«Կյանքն ամբողջությամբ հեքիաթային անակնկալ է»


Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում ուսումնառությունից հետո դերասանուհի Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆԸ որպես մեներգչուհի և դերասանուհի հանդես եկավ Սունդուկյանի ազգային ակադեմիական, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, «Մետրո», ինչպես նաև «Ոզնիներ» թատրոններում: Արմինե Գրիգորյան երգչուհին հայ հանդիսականի կողմից սիրելի դարձավ իր մի շարք հումորային կատարումներով:

- Ինչպե՞ս մուտք գործեցիք շոուբիզնես:

- Երկար տարիներ աշխատել եմ թատրոնում: Սկզբում եղել եմ Սունդուկյանում, ապա` Պարոնյանում, «Մետրո» թատրոնում, հետո` «Ոզնի»-ում: Երգարվեստ մուտք եմ գործել 1992-ին, «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճում Արթուր Գրիգորյանը շոու էր կազմակերպում: Առաջին կատարումս եղել է Ալլա Պուգաչովայի «Придумайчто-нибудь», բայց, իհարկե, հայերեն բառերով, հեղինակը Վիգեն Ստեփանյանն էր:

- Հայտնի մի քանի կատարումներից հետո հեռացաք ասպարեզից: Ի՞նչն էր պատճառը:

-Սկսեցին խոընչդոտել իմ գործունեությանը, այսինքն` երգել կամ տեսահոլովակ նկարել, այդ իսկ պատճառով էլ դուրս մղվեցի: Վերջին տեսահոլովակը Աշոտ Ղազարյանի հետ նկարահանվեց, կոչվում էր «Ընտանեկան լուսանկար»: Իսկ «Ֆուտբոլիստ է իմ յարը» երգով կարծեք ամեն ինչ ավարտվեց: Դրանից հետո այլևս ոչինչ չնկարահանվեց: Իհարկե, ընթացքում երգեր գրվում էին, սակայն տեսահոլովակներ չէին նկարահանվում, եթերում չէին հայտնվում:

- Այսօր ասելիք ունե՞ք Ձեր լսարանին, կա՞ն նոր մտահղացումներ:

- Ես երկար ժամանակ աշխատել և ստեղծագործել եմ, բայց ըստ արժանվույն չեմ գնահատվել: Նոնա Սահակյանցի հետ նոր հաղորդում նկարահանեցինք, որի մեջ նաև անիմացիա կար: Այն նույնպես եթեր չհեռարձակվեց:

- Ձեր երգերը հիմնականում հումորային են...

- Հումորի միջոցով մարդը կարող է արտահայտել նույնիսկ ամենացավալի ապրումը, և դա օգնում է շատ ծանր չտանել: Մեր մեջ ձևավորվել է այն կարծիքը, որ եթե լուրջ երգ չես երգում, ուրեմն անլուրջ ես: Ես ցանկացել եմ մարդկանց փոքր-ինչ ուցախացնել:

- Ունե՞ք կարգախոս:

- Կան, իհարկե, շատ կարգախոսներ, բայց ամենաշատը, որ կյանքում կիրառել եմ, «Մենք ենթադրում ենք, Աստված` տնօրինում» արտահայտությունն է: Հաջողության գրավականն էլ «անհաջողակ աստղի տակ» ծնվելս է: Եվ իմ կյանքն ամբողջությամբ հեքիաթային անակնկալ է:

- Երբևէ եղե՞լ են հիասթափություններ:

- Առհասարակ հիասթափություններ շատ են եղել, բայց հաջողություններն էլ այնքան շատ էին, որ հաճախ դրանց ուշադրություն չեմ դարձրել:

- Անձնական կյանքում փոփոխություններ կա՞ն:

- Ինչքա˜ն ժամանակ է փոփոխություն չկա: Ունեմ սիրած անձնավորություն, երկար ժամանակ միասին ենք: Չգիտեմ մենք միասին կլինե՞նք իմ` երկրից հեռանալուց հետո:

- Խենթություններ անո՞ւմ եք:

- Առանց խենթությունների ես գոյություն չունեմ: Սևակն է ժամանակին ասել. «Մինչև չգժվի, ջուրը չի եռա»:

- Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ մարդ:

- Ես իսկապես ինձ երջանիկ մարդ եմ համարում, քանի որ կյանքից ստացել եմ գրեթե ամեն ինչ: Իսկ ինչ էլ չեմ ստացել, հույս ունեմ` դեռ կտրվի ինձ:

Մարգարիտ ՍԱՔՈՒԼՅԱՆ