Հրաչյա Ղափլանյան - 90

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՕՍԿԱՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍԸ


Կարծես ամենևին էլ զարմանալի չէր, որ ՀԹԳՄ նախաձեռնած «Արտավազդ» մրցանակաբաշխության գրեթե բոլոր անվանակարգերը աննախադեպ երիտասարդացած ներկայացան 2014-ի ի տոնահանդեսին: Պատահականության անհավատալի թվացող օրինաչափությա՞մբ արդյոք: Չէ՞ որ հայկական թատերական Օսկարն այս անգամ հանրահռչակում էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, խորհրդահայ թատրոնի հանրահայտ նորարար Հրաչյա ՂԱՓԼԱՆՅԱՆԻ 90-ամյա հոբելյանը:

Գրականություն ու արվեստ ծնող Լոռվա առեղծվածային բնաշխարհի աննշան այդ անկյունը` Գյառգյառ գյուղը յուրովի պիտի փառավորեր Հրաչյա Ղափլանյանը (1923-1988թթ.): Դերասանական բնատուր ձիրքն ի հայտ բերելով դպրոցական հանդեսներում` 12-ամյա մանչուկը Գիքոր, Միտկա (Գուսև, «Փառք») ու պատանի Մայակովսկի (Բաազով, «Իցկա Ռիժանաշվիլի») պիտի անձնավորեր` Վարդան Աճեմյանի գլխավորած Լենինականի թատրոնում: Առաջին Ուսուցչի սրաչք ուղղորդմամբ, ընդամենը 3 տարում խաղացած անհամար դերերով պիտի նկատվեր ու 1938-ին հրավիրվեր Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն` միաժամանակ թատերական ուսումնարանում մասնագիտական դասեր քաղելով Արուս Ոսկանյանից ու Տիգրան Շամիրխանյանից: Մեծ Հայրենականի հերոսամարտերում առնականանալով` 1946-ից պիտի գունեղացներ բեմափորձը` մտախոհ երազող Վանյա Սոլնցև (Կատաև, «Գնդի որդին»), ազնիվ ու գործունյա դպրոցական Օլեգ (Միխալկով, «Հատուկ առաջադրանք»), Դիկ (Լյուբիմովա, «Ձյունիկ»), կենսախինդ Սերգեյ Տյուլենին (Ֆադեև, «Երիտասարդ գվարդիա») և վաթսունից ավելի այլ տպավորիչ դերեր մարմնավորելով:

1950-ին հեղինակած առաջին` «Ուսուցիչը» պիեսում (որն անկյունաքարը դարձավ 8 տարի անց լույս ընծայված «Իմ ընկերները» ժողովածուի) ինքնաբավ պատանի Սուրիկի կերպարը պիտի ստանձներ ու վերջակետեր դերասանական գործունեությունը` Լևոն Քալանթարի բեմադրած Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»-ում Վանոյի երգիծապատ կերը կերտելուց հետո:

Ռեժիսուրայի «այբուբենին» տիրապետելով ԵՊՀԹ հիմնադիր գեղարվեստական ղեկավար Տիգրան Շամիրխանյանի հետ համատեղ արված «Բոռը» և «Սուվորովական ները» բեմադրություններով` առաջին ինքնուրույն աշխատանքը բեմ բարձրացրեց (Շամիրխանյան, Ղափլանյան, «Հետախույզներ»): Երկրորդում (Մալյարևսկի, «Կախարդական կարասը») ի հայտ բերեց ռեժիսորական անհամեմատ հասուն հնարամտություն: Շուտով, Մոսկվայի Գեղարվեստական թատրոնում մեկ տարի ռեժիսորական գիտելիքները թրծելուց հետո, 1953-ին Շամիրխանյանի արժանի «իրավահաջորդը» դարձավ: Նորաթուխ ռեժիսորի «Ոսկի քաղաք», «Հայրերի պատանեկությունը», «Սեր և խարդավանք», «Գիքորը», «Գիշերային հրաշք», «Սուրի և Սամի արկածները», «Արտիստը» ու տասնյակ այլ արդիաշունչ բեմադրություններում իրենց արտիստական կերպավորման գունապնակը հարստացրին Սոս Սարգսյանն ու Էդգար Էլբակյանը, Գուժ Մանուկյանն ու Նինել Դալլաքյանը, Էմմա Վարդանյանն ու Ժենյա Ներսիսյանը...

1959-ին 2 բեմադրություն արեց Մոսկվայի Լենինյան կոմերիտմիության անվան թատրոնում (Արաքսմանյան, «Քո սրտի կրակը», Յաղջյան, «Գիշերային հրաշք»): Ռեժիսորական տաղանդը 2 տարի բազմերանգելով Մայր թատրոնում` 1962-65 թթ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բեմադրիչը դարձավ (Ստրավինսկի, «Էդիպ արքա» և Բեռնստայն, «Վեստ-Սայդյան պատմություն»):

Արդեն պատկառելի բեմափորձ կուտակած` 1965-ից նախագահեց Հայկական թատերական ընկերության վարչությունը և իր իսկ նախաձեռնությամբ կազմակերպեց թատրոն-ստուդիա: Եվ, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նորանշանակ գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի ստեղծած «Արշալույս»-ի ինքնատիպ համատեղմամբ, 1969-ին կազմավորեց Երևանի դրամատիկական թատրոնը` նոր էջ բացելով ազգային բեմարվեստի տարեգրության մեջ: Նորարարական-փորձա րարական արդիաոճ բեմադրություններով («Անուշ», «Լավատեսական ողբերգություն», «Աննա Ֆրանկի օրագիրը», «Գիշերային պատմություն», «Աստվածային կատակերգություն», «Անօժիտը», «Սեր և ծիծաղ», «Հալածված առաքյալը», «Մեդեա») էապես նպաստեց թե´ ուրույն թատերաձեռագրի բյուրեղացմանը, թե´ շուրջը համախմբված խենթուխելառ երիտասարդ արվեստագետների (Լևոն Թուխիկյան, Վլադիմիր և Ժասմեն Մսրյաններ, Իշխան Ղարիբյան, Գուժ Մանուկյան, Էմմա Վարդանյան, Անահիտ Թոփչյան, Ջեմմա Կարագյոզյան, Հայկուհի Խուդավերդյան, Էվելինա Շահիրյան) արտիստական անհատականացմանը: Առանձնակի գորովանքով ամրացնելով իր երազանքների թատրոնի հիմքերը, 1973-79 թթ. տնօրինեց նաև Սունդուկյանի անվան թատրոնի ստեղծագործական ճակատագիրը: Նրա ամբարած կազմակերպչական ներուժի հանդեպ վստահություն ներշնչեց 1970-ին բեմավորած Շեքսպիրի «Օթելլո»-ն: Գրվեց Ղափլանյանի շեքսպիրիանայի առաջին էջը, որն իր փառահեղ շարունակությունն ունեցավ հարազատ օջախում («Ռիչարդ 3-րդ», 1972թ.) ու Մայր թատրոնում («Կորիոլան», 1978թ.):

Սերնդափոխության մշտառկա խնդրով մտահոգ` ստեղծագործելուն զուգահեռ 1975-ից դերասանի վարպետություն էր դասավանդում Երևանի գեղարվեստա-թատերա կան ինստիտուտում: Մոսկվայի Փոքր թատրոնում բեմադրեց Դանգուլովի «Ճանաչումը» և Ուկրաինկայի «Քարե տերը» (1970-71 թթ.)` վաստակելով իր ստեղծագործական տքնանքի գնահատության բարձրակետը` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումը: Իր արվեստի միջազգային ճանաչման սահմաններն ընդարձակեց Բրատիսլավայի ազգային թատրոնում` բեմադրելով Տոլստոյի «Կենդանի դիակը» (1976թ.) և Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում նորովի մեկնաբանելով Շեքսպիրի «Ռիչարդ 3-րդը» (1977թ.):

Փառքի դափնիներ նվաճած մեծանուն արվեստագետը երբեք ու երբեք չզլացավ իր բազմազբաղության մեջ ժամանակի առյուծի բաժինը հատկացնել ստեղծած թատրոնին, որի բեմից երևացին «գաղափարական» երկրում հետևողականորեն մերժվող անուններ` Անույ, Օլբի, Դյուրենմաթ, Իոնեսկո, Սայմոն...

Ռեժիսորական հաջող փորձեր անող համախոհների դերասանախմբում հիմա արդեն ինքն էր «իրավահաջորդ» փնտրում: Տպավորված Արմեն Խանդիկյանի առաջին աշխատանքով (Ժան Անույ, «Ուղևորն առանց ծանրոցի», 1972թ.) և հեղաբեկումնային 1988-ին նրա բեմադրած «Անվերջ վերադարձ» թատերաֆանտազիայով (ըստ Պարույր Սևակի)` իր թատրոնի գեղագիտության ջահը վստահաբար փոխանցեց ամենաուշիմ սանին: Հրաչյա Ղափլանյանի անունը նրա մահից հետո պատվով կրող այս թատրոնի գեղարվեստական ղեկը ամուր պահած ՀՀ ժողովրդական արտիստն այժմ` թատրոնի ծննդյան 45-րդ տարում, ինքն է փորձում «հմուտ նավապետ» գտնել: Պատմությունը, փաստորեն, կրկնվում է...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ