ՈՒՄ ՈԻՍԵՐԻՆ Է ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅԱՆ ԲԵՌԸ


Արմինան, Արտակը և Կարենը… յուրօրինակ ամուր ընկերություն. հոգով սրտով նվիրված ընկերներ էին` նույն երազանքով ու ձգտումներով: Մինչ բժշկական ինստիտուտ ընդունվելն Արտակն ընկերներից մի փոքր ավելի ճանապարհ էր անցել` հարազատ Կալինինոյի (այժմ` Տաշիր) շրջանում աշխատել էր որպես չորրորդ կարգի փականագործ, ապա դիմել բժշկականի նախապատրաստական կուրս, հետո ընդունվել բուժֆակ: Արտաքին համեստության ներքո թաքնված էր անհանգիստ, որոնող էություն: Արտակ Խաչատրյանը միշտ այնտեղ էր, որտեղ ինչ-որ առանձնահատուկ բան էր կատարվում, կյանքը տրոփում էր, շարժվում, հոսում: Բուժական փորձաշրջանն անցկացրեց շինջոկատներում, հիվանդանոցներում, միաժամանակ աշխատում էր Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի միկրովիրաբուժության բաժանմունքում որպես բուժակ: Երբ ավարտեցին, ինտերնատուրա անցնելուց հետո Արտակը մեկնեց Կալինինո` որպես շտապօգնության կայանի վարիչ:

Տաղանդավոր էր, փայլուն գիտելիքների տեր, նրան մեծ ապագա էին կանխատեսում: Հոգին, սակայն, անհանգիստ էր, մտքով շարունակ այնտեղ էր` մեր ցավի ու հույսի կիզակետ Արցախում. շարունակ աչքի առջև պատկերվում էր իր օջախի շեմին վիրավոր ընկած արցախցին, որին օգնություն էր պետք:

Բժշկի´ օգնություն: Տանջալի մտքերը հանդարտվեցին, երբ 1991թ. հոկտեմբերին հայտնվեց Շահումյանում: Ստանձնեց Վերին Շեն գյուղի գլխավոր բժշկի պարտականությունները, օգնում էր բնակչությանը, պաշտպանական ջոկատի մարտիկներին: Հիվանդանոցի հալումաշ եղած «Նիվա»-յով, որը մի կերպ հարմարեցրել էր վիրավորներ տեղափոխելու համար, ճանապարհին 7 երեխայի կյանք փրկեց` ինքն էլ հազիվ փրկվելով մահից: Խարխուլ այդ «Նիվա»-ն դադարել էր անլեզու առարկա լինել, հավատարիմ ընկեր էր, քանի˜-քանի˜ վիրավորների փրկեցին մահվան ճիրաններից:

...1992թ. հունիս. թուրք ու ռուս գրոհում էին: Շահումյանի հայաթափման խնդիրն էր դրված: Ուժերն անհավասար էին, ու շահումյանցիները հարկադրված էին նահանջել: Տարհանվեց նաև Վերին Շենի հիվանդանոցը: Արտակը վերջիններից մեկը հեռացավ գյուղից: Շահումյանի անկումը շատ ծանր տարավ, երկար ժամանակ ուշքի չէր գալիս, ինչից էլ խոսեր` վերջում Վերին Շեն ու Շահումյան էր ասում:

Նրա կյանքը միայն իրենը չէր. միշտ այնտեղ էր, ուր օգնության կարիք կար: 1993թ. հունվարի կեսերին անդամագրվեց «Սպիտակ» փրկարարական ջոկատին, ու հաջորդ օրը հայտնեցին Վլադիկավկազի ձյունափլուզման լուրը: Ընդամենը մեկ ամիս էր, որ ամուսնացել էր: Չնայած նորեկ լինելուն, ջոկատի հետ մեկնեց Վլադիկավկազի մերձակայքը` դեպքի վայրում բուժօգնություն ցուցաբերելու ձնահյուսքի տակ մնացած հայ վարորդներին: Վերադարձավ մեկ ամսից և, հոգնությունը դեռ չթոթափած, օգնության կանչով մեկնեց Շահումյան:

- Իր մեկնելիս միշտ հանգիստ էի, հավատացած, որ ոչ մի վատ բան նրան չի պատահի,- ասում է Արմինան,- այդ անգամ տագնապած էի, անհանգիստ: Չկարողացա ասել` մի´ գնա: Ասացի. «Չեմ ուզում, որ այնտեղ հասնես «ոչ»-ս զանց անելով, ավելի լավ է` միասին գնանք: Ճիշտը միասին լինելն է»: Այդպես էլ եղավ: Ուղղաթիռով Շահումյան թռանք միասին: Երբ տեղ հասանք, իր ձեռքով ձևափոխեց, ավելի հարմարավետ դարձրեց վրանը: Վախենալով, որ կմրսեմ, վառարանը չափից ավելի փայտ լցրեց, ու այդ ջանալու հետևանքով հրդեհ բռնկվեց, մի կերպ հանգցրինք, տանջվում էր, որ ձեռքս այրվածք ստացավ: Առհասարակ վրանում անհրաժեշտ դեղորայքը, սարքերն այնպես էին դասավորված, որ ամեն պահի պատրաստ լինենք: Իր մասին պատմել չէր սիրում, իր մասին ուրիշներից էի իմանում: Տղաները պատմում էին, որ Թոդանի կռիվների ժամանակ իր բուժկետը ճակատագծից մի քանի մետր էր միայն այս կողմ: Բրեզենտե բաճկոնակ ուներ` բազմաթիվ գրպաններով, որ ինքն էր նախագծել ու կարել տվել Կալինինոյում: Դեղերով ծանրաբեռ այդ բաճկոնն անբաժան էր նրանից: Առհասարակ իրեն չվերաբերող բան չկար: Նոր տարուն մեծ ջանքեր գործադրեց, բայց կարողացավ շահումյանցի երեխաների համար նվերներ հայթայթել: Երեխայի պես ուրախացել էր: Ինչպե˜ս էր երազում մի «դվիժոկ» ձեռք բերել, որպեսզի գյուղի հիվանդանոցը, մարդիկ լույս ունենան:

Մարտի 11-ին ես ստիպված էի վերադառնալ. պետք էր անհրաժեշտ դեղորայք հայթայթել` Շահումյան հասցնելու: Դեղորայքն արդեն ձեռք էր բերված, ու պատրաստվում էի մեկնել, արդեն պատկերացնում էի Արտակի ուրախությունը, բայց...,- Արմինայի ձայնը բեկվում է,- իմ գնալուց շուտ ինքը «եկավ»:

Արտակը և Արմինան... գեղեցիկ ու կիսատ սիրավեպ, բեկված զգացմունքների բարձրակետում. նոր-նոր միայն, 1992-ի տարեվերջին էին իրենց 11 տարվա լուսավոր ու ջերմ ընկերությունը հաստատել ամուսնության դաշինքով և ապագայի ի˜նչ երազանքներ էին մտմտում, երազանքներ, որոնց ճամփան նախ Արցախով էր անցնում: Արմինայի ամեն բառում Արտակի կիսատ ճանապարհը շարունակելու բաղձանքը կար:

Գիտե՞ք, թե որքան է կարևոր բժշկի ներկայությունն այնտեղ: Երբ մարտի գնացողը գիտի, որ կողքին բժիշկ կա, իրեն ապահով է զգում, և դա ուժ է տալիս: Դրա համար էր Արտակը կռվի դաշտում, ու Արտակի տեղը թափուր չպետք է մնա: Շահումյանն Արտակի ոգու տունն էր, և Արմինան որոշում է գնալ դեպի տունն այդ վտանգված` վերքեր ամոքելու և կյանքեր փրկելու...

Արմինային առաջին անգամ հանդիպել էի 1993-ին և դժվար էր հրաժեշտը. ուզում էի ասել այդ պահին բնորոշ միակ անփոխարինելի բառն ու... չէի գտնում: Այդ նա էր` իդեալ-հայուհին, որին երգել-գովերգել են պոետները, նա, ով արիության ու հավատի հրով կարող է հրդեհել այրական բյուր սրտեր, նա, ում համար հայրենիքի սերը նախևառաջ զոհողություն է: Իսկ մենք օրավուր մեր հոգիները խեղդող կենցաղային հոգսերի օղակում կարծես դադարել ենք նկատել մարդկանց, որոնց շնորհիվ դեռ կանգուն է մեր հավատը: Ինչի՞ց է, որ կյանքը մեկին հերոս է դարձնում, մյուսին` չնչին առևտրական: Գուցե վճռորոշը ծնող էակի տեսակն է, նրա սերը, հավատը, որ կաթի հետ անցնում են զավակին: Կալինինոյում ապրող Խաչատրյանները (Արտակի մայրը բժշկուհի է, հայրը` հաշվապահ) զավակների հոգում սերմանել են սեր դեպի գիտությունն ու իմաստությունը: Գիրքը պաշտամունք է եղել այդ ընտանիքում, այստե´ղ է արմատը հայրենասիրության, որն Արտակին տանում էր դեպի Վերին Շեն ու Ղարաչինար: Եվ պատահական չէ, որ Վերին Շենի հիվանդանոցը թողնելիս նա ամենից շատ ցավ ու ափսոսանք է զգացել, որ գրքերը մնալու էին թշնամուն: Գրքերը թանկ էին իր համար, բայց խարխուլ «Նիվա»-ն նախ երեխաներին պիտի փրկեր, ու գրքերը գերի մնացին:

Հ.Գ. 2010թ. հունվարին զանգահարեցի Արտակի ծնողներին` Արփիկ Սահակյանին, Վլադիմիր Խաչատրյանին, գրքում զետեղելու համար խնդրեցի Արտակի լուսանկարը: Այն, որ Երևանում մեկը հիշել է իրենց զոհված որդուն, ալեկոծեց նրանց սրտերը: Տիկին Արփիկն արցունքախառն ձայնով հարցրեց. «Ինչո՞ւ են մոռացել մեր զավակներին, ոչ միայն Արտակին, այլև` տաշիրցի 36զոհված տղաներին: Ուրիշ տեղերում փողոցներ, դպրոցներ են կոչում զոհվածների անուններով, հետմահու պարգևների արժանացնում, իսկ մեր Տաշիրում լռություն է: Վերջերս մի պաշտոնյա շպրտեց երեսիս.

Ես չեմ քո տղային կռիվ ուղարկել:

Այս հոգեբանությա՞մբ ենք սերունդ դաստիարակելու:

Լուսանկարների հետ տիկին Արփիկն ուղարկել էր որդու մասին գրած իր ինքնաբուխ գրվածքները:

***

Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում բնակվող Նարգիզ Գուրգենի Շախյանը մի նամակ էր ուղարկել «Մռավի ղողանջներ» թերթի խմբագրություն, բայց այն ուշացած էր.

Շրջանի ամենածանր օրերին մեզ հետ մեր դաժան ճակատագիրն էր կիսում բոլորիս շա´տ սիրելի դարձած բժիշկ Արտակը ¥թող ների, ազգանունը մոռացել եմ¤: Իր երիտասարդ տարիքին անհամապատասխան զուսպ, գիտակ ու բարի խորհրդատու էր: Իննամյա տղայիս` Մինասի գլխին ուռուցք էր առաջացել, վերք դարձել, բայց չէր ուզում, որ բժշկի տանենք: Բժիշկ Արտակըհանգստացրեց, համոզեց երեխային: Հետո էլ վիրահատեց և մոտ մեկ ամիս անձամբ էր վիրակապում վերքը, մտերմիկ զրուցում: Նրանք այնպես էին մտերմացել, որ փոքրիկ Մինասս ամեն տեղ ասում էր. «Բժիշկ Արտակն իմ ընկերն է»: Իսկ երբ տեսնում էր բժշկին ֆիդայական հագուստով, հիանում էր, ասում. «Մա´մ« որ մեծանամ« ես էլ եմ Արտակի պես լինելու»: Տուն վերադառնալուց հետո քրոջն ու եղբորը ժամերով պատմում էր, թե բժշկի հետ ինչ են խոսել, ինչպես են խաղացել: Բացի այդ, ինչ լավ բան կար, ուզում էր տալ Արտակին: Մի անգամ իր փոքրիկ խաղալիք տանկը« որը շատ էր սիրում, վերցրեց, ասաց. «Տանելու եմ` տամ բժշկին»: Մենք ծիծաղեցինք« իսկ երեխան համառեց. «Էս տանկը տալու եմ Արտակին»: Այդ տանկի վրա մանր տառերով գրեցինք. «Հաղթանակի թալիսման» , ասացինք. «Դե« որ շատ ես ուզում, տա´ր, տուր իրեն»:

Մինասը արտասանում էր և դու, Արտա´կ, հուզվեցիր, աչքերդ լցվեցին: Վերցրիր տանկը և երդվելու պես ասացիր. «Անպայմա´ն կհաղթենք, մեզ մի տանկ էլ ավելացավ»: Ասացիր և ամուր սեղմեցիր երեխայիս ձեռքը: Մինչև հիմա, երբ որևէ տեղ ձեռքսեղմում եմ տեսնում, տասը տարի առաջվա այդ պահն եմ հիշում. դու` բոյ-բուսաթով, վճռական ու անվեհեր, իմ երեխան` գունատ ու նիհար, գլուխը վիրակապված... Հիմա, փառք Աստծո, տղաս էլ քեզ պես բոյով ու բուսաթով է, քո բնավորությամբ, որ այնպես տպավորված է նրա հոգում: Աստված նրան էլ է քո հմայքով օժտել:

Շնորհակալությո´ւն, թանկագին Արտա´կ, որդուս բուժելու և վսեմի օրինակ ծառայելու համար: Միշտ հիշում ենք քեզ: Քո անունը կրկնակի թանկ Է մեզ համար, որովհետև եղբայրս էլ այդ անունն էր կրում. ավտովթարից զոհվեց 1990թ©: Համոզված ենք, որ կարձագանքես այս նամակին: Համոզված ենք, որ այն թալիսման-տանկի հետ նորանոր հաղթանակների ես հասնում կյանքում: Կուզենայինք իմանալ քո հասցեն»:

Խմբ. կողմից. Հարգելի´ Նարգիզ և Մինաս, այս նամակը կրկին տակնուվրա արեց մեր հոգին: Կարելի է անվերջ ու անվերջ պատասխան գրել, բայց...: Խորին ցավով, մեկ հատիկ սուրբ բառով գրում ենք բժիշկ Արտակի հասցեն` «Եռաբլուր» ...: Շահումյանի շրջանի անկումից հետո Արտակ Վլադիմիրի Խաչատրյանը մտավ պարտիզանական ջոկատ, անձնուրաց կերպով կռվեց որպես ազատամարտիկ, անմնացորդ ծառայեց որպես բժիշկ և... 1993թ© ապրիլի 17-ին զոհվեց հանուն հայոց հողի ազատագրման: Պատմական Արցախի այն տարածքները, որտեղ վարչական նոր սահմաններով նոր Շահումյան շրջան է կառուցվում, ազատագրվել են Արտակի և նրա ընկերների արյան գնով: Եվ վերածնվող հայոց հողի հետ հավիտյան կապրի նրանց անունը:

Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ