ամպեր կուտակվեցին Արցախ աշխարհի վրա, Ա. Տեր- Թադևոսյանն անվարան եկավ հայրենիք և մեծ նվիրումով, փորձով, գիտելիքներով զինվորագրվեց ազատագրական պայքարին:

1991-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը նրա հրամանատարությամբ փայլուն կերպով իրագործեցին Հադրութի Տող գյուղի ազատագրման օպերացիան:

Դեռ 1991-ի նոյեմբերից Ստեփանակերտը և հարակից շրջաններն անխնա հրետակոծության էին ենթարկվում Շուշիի բարձունքից: Հապաղելն անթույլատրելի էր: Շուշիի ազատագրման ռազմագործողության «Հարսանիք լեռներում» պլանը Կոմանդոսի կողմից մշակվել էր Խոջալուի ազատագրումից հետո` մարտ- ապրիլ ամիսներին: Թեև ուժերը խիստ անհավասար էին, սակայն օպերացիան իրականացման առումով անթերի էր և եզակի: Մայիսի 8-ի գիշերը` 2.30-ին տրվեց հարձակման հրամանը և հայ մարտիկները գրոհեցին 4 ուղղություններով` Ստեփանակերտի` Վալերի Չիթչյանի, Շոշի` Արկադի Կարապետյանի, Լիսագորի` Սամվել Բաբայանի և Ջանհասան- Քյոսալար` ներկայիս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանատարությամբ:

- Շուշիի ազատագրման համար մենք բավարար ուժեր և տեխնիկա չունեինք: Հակառակորդը 2500 զինվոր ուներ, ռազմական օրենքների համաձայն` մենք ամենաքիչը պիտի 7500 զինվոր ունենայինք, իսկ լեռնային պայմաններում` անգամ 10 000: Իսկ այդպիսի ուժեր մենք չունեինք: Օպերացիան սկսելու համար Վազգեն Սարգսյանը պիտի տար իր համաձայնությունը և հաստատեր, սակայն նա ասաց, որ մենք պատրաստ չենք և ռիսկի դիմելու իրավունք չունենք: Եվ իսկապես դա էր իրականությունը: Սակայն իրավունք չունեինք նաև հապաղելու, քանի որ հակառակորդն անընդհատ Շուշիից հրետակոծում էր Ստեփանակերտը: Այն արդեն 70 տոկոսով ավերված էր, մարդիկ ապաստարաններում էին ապրում: Խաղաղ բնակիչներ էին զոհվում: Եվ ահա այս դժվարին պայմաններում բոլոր հրամանատարները միաձայն հաստատեցին, որ նախապատրաստվելու ժամանակ չունենք և ազատագրման ռազմագործողությունը պետք է իրականացնենք մեր ունեցած միջոցներով: Մենք 3000-ից մի փոքր ավելի էինք: Մեկ անգամ ևս դիմեցի Վազգենին` ասելով, որ եթե հաջողությամբ իրագործվի մեր նպատակը, քո հարսանիքն ենք տոնելու: Եվ այդպես էլ կոչվեց օպերացիան` «Հարսանիք լեռներում»: Չափազանց դժվարին պայմաններ էին, սակայն մենք վստահ էինք, հավատում էինք մեր հաղթանակին: Մեր մարտիկները կամավորականներ էին` պատրաստ կյանքը զոհել հանուն հայրենիքի, հանուն նպատակի: Իսկ նպատակը վեհ էր. Շուշին ազատագրելն անհրաժեշտություն էր, քանի որ այն կորցնելով` կկորցնեինք նաև Արցախը,- պատմում է լեգենդար գեներալ-մայորը:

Շուշիի ազատագրումն իսկապես բեկումնային էր ազատագրական պայքարի պատմության մեջ: Այն խթան դարձավ նորանոր հաղթանակների: Գրեթե անթերի և գերազանց իրականացված այս գործողության արդյունքում վնասազերծվեցին Ստեփանակերտի շրջակա բոլոր կրակակետերը և ռազմական հենակետերը: Կորցրեցինք 57 մարտիկներ, իսկ հակառակորդն ունեցավ 250- 300 զոհ, 600-700 վիրավոր: Մենք աշխարհին ապացուցեցինք, որ նույնիսկ անհնարին թվացող պայմաններում միայն ու միայն անկոտրում ոգին ու միասնականությունն են վճռում պատերազմի ելքը: Շուշին այսօր ազատ է, հպարտ ու խրոխտ:…

Լեգենդար զինվորականը նաև իր պատգամն է հղում այսօրվա զինվորին, իսկ նրա խոսքն ու խորհուրդը թանկ ու անգնահատելի են.

- Այսօր սահմանում կանգնած զինվորը հերոս է: Նա ամեն օր հերոսություն է անում: Ուզում եմ հիշեցնել, որ հրադադարը խախտող ադրբեջանցին սովորական վախկոտ է, նա վախենում է մեզնից, հենց դրանով է բացատրվում նրա արարքի տրամաբանությունը: Իսկ քարոզչությանն այդքան տեղ են տալիս այն պատճառով, որ բանակն այնքան էլ մարտունակ չէ: Մենք գիտենք, որ մեր հայրենի հողն ենք պաշտպանում և միշտ միասնական ենք, նույն հավատն ունենք: Ադրբեջանը բազմէթնիկ ժողովուրդ է` տարբեր կրոններ դավանող, տարբեր լեզուներով խոսող: Սա իհարկե կարող է նաև դրական լինել որևէ քաղաքակիրթ պետության դեպքում: Սակայն ալիևյան կլանը ճնշում է փոքրամասնություններին, իսկ այլազգի զինվորը երբեք չի կռվի այնպես, ինչպես կռվում է հարազատ հողը պաշտպանող մարտիկը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ