Նոր կառավարությանը սպասելիս


«Խնդրում եմ ձեզ. թող լռեն խոսքերը, և  թող որ խոսեն գործերը»:

Սբ. Անտոն

Նոր կառավարությանը սպասելիս

Երանի այն պաշտոնյային, ում հեռացման համար ափսոսում են և ում սիրով են հիշում

13-ը խորհրդանշական թիվ է: Մաղթում ենք, որ այդ «համարի տակ խաղացող» ՀՀ գործադիրը հայ մարդուն վերադարձնի սեփական աշխատանքով վաստակելու վայելքը, լիարժեք քաղաքացի լինելու արժանապատվությունը: Տա´ Աստված, որ սրա հրաժարականը պահանջողներ չլինեն, և վերջապես հայն իրեն իր երկրի տերը զգա: Իսկ տեր լինել նշանակում է նախ թոթափել անարժեքության բարդույթը, աշխատանք ունենալ և… իշխանություններից անվերջ դժգոհելու առիթ այլևս չգտնել:

Անկախացման 24 տարիներին պաշտոնավարած մեր 12 վարչապետներից մի մասին մարդիկ մտաբերում են` անունները լսելիս, մյուսների պարագայում գործում է «Մինչև չգա հետինը» «սկզբունքը»: Մենք (և ոչ միայն մենք) իշխանավոր չսիրող ժողովուրդ ենք:

Երևի նախ այն պատճառով, որ մեծիմասամբ ամեն մեկն իրեն արժանավոր է համարում պաշտոնաթոռներին: Բայց, արդյո՞ք իշխանավորներն էլ սիրում են ժողովրդին: Արդյո՞ք մտածում են նրա մասին ու ջանում են կենսապայմաններ ապահովել` գոնե իրենց ուժերի ներածին չափով: Չէ´, խոսքը կենաց-թասերով պարպվող բաժակաճառերի և ընդհանրապես, խոսքերի մասին չէ: Խոսքը գործի´, գործերի´ վերածելու մասին է, որոնք, չգիտես ինչու` այդպես էլ չեն հաջորդում այնքա˜ն գեղեցիկ ձևակերպումներին: Ակամա մտածում ես, թե պաշտոն կոչված այդ ճոճաթոռը կարծրացնում է տիրոջ սիրտն ու հոգին: Իսկ առանց սիրտ ու հոգու ի՞նչ մտահոգություն: Ա´յ, դրա համար ժամանակը միշտ քչություն է անում, միջոցները չեն բավարարում: Փորձիր որևէ մեկին քննադատել. կդառնաս ապերախտ: Քաղաքական գործիչներից մեկը մի առիթով շատ դիպուկ նկատեց. «Ասում են` լա´վ, բա ես ոչ մի լավ բան չե՞մ արել»: Մինչդեռ պաշտոնը միմիայն «լավ բաներ անելու» համար է: Այդ «լավ բանն» էլ ժողովրդին ծառայելը պետք է լինի: Բայց ունենք այն, ինչ ունենք. մարդիկ չեն հավատում, չեն վստահում ու շարունակ դժգոհում են:

Իհարկե, համատարած դժգոհությունը ևս նորմալ երևույթ չէ. ոմանք դառնաղի հեծեծում են` օրվա հացը հայթայթել չկարողանալու, ոմանք էլ ախուվախ են անում` հերթական շքեղ առանձնատունը մի քանի օր ուշ կառուցելու համար: Վերջին խմբին հանգիստ թողնենք` իրենց անկշտության ճիրաններում տառապելու:

Սակայն գտնել է պետք հանազապօրյա հացին կարոտ մարդկանց չարության արմատը, որը բոլորովին էլ աննկատ չէ. ԱՇԽԱՏԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ: Առավոտից երեկո ժամանակը պարպել չկարողացող անձը, ով սեփական կարիքները հոգալու համար մտավոր կամ ֆիզիկական հնարավորություններ ունի, ուրիշ ի՞նչ կարող է անել, եթե ոչ` չարանալ ու սրա-նրա ունեցվածքը հաշվել, սրա-նրա ձեռքին նայել, թե ինչպես մի փշուր էլ ինքը ձեռք գցի:

Չարանալ` սեփական անզորությունից, անտերունչությունից և մի պատառ բարեսիրություն մուրալ:

Հին խոսք է. կարիքավորին ոչ թե ձուկ տուր, այլ` ձկնորսական ցանց: Ասել կուզի` աշխատելու հնարավորություն: Ահա թե ինչը չեն արել մեր 12 կառավարությունները: Փոխարենը` ուռճացել են այն գործատերերը, որոնցից շատերի համար իր հետ ոտք մեկնել չկարողացողն ընդամենը անշունչ քվե է, ում կարելի է գնել 4 տարին մեկ: Այն էլ` ոչ թե աճուրդով, այլ էժան շուկայականից էլ ցածր, «քցած» գներով: Դե, իսկ հետո «պարտավոր են» չէ՞ նախընտրական «բարեգործությունը» ետ հավաքել` կատաղի գների տեսքով… Ու նրանց ի՞նչ հոգն է, որ ազգային նկարագիր են աղավաղում: Այդ գործարարներից ոմանք ծանր մանկություն են ունեցել, ճաշակել են աղքատության դառնահամը ու նրանց քիմքին անհաճո է ուրիշների արժանապատվության վայելքը:

Իմաստուն մի ասույթ կա. եթե դու մանկությանդ տարիներին հեծանիվ չես ունեցել ու հիմա շքեղ ավտոմեքենաներ ունես, միևնույն է` մանկության տարիներին դու հեծանիվ չես ունեցել…

Աստված իրենց հետ. մենք չդատենք, բայց հիշեցնենք, որ Տիրոջ դատաստանի առջև կանգնելիս գուցեև շա˜տ են ցանկանալու ինչ-որ բան ուղղել ու չե˜ն կարողանալու, զի երկրային ժամանակը նրանց ունեցվածքի չափ անբավ չէ:

Սա` իմիջիայլոց:

Իսկ ի՞նչ ենք ակնկալում ՀՀ 13-րդ վարչապետից ու կառավարությունից: Ա´շ-խա´-տա´նք: Սահմանադրությամբ արտոնված յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի իրավունքի ապահովում:

Սովետմիության փլուզման տարիներին մի պաշտոնյա պատմում էր, որ նորանկախ մեր երկիր այցելած որոշ օտարերկրացիք ասել են, թե Հայաստանն իրենք տեսնում են որպես սպասարկող պետություն: Ու կարծես դարձել ենք այդպիսին: Ո՞ւր են մեր արտադրական ձեռնարկությունները, որոնք ոչ միայն աշխատանք պիտի ապահովեին բազմահազար գործազուրկների համար, այլև շուկայում արդար մրցակցություն երաշխավորեին: Ո՞ւր են մեր պետական տրանսպորտային երթուղիները, որոնց ուղեվար ձերը չափանիշ ու խթան կլինեին մասնավոր գծատերերի համար: Չկա´ն: Եվ այդ գծատերերն արդեն քանի տարի պնդաճակատ թութակի պես ողբասում են, թե իրենց շահույթները շատ քիչ են: Նրանց ի˜նչ, որ իրենց կիսավեր փոխադրամիջոցներով երթևեկողներն ընդհանրապես շահույթ չունեն և այդ 100 դրամն էլ մի կերպ են վճարում: Գյուղմթերքների արտադրության ոլորտում որքա՞նն է պետականը: Մեր գիտական ներուժը չի´ սպառվել, բայց ո՞ւր են այն նվաճումները, որոնցով պիտի հպարտանայինք ու արդյունաբերական նոր հորիզոններ նախանշեինք...

Այո, մեզանում շուկան ազատականացված է, բայց կա՞ մրցակցություն: Չկա´: Մի խումբ ձեռներեցներ են այդ շուկայի տեր ու տնօրենը և նրանք էլ գին են թելադրում: Չեն թելադրում, պարտադրու´մ են: Արդյունքում պարբերաբար աշխատավարձ բարձրացնելու անհրաժեշտություն է ծագում: «Խոշորների» պետքը չէ. կվճարեն կամ չէ. հո հարկերն իրենց չե՞ն խեղդելու: Բյուջետային հիմնարկներն էլ խնդիր չունեն. հարկատուները ողջ լինեն: Իսկ փոքր ու միջին ձեռնարկատերե՞րը. ո՞նց հասնեն գնաճի ու գոնե պարտադիր նվազագույն աշխատավարձի բարձրացման հետևից: Ուրեմն թող փակվե՞ն, վերանա՞ն, եթե խոշորների վերմակի չափով ոտք մեկնել չեն կարող: Բայց չէ՞ որ ամեն առիթով ասվում է, թե պետք է զարկ տալ մանր ու միջինին: Չաշխատողների մասին էլ չխոսենք. չունեցածը ոչ ձեռք են բերում, ոչ էլ կորցնելու վտանգ կա:

Այո´, նաև` պետական ձեռնարկություններ ենք ակնկալում` վաղը-մյուս օրը ժողովրդին ծրագիր ներկայացնող կառավարության ղեկավարից: