Վիսլա ՍԵԴՐԱԿՅԱՆ

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴՈՒ ՈՒՂԵՂՈՒՄ


 

(հատված իմ «Նոր մարդ` նույն մարդուց» գրքի «առաջաբանից»)

ԱՆՈՆՍ` ԷՔՍՊՐՈՄՏՈՎ

Նորի´ց ու նորի´ց եմ համոզվում, թե´ Աշխարհով մեկ ի˜նչ շնորհակալ գործ են կատարում լրագրողները…

Ի՞նչ կլիներ մարդկության վիճակը, եթե նա պարբերաբար չիրազեկվեր (ՉԶԳՈՒՇԱՑՎԵՐ), թե ինչ սպառնալից ՏԱԳՆԱՊՆԵՐ կան` տիեզերքով մեկ: Եթե անգամ ուրիշ ոչինչ, ապա լոկ նման ահազանգումներով մարդկանց ԶԳՈՆԱՑՆԵԼ, նրանց ուշադրությունը սևեռել այս կամ այն վտանգի պրոբլեմի վրա, արդեն նրանց կերած հացը հալալ է անում:

Իմ «կարծիք-առաջարկը» ևս նմանատիպ մտահոգվածության արդյունք է:

«Չի կարելի մարդուն անվերապահորեն բանական արարած կոչել: Պլատոնը ժամանակին նրան նույնիսկ Աստվածների խաղալիք է որակել... Չի´ կարելի, քանզի նույնիսկ մեղուների ու թռչունների խոհեմության համեմատ` մարդու գիտակցությունը թերզարգացած է: Ավելին: Նա չի կարողանում նույնիսկ լիարժեքորեն օգտվել դրա տակ առեղծվածորեն թաքնված իր հարուստ հոգեկան ներաշխարհի` հատկապես ԲԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ, որ գոնե ինչ-որ չափով մեղմի իր ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅՈՒՆԸ...»:

(Քաղվածք շուրջ կես դար առաջ (1968 թ.) Հնդկաստանի Ջայփուր քաղաքի բուդդայական տաճարի կարգավար լամայի հետ ունեցած իմ հարցազրույցից):

Հեշտ չգրվեց այս հոդվածը: Ելնելով թեմայի բարդությունից և հատկապես այն լրագրային տարբերակով մատուցելու դժվարությունից, «խելքից դուրս» վերնագրեր ու սկիզբներ փոխեցի, մինչև այս տարբերակը կարծես սրտովս եղավ:

Ինձ միշտ բռնում էի այն մտքի վրա, որ հանկարծ ակնհայտ իրողությունները չհնչեին որպես «Նոր Ամերիկայի հայտնաբերում»: Երբեմն էլ քթիս տակ թաքուն ժպտում էի, հիշելով այն թևավոր խոսքը, որ Ամերիկան չհայտնաբերեց Կոլումբոսի նավի այն նավաստին, որն առաջինը նկատեց ցամաքը:

Ինչևէ: Անհանգիստ էի: Վախենում էի հատկապես ճիշտ չհասկացվելուց, եթե աներկբա պնդեի, որ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (հոդվածիս երկու սյուները) տարբեր, բոլորովին տարբեր բաներ են, ինչպես ճանապարհն իմանալն ու այն անցնելը... Թվում էր վիճակս ավելի կբարդացնեի, եթե նաև բարձրաձայնեի, որ դրանք միմյանց` նույնիսկ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ ԵՆ... Կնշանակեր խախտել դարեր ի վեր արմատացած տաբուն...

Այդուհանդերձ, որոշեցի ռուբիկոնն անցնել: Ժուռնալիստիկան «բա որ հանկարծ»-ը` մերժում է, առավել ևս, երբ հրապարակագրության շարժառիթը հար ու նման է «ԶԳՈՒՇԱՑԻՐ ՎՏԱՆԳԻՑ» ցուցանակի, եթե ոչ` «ՄԱՀԱՑՈՒ» է` հայտնի գանգապատկերով...

Այո´, «բանական արարած» կոչված մարդը (խե˜ղճ Պլատոն), անգամ «արարչագործության զարդ» հորջորջվածը (ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ´ՒՆ. Չեմ ընդհանրացնում, այլ դեմ եմ լոկ ԱՆՎԵՐԱՊԱՀՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄՆԵՐԻՆ... Չէ՞ որ մարդը` ՏԵՍԱԿԱՆԻ Է...), ոչ մի կապ չունի այն ԲԻՈՍՈՑԻՈՒՄԻ հետ, որը ամենագիշատիչն է բոլոր գիշատիչների մեջ: Որովհետև ՄՏԱԾԵԼ գիտի ու դրանով հանդերձ (որից ժամանակին ապշահար է եղել անգամ ՄԵԾՆ Պասկալը) չունի ՉԱՓԻ ԶԳԱՑՈՒՄ ու չի սիրում (չի էլ կարողանում) ԿԱՆԽԱԳՈՒ ՇԱԿՈՒՄՆԵՐ անել, հատկապես իր` ՏՆԱՔԱՆԴ գյուտարարական գործունեության հնարավոր ԲԱՑԱՍԱԿԱՆ հետևանքների և` առավելևս, դրանց ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ գործուն մեխանիզմների մասին: (Վերջին 100 տարում, նմանատիպ 100 գյուտերից 92-ը` ՄԱՀԱՑՈՒ մաշել են երկրագունդը (մարդուն) արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող ՕԶՈՆԻ շերտը)...

Եվ գիտե՞ք ինչու` չի կարողանում (սիրում) կանխագուշակել (կամ բնազդորեն չի գնում դրան, որովհետև ԵՆԹԱԳԻՏԱԿՑԱԲԱՐ գլխի է ընկնում, որ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿԵԼ ենթադրում է նաև` ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ, որն արդեն, հանճարեղ Ֆրոյդի և նվաստիս դիտարկմամբ` վեր է մարդու «լոկ տեր-տեղ բոցկլտուն» բանականության ուժերից (քավ լիցի, չեմ համեմատվում, սակայն չակերտների մեջ առնվածը իրոք իմ մտքի արգասիքն է և այն, կարծում եմ, չի քարկոծվի), քանզի եթե ԱՅԼՔ ևս Ֆրոյդից սովորեն, նրանց միտքն էլ` ԱՐԳԱՍԱԲԵՐ կլինի)...

Այո´, ՉԱՓԻ ԶԳԱՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ բարեխոսությամբ կամ ինչպես իմ գիտական խորհրդատու (Վեհափառ Վազգեն Առաջինի), հնդիկ մեծանուն գիտնական Սունիթա Կումարի Չաթերճին կասեր` «Աստվածային թույլատրելիության սահմանների խախտման» հետևանք է նաև այն, որ, ցավոք, նույնիսկ մարդկության ԶԳՈՆ ՏԵՍԱԿԱՆՈՒ աչքի առաջ, այդ իրենց հիվանդ հանճարեղությամբ տառապողները, անմեղսունակի ԴՆՋՈՒԹՅԱՄԲ շարունակում են սղոցել կարծես այն ատոմալիցք ճյուղը, որի վրա արդեն նստած են` ԵՐԿՐԱԳՆԴԻ հետ:

Դե արի ու մի ասա. «Մարդու ուղեղն է սառչում իր բնում և կանգ է առնում արյան հոսքը, էսքանից հետո էլ ինչ բանական արարածի մասին է խոսքը» (իմ տողն է` «ՑԱՍՄՈՒՆՔ» պոեմից` նվիրված «Հոկտեմբերի 27-ի» նահատակների հիշատակին)...

Այո´, խոսքը` մարդու արյան հետ մտած և միայն հոգու հետ դուրս ելնելիք ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅԱՆ մասին է, որն իհարկե` ՈՒՂԵՂԱԾԻՆ է և այս իմ ՏԱԳՆԱՊԱԼԻՑ «կարծիք-առաջարկի բուն նպատակն է` ընդամենը նպաստելը, որ հենց ԱՅԴ ԲՆՈՒՄ «ՍՊԱՆՎԵՆ» ապագա մանկապիղծներ, եղեռնաթողներ, հայրենադավներ, ծնողուրացներ, տեռորիստներ, կրոնական ֆանատներ և ՉԱՐԻ ԱՅԼ ԴՈՒՐՍՊՐԾՈՒԿՆԵՐԻ «լույս աշխարհ բերող» ԲՋԻՋՆԵՐԸ... Չէ՞ որ ՉԱՐԸ ՄԱԳՆԻՍ է հենց նմանների համար, որոնք բարգավաճում են, երբ ՉԿԱ ԱՍՏՎԱԾԸ...

(Շարունակելի)