Չէին բռնաբարել


 

Տարաբնույթ խոսակցությունների և մեկնաբանությունների տեղիք տված այս դեպքն ամիսներ շարունակ մի շարք լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր: Իսկ շրջանառվող լուրերն, իրոք, սովորականներից չէին. նախ` խոսքը անչափահաս աղջկա խմբակային բռնաբարության, իսկ ապա նաև` այդ հանցագործության մեջ պաշտոնյաների որդիների մասնակցության մասին էր:

Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության` 2011 թ. սեպտեմբերի 2-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կողբ գյուղի բնակչուհի, ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի, 1994 թ. ծնված Լուսինե Ն.-ն նախորդ օրվանից անհայտ կորել է: Նույն օրը, կեսգիշերին մոտ, աղջիկը ներկայացել էր ոստիկանություն և հայտնել, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Նոյեմբերյանի բնակիչներ Նարեկը, Սերգոն ու ևս մի տղա Նոյեմբերյան քաղաքին հարակից հանդամասում բռնաբարել են իրեն, որից հետո տարել և թողել են Կողբ գյուղում:

Ըստ մամուլի հրապարակումների` 17-ամյա աղջկա բռնաբարությանը մասնակից է եղել նաև Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին` Սերգեյ Ամիրաղյանը: Այս լուրը տարածվեց կայծակնային արագությամբ և մեծ աղմուկ հանեց հանրապետությունում: Նույնիսկ լուրեր էին պտտվում, որ քաղաքապետի գործերը լավ չեն, նրան աշխատանքից ազատել են...

Խոսվում էր նաև, որ աղջկան բռնաբարողներից մեկն էլ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակցի` ոստիկանության մայորի  տղա է: Իբր նրանք երկուսով` իրենց երրորդ ընկերոջ հետ, աղջկան նստեցրել են «BMW» մակնիշի ավտոմեքենան, տարել հանդամաս, իսկ ժամեր անց, իրենց սև գործն ավարտին հասցնելուց հետո, նույն ավտոմեքենայով նրան տարել էին Կողբ և իջեցրել գյուղի կանգառում...

Աղջկան դատաբժշկի ուղեգիր էր տրվել, ոստիկանությունը հետաքննություն էր սկսել: Այս ամենին զուգահեռ` որոշ լրատվամիջոցներում սկսեցին տուժած աղջկա վարքի վերաբերյալ ոչ բարենպաստ լուրեր շրջանառվել, և որ նա տղաներին «շառով» է արել...

Եվ ահա ամիսներ տևած քննությունից հետո ոստիկանությունից տեղեկանում ենք. 2012 թ. մարտի 30-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքից նյութեր են ստացվել, որ 2011 թ. սեպտեմբերի 2-ին Լուսինե Ն.-ն գիտակցաբար սուտ մատնություն է կատարել` հաղորդում տալով, թե իբր 1994 թ. ծնված Սերգեյ Ա.-ն, 1995 թ. ծնված Նարեկ Հ.-ն և 1994 թ. ծնված Սամվել Ա.-ն բռնաբարել են իրեն:

Ոստիկանությունից տեղեկացնում են նաև, որ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով, իսկ սուտ մատնության մասով քննություն է կատարվում: