Պատգամավորական ծեծկռտուք 


Չէ˜, մեր պատգամավորներն ավելի իրարասեր են. գոնե խորհրդարանում ձեռնամարտի չեն բռնվում: Իսկ ահա վերանկախացած Ուկրաինայի մանդատավորներն ավելի անհանդուրժող են: Ամենատարօրինակն այն է, որ տոտալիտար սովետական կարգերի «մնացորդ» կոմունիստներն են ստիպված` ժողովրդավարության դասեր տալիս անկախականներին:

Երկրի կոմունիստների առաջնորդ Պյոտր Սիսոնենկոն ազգայնականներին, իմա` նոր իշխանությանը, մեղադրել է մարդկանց վախեցնելու մեջ, ինչի արդյունքում իրադրությունը սրվել է Ուկրաինայի արևելքում: Գերագույն ռադայի ամբիոնից կոմունիստը հայտարարել է, թե իշխանության եկած ազգայնականներն ամեն ինչ անում են` մարդկանց վախի մթնոլորտում պահելու համար.

- Դուք անում եք ամեն ինչ, որպեսզի վախեցնեք մարդկանց: Դուք ձերբակալում եք մարդկանց, դուք պայքար եք ծավալել այլախոհության դեմ:

Հաղթողի անհաղթելիությամբ տոգորված իշխող մեծամասնությունը ո՞նց կարող էր հանդուրժել քննադատությունը: Ազգայնական «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչ օրենսդիրներն անմիջապես նետվել են դեպի ամբիոն ու սկսել են հրել-քաշքշել հանդուգն կոմունիստին: Մյուս խմբակցություններն էլ հետ չմնալով` թեժացրել են ձեռնամարտը:

Ինչպես հայտնի է, այս շաբաթվա սկզբին Դոնեցկում ստեղծվել է «ժողովրդական խորհուրդ», որը Դոնեցկը հռչակել է ժողովրդական հանրապետություն և մտադիր է մայիսի 11-ին հանրաքվե անցկացնել` Ռուսաստանին միանալու նպատակով: Ավելին, խորհուրդը Մոսկվայից խնդրել է խաղաղարար ուժեր տեղակայել իրենց տարածքում: Նույն սցենարը կրկնվել է նաև Խարկովում:

Ինքնամասնատումն ուրիշ ի՞նչ կերպ է լինում: