ՀԴԿ ծրագիրը խարսխված է դեմոկրատական սոցիալիզմի հայկական մոդելի վրա


 

«ԵԹԵ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒՐԵՄՆ` ԴԵՄԿՈՒՍ»

Հարցազրույց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հանրապետական խորհրդի անդամ Արամ ԳՅՈՒՐՋՅԱՆԻ հետ:

- Այսօր, երբ պաշտոնապես սկսվել է նախընտրական քարոզարշավը, ի՞նչ կուզենայիք ասել մեր քաղաքացիներին:

- Ընտրությունների ժամանակ մենք սկսում ենք գովազդել անձանց, առաջնորդներին և մոռանում ենք ամենակարևոր սկզբունքը. այն է, որ ընտրությունները երկրի կառավարմանը քաղաքացու ներգրավվածության ռեալ հնարավորությունն է: Քաղաքացին կարծես մոռանում է, և նրան օգնում են, որպեսզի մոռանա, որ իրականում գլխավոր գործող անձն ինքն է: Հենց նա է կատարում ընտրությունը, թե հետագայում ինչ ճանապարհով է ընթանալու երկիրը: Սկսվում են անհատների PR-ներ, անհատների գովազդներ, և ամեն ինչ վերածվում է «միսս» կամ «միստր Հայաստան» մրցույթի, ու քաղաքացու դերը մղվում է երկրորդ պլան: Ընտրություններին ընդառաջ` ուզում եմ բարձրաձայնել և դիմել բոլոր քաղաքացիներին` մասնակցեք ընտրություններին` կատարելով իսկապես ընտրություն: Դուք եք որոշելու և դուք եք պատասխանատուն այն ապագայի, որն ինքներդ եք ընտրելու, և որևէ մեկը չի կարող ձեզ թելադրել, ուղղորդել` եթե իր առաջարկած ծրագրի հետ համաձայն չեք: Դուք ընտրում եք ոչ թե անհատներ, դուք ընտրում եք զարգացման սկզբունքներ, դուք ընտրում եք ճանապարհ, որով ուզում եք ինքներդ շարժվել և որով ուզում եք, որ շարժվեն ձեր զավակները: Ընտրեք, որ չպարտվեք:

- Ինչպե՞ս եք գնահատում այն, որ խորհրդարանական չորս կուսակցություններ ստորագրել են փաստաթուղթ` ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին: Որքանո՞վ է այն ունակ իրականացնելու այդ փաստաթղթում արձանագրվածը:

- Բնականաբար, բոլորս ենք շահագրգռված առանց կեղծիքների ընտրություններ ունենալու մեջ: Եթե խոսքն այն մասին է, որ համախմբված աշխատանքով կանխենք հնարավոր կեղծիքները, ապա միանշանակ պատրաստ ենք բոլորի հետ աշխատել: Այդ սկզբունքն ընդունելի է բոլորի համար: Բայց մենք ներգրավված չենք եղել այդ փաստաթղթի քննարկումներին: Մենք չենք ուզում գտնվել անկոչ հյուրի կարգավիճակում, որպեսզի ստորագրենք ինչ-որ քննարկման տակ, որին ինքներս չենք մասնակցել: Ի վերջո, դա ուղղակի լուրջ չի: Եթե մենք խոսում ենք մի երևույթի մասին, որի համար կարծես թե շահագրգիռ ենք բոլորս, ապա նշանակում է` բոլորս էլ այդ` թիմային զգացողությունը պետք է ունենանք: Իսկ տվյալ դեպքում զգացողությունը ոչ թե թիմային է, այլ ճամբարային: Խոսքիս սկզբում էլ ասացի` սա անհատների մրցակցություն չի:

- Ինչո՞վ եք բացատրում, որ բոլոր կուսակցություններին նման առաջարկ չի կատարվել:

- Տվյալ դեպքում կասկած է հարուցում, որ այդ նախաձեռնության հեղինակները բարի մղումներով են հանդես եկել: Որովհետև եթե մենք իսկապես միասնական նպատակ ունենք, բոլորս շահագրգռված ենք համագործակցել ընտրություններում կեղծիքները կանխելու ուղղությամբ, ապա այդ համագործակցությունը պետք է լինի իրական: Ոչ թե գործենք «Մենք մի քանի հոգով ինչ-որ բան որոշեցինք, դո՞ւք ինչ կարծիք ունեք դրա մասին» սկզբունքով:

- Ի՞նչը կամ ո՞վ է ՀԴԿ թիրախն այս քարոզարշավում:

- Եթե մենք ինչ-որ մեկին համարենք թիրախ, ապա կստացվի անհատների մրցակցություն: Բայց սա անհատների մրցակցություն չի, սա ծրագրերի առաջարկ է քաղաքացուն, և հենց նա պետք է կատարի ընտրություն, թե ում ծրագիրն է իր համար առավել ընդունելի: Եթե մեր առաջարկած ծրագիրը քաղաքացու համար ընդունելի է, մենք համարում ենք, որ հաղթել ենք: Որևէ մեկի նկատմամբ մենք անձնական թշնամանք չունենք և ձեր ձևակերպմամբ` որևէ մեկին թիրախ չենք համարում: Քարոզարշավի մեր մեկնարկը նախատեսված է այսօր` Պատանի հանդիսատեսի թատրոնի դահլիճում: Քարոզարշավը ոչ թե շաբլոնային ինքնագովազդն է, ինչպես այսօր ընդունված է, այլ նախ և առաջ` երկխոսությունն ընտրողի հետ, որպեսզի նախ իրեն հասցնես ծրագիրը, այլև իրենց ակնկալիքները մեզ համար լսելի լինեն: Առանց հետադարձ կապի, սա վերածվում է մեկուսացված ճամբարների, ինչը հետագայում անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ է ծնում: Քարոզարշավին մասնակցելու մեր հիմնական խնդիրն այդ` ճամբարային կարծրատիպը հաղթահարելն է: Քաղաքացիների հետ երկխոսելու ենք` նպատակ ունենալով և´ լսելի դառնալ իրենց համար, և´ լսել նրանց մոտեցումները, դիրքորոշումները և ակնկալիքները:

- Դուք ընտրություններում կարևորում եք գաղափարախոսությունների, ծրագրերի մրցակցությունը, ինչն ընդունելի է յուրաքանչյուր նորմալ մարդու համար: Սակայն, այսօր, ցավոք, հայաստանյան ընտրական տեխնոլոգիաներում մեծ մասամբ հաջողություն է ապահովում կանխիկ գումարի տեսքով ընտրակաշառքը: Ինչպե՞ս եք պատրաստվում հաղթահարել այդ արգելքը:

- Ես նշեցի, որ կարևոր է ոչ միայն սեփական գաղափարների քարոզչությունը, այլ նաև ինչ-որ առումով, քաղաքացու հետ տարվող կրթական աշխատանքը: Այսօր մենք գտնվում ենք փոփոխությունների շրջանում, և մեր քաղաքացիները, ինչու չէ, ինչ-որ առումով նաև քաղաքականապես կրթվելու կարիք ունեն: Այն մարդիկ, ովքեր զբաղվում են պրոֆեսիոնալ քաղաքականությամբ, պետք է հասկանան, որ նաև այդ բնագավառի համար են իրենք պատասխանատու: Եվ այս առումով մենք անկեղծ և բաց երկխոսության եղանակով պետք է մարդկանց բացատրենք, որ ընտրակաշառքով նրանցից խլում են իրենց իշխանությունը: Սա միակ դեպքն է, երբ ընտրողը բոլորից վեր է, նա է կենտրոնական իշխանությունն այս երկրի: Եվ այդ իշխանությունն են նրանից խլում: Իսկ դրա դիմաց տրվող գումարներն անհամատեղելի արժեքներ են:

- Ո՞րն է Դեմոկրատական կուսակցության կարգախոսը:

- Մեր կարգախոսներից հատկապես երկուսը կուզենամ առանձնացնել: Առաջինն արտահայտում է այն սկզբունքները, որոնց մասին ես խոսեցի. «Ես` մենք ենք. հաղթենք միասին»: «Եթե արդարություն, ուրեմն` Դեմկուս»: Արդարության գաղափարախոսությունը միշտ եղել է այն հիմնաքարը, որի վրա կառուցվել են Դեմոկրատական կուսակցության բոլոր դրույթները:

- Արդյո՞ք կա այնպիսի քաղաքական ուժ, որի հետ կարող է Դեմկուսը համագործակցել:

- Համագործակցության մասին խոսք կարող է լինել ծրագրի շուրջ: Մեր ծրագիրը խարսխված է դեմոկրատական սոցիալիզմի հայկական մոդելի վրա: Մեզ համար սկզբունքորեն անընդունելի է մեր երկրում առկա իրողությունը: Հայաստանի Հանրապետությունում այսօր անհրաժեշտ են ոչ թե կոսմետիկ շտկումներ, այլ համակարգի փոփոխություն, որովհետև այն ճանապարհը, որով մենք ընթանում ենք, չի ստեղծում արդար բարոյահոգեբանական նորմալ մթնոլորտ: Իսկ այն համակարգը, որը խարսխված չէ բարոյականության և արդարության վրա, գնում է դեպի անկում: Այս առումով, եթե որևէ քաղաքական ուժ ընդունում է ծրագիրը և պատրաստ է աշխատել այդ ծրագրերն իրագործելու շուրջ, ինչո՞ւ չհամագոր ծակցել:

- Շնորհակալություն զրույցի համար և հաջողություն ձեզ:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ