ԻՍԿ Ա´ՅՍ ՄԱՍԻՆ ՈՎ Է ՄՏԱԾԵԼՈՒ


 

Մաշտոցի պողոտայի սկզբնամասում, իբրև մայրաքաղաքի կենտրոնի յուրատեսակ մուտք-խորհրդանիշ, հառնում է Սուրբ Սարգիս եկեղեցին, որի կողքին Այրարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանն է: Ամեն օր հարյուրավոր մարդիկ են գալիս այս եկեղեցի, իսկ եկեղեցական տոների ժամանակ այցելուների թիվն անցնում է հազարներից: Դեպի տաճար տանող գլխավոր ճանապարհն անցնում է գետնուղու միջով, ու գետնուղին դառնում է քաղաք-տաճար ինքնատիպ կամուրջը: Շատերը ձգտում են շրջանցել ճանապարհը, երկարացնել այն` միայն թե չանցնեն գետնուղիով, որը ժամանակին մայրաքաղաքի ընդգետնյա ճարտարապետության լավագույն նմուշներից էր համարվում` բարեկարգ, խանութների շարքով: Այսօր այնտեղ գարշահոտություն է տիրում. այդ գետնուղին շատերի համար արտաքնոց է դարձել, որտեղ անգամ ցերեկները կեղտոտ գետնին մրափում են շները: Մի քանի մանրավաճառներ են միայն առևտուր անում (հիմնականում մոմ, խունկ, հավատալիքային հուշանվերներ): Ոստիկաններն էլ հետևում են հասարակական կարգուկանոնին:

Ոչ ոք չի մտածում այս գետնուղու բարեկարգման ու մաքրման մասին, ոչ ոք չի ուզում հիշել, որ այն մայրաքաղաքի ամենամեծ հանգուցային գետնուղիներից է, որը ոչ միայն ապահովում է կապը Սուրբ Սարգիս առաջնորդական եկեղեցու հետ, այլև իրար կապում մի քանի փողոցներ: Այստեղով անցնում են դպրոցականներ, այստեղ են գալիս զբոսաշրջիկներ: Եվ մեծանում է հիասթափությունը, զզվանք է ծնվում ոչ միայն այս գետնուղու, այլև մայրաքաղաքի հանդեպ: Վերջերս քաղաքապետարանի նախաձեռնությամբ գետնուղում լուսավորության հարցը լուծվեց և նպաստեց, որ այստեղից հեռանան գիշերները հավաքվող մարմնավաճառները: Սակայն դա հարցի լուծում չէր, որովհետև գետնուղին ամբողջական նորոգման ու մաքրման անհրաժեշտությունն է զգում: