Բացօթյա կինոսրահում, հոգևոր արժեքների որմնանկարին 


Հայաստանում իր տեսակով աննախադեպ փառատոնը նախաձեռնել են «Ֆորմիկա Արտ Փրոդաքշն» կազմակերպությունը և «Ծիածան» հասարակական կազմակերպությունը Արարատյան հայրապետական թեմի օրհնությամբ:

 

Հայաստանի նկարիչների միության բազմամարդ մեծ ցուցասրահում այդօր մեզանում նախադեպը չունեցող` արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «Ֆրեսկո» միջազգային փառատոնի (նախագահ` Շահեն Նազարենկո) յուրահատկությունների բացահայտումն էր: ԶԼՄ-ների համարժեք ուշադրության կարելի է հանդիպել հանրահայտ «Ոսկե ծիրանի» «թեժ օրերին» միայն:

Որմնանկարչության հիմնական` ֆրեսկո տեխնիկայով էր արված կինոփառատոնի շնորհանդես-ասուլիսը: Նախամեկնարկային առաջին հանդիպման միջավայրն էլ հատուկ էր ընտրվել: Կազմակերպիչների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխըմբռնումը դյուրացնում էին աշխարհի 39 երկրներից «Արևավիշապ» գրաֆիկական հումորի 2-րդ միջազգային փառատոնի (տնօրեն` Հարություն Սամուելյան), «Նոյի վերադարձը» թեմայով մրցութային ծրագրին ներկայացված 164 մեկնաբանությունները: Իսկ «Արեգնազան» մանկապատանեկան երգչախմբի կենդանի կատարումներով խաղաղ զրույցի մտերմիկ մթնոլորտն էր անխաթար պահվում: Նորաստեղծ կինոփառատոնի հոգևոր պատասխանատու Տեր Եսայի քահանա Արթենյանի անչար պարզաբանումներով վերստին կարևորվում էին քրիստոնեական հավատքի հիմնադրույթներն ու հանրահայտ խորհրդանիշերը` սկսած «Ֆրեսկոյի» «զինանշանը» դարձած կանաչաբիբ ձկան կմախքից մինչև Աստծո Որդու քարոզած մարդացնող հավատքի լուսեղեն էությունը: Հայաստանյան միջազգային տասնյակ փառատոների կազմակերպչական քուրայում պատկառելի փորձառություն ձեռք բերած Շահեն Նազարենկոն իր հիմնած «Ֆրեսկոյի» ինքնատիպ գրավչությունն էր ներկայացնում` հավատընծա դարձնելով մշակութային այս նորահայտ նախաձեռնության անհրաժեշտությունը` մեր հասարակության հոգեմտավոր «բժշկման» տեսակետից:

Հոգևոր, կրոնական, հասարակական-սոցիալական և համամարդկային կարևորության այլ թեմաներ արծարծող բազմաժանր ֆիլմերի անվճար բացօթյա ցուցադրութ յունները Երևանի մարդաշատ վայրերում և մարզերում (Օձունի, Ախթալայի, Տաթևի վանական համալիրների մերձակա տարածքում) իրապես հասանելի են լինելու հասարակության բոլոր խավերին: Բացօթյա կինոսրահներում և կինոճամբարներում առանձնահատուկ խնամքով են ներգրավվելու տարբեր հիմնախնդիրներ ունեցող հաշմանդամները: Ավելին, ապահովվելու են համապատասխան պայմաններ, որպեսզի փառատոնի տասնօրյա ընթացակարգում ծրագրված թեմատիկ քննարկումներին նրանք մասնակցեն մյուս բոլոր կինոսիրահարներին հավասար: Արդեն ակտիվորեն գործող www.fresco.ΖΗ էլեկտրոնային հարթակը բոլոր հետաքրքրասերներին հնարավորություն է տալիս անքթիթ հետևելու «Ֆրեսկոյի» նախաձեռնած ամենատարբեր միջոցառումներին, որոնց փորձ է արվելու համաժողովրդական տոնախմբության շուք հաղորդել:

Մարդասիրական գաղափարախոսության սրտամոտ քարոզչությունը որդեգրած այս կինոփառատոնում մտադիր են կրոնական հանդուրժողականություն, բարոյական վսեմ արժեքներ պատվաստել` 25 տարբեր երկրներից արդեն ընդունված 300-ից ավելի ֆիլմերից յուրաքանչյուրի բովանդակային ու գեղարվեստական արժանիքների մասնագիտական և հանրամատչելի վերլուծությամբ:

«Ֆրեսկոյի» կազմակերպիչները համոզված են, որ արտերկրում լայնորեն տարածված ինքնօրինակ կինոհամաժողովի նորամուտը Հայաստան էապես կխթանի թե´ հոգևոր-բարոյական մարդասիրական բարձրարժեք տարաժանր ֆիլմերի ստեղծումն ու զարգացումը, թե´ դրանց նկատմամբ հանրային պահանջարկի ավելացումը: Անվանակար գերն էլ հայտնի կարծրատիպերից տարբեր ձևակերպումներ ունեն. «Լավագույն մարդասիրական ֆիլմ», «Լավագույն մեսիջ», «Խնդրի լավագույն վերլուծություն», «Սեր և խաղաղություն», «Մեր օրերի հերոսը» և այլն: Հանրային ընդգրկուն կինոսրահում արդի արվեստի և հոգևոր արժեքների միջազգային միտումների համադրումը հայ կինոգործիչներին հավելյալ հնարավորություն կընձեռի միջազգային փոխհարստացնող շփումների զգալի պակասը որոշ չափով հաղթահարել` արտերկրի կինոգործիչների հետ նույն տիրույթում տասնօրյա անկաշկանդ երկխոսությամբ: Գուցե և գտնվեն միջազգային համագործակցության եզրեր` նորածին ուշագրավ կինոմտահղացումների ներշնչանքով:

Զսպելով «Ֆրեսկոյի» հանրահռչակման մեր նախամեկնարկային խանդավառությունը` հավելենք, որ նախնական ընտրության համար ֆիլմերն ընդունվելու են մինչև ապրիլի 30-ը, մրցութային ֆիլմերի նախնական ընտրության արդյունքները հայտնի կլինեն մայիսի 22-ին:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ