ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ


2000 թվականի մարտի 9-ին պաշտոնապես գրանցվեց Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդը, որի նախագահն է տիկին Ռիմա Առաքելյանը: Նպատակը` արժևորել, գնահատել նրանց արած գործը: Հավերժի ճանապարհին անմար են նրանց աստղերը: 92 թ. հունիսի 29-ին Երևանից, Արմավիրից, Ղարաբաղից 76 հոգի անհայտ կորան: Ամեն տարի նշվում է այդ օրը: Անցյալ տարի ՊՆ աջակցությամբ 60 հոգի եղան ԼՂ-ում: Ապշելու չափ ցավալի էր անհայտ կորածի մասին պատմությունը. Ռիմա մայրն իր հետ բերել էր հայորդիների անուն-ազգանուններով լեցուն մի էջ£ Անհայտ կորածներ... Սպիտակ թղթին հայորդիների քանդակված անունները կարծես շիկացնում էին օդը: Անտես, անհայտ ճակատագիրը մթագնեց նրանց համարձակ, վեհ կյանքը: Շահեն Էդուարդի Առաքելյանը ծնվել է Երևանում 1965-ի հուլիսի 31-ին: Սովորել Մ. Մանուշյանի անվան ֆրանսիական թեքումով թիվ 48 դպրոցում: Մայրը սրտի թրթիռով հիշեց Շահենի չարաճճիությունների մասին: - Մեր պապերը մշեցիներ են` Բուլանուղ գյուղից, հայրս 15 թվականի մազապուրծ փրկվածներից է, հանգրվանել է Ալավերդի քաղաքում: Ամուսնացա, տեղափոխվեցինք Երևան, երբ Շահենս ծնվեց, մի անհասկանալի ուրախություն ներխուժեց մեր տուն: Նա փոքրուց ինքնուրույն էր, համարձակ, սիրում էր հարցեր լուծել: Հիշում եմ` մի անգամ ապակի էր կոտրել դպրոցում, տուն եկավ շատ տխուր, դժվարությամբ ասաց «հերոսության» մասին, չէր ուզում` հայրն իմանար: Որդուս հետ ապակի գնեցինք և տարանք դպրոց: Երբեք չմոռացավ այդ մասին: Սիրում էր չարաճճիություններ անել ու հետո միայն գլխիկոր խոստովանել: Այդպես էլ առանց ասելու մեկնեց Արցախ: Առանց ասելու մեկնեց Արցախ, ու ոչ ոք չգիտեր, որ ընդգրկվել է «Արաբո» ջոկատում: Երբ անհայտ կորավ, նոր իմացան, ու Շահենը մասնակցել է մարտական շատ ու շատ գործողությունների, բազմիցս եղել Արցախում, բայց հարազատներին հավատացրել էր, թե Կապանից այն կողմ չի անցնելու: Մեկնելուց առաջ սրտի ինչ թրթիռով է համբուրել դստերը` Աննային, ջերմ հայացքը հառել կարոտ-սպասումից հալումաշ եղած ծնողներին, կնոջը, նորից սրտացավ ժպիտով հավատացրել` մի քանի օրից կգամ… Նա գիտեր անմահություն տանող հավերժի ուժը: - Երբ մեկնեց Ռուսաստան, հաճախակի գնում-գալիս էր գործերով: 88-ի խառը տարիներին որդիս լուրջ գործողություններ էր իրականացնում: Չգիտեինք, որ ընդգրկվել է «Արաբո» ջոկատում: Երբ իմացանք, մեծ աղմուկ բարձրացրինք. միևնույն էր, էլ իր խոսքից ետ չէր կանգնի: Մեզ հանգստացնում էր, որ լավ կլինի, շատ չմտածենք: Ախր ինչպես չմտածեինք, ծնող էինք... Նախնիներից ժառանգած սերը, արյան կանչը հոսում էր նրա երակներով, հանգիստ չտվեց, և նա ելավ` հանուն մայր հողի: 1988 թվականին միացել է Հայոց համազգային շարժմանը, իսկ 89-ին «Արաբո» կամավորական ջոկատի կազմում մասնակցել Արցախի ինքնապաշտպանական մարտերին և Հայաստանի սահմանների պաշտպանական մարտական գործողություններին: 1990-1992 թթ. ջոկատի կազմում մասնակցել է Գետաշեն, Մարտունաշեն, Շահումյան, Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերի ինքնապաշտպանությանը: 1992 թ. հունիսի 29-ին «Արաբո» և «Զեյթուն» միացյալ ջոկատների կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի Լենինավան, Հասան-Ղայա շրջանների մարտական գործողություններին: Այդ ժամանակ էլ ջոկատը անհավասար մարտերում ընկել է շրջափակման մեջ: Անհայտության մեջ մխրճվեց ջոկատի անդամների ճակատագիրը: Ինչպես մարտական ուղում է նշված. «Ականատեսների վկայությամբ` «Արաբո», «Զեյթուն» և «Արմավիր» ջոկատների տղաները մինչև վերջին փամփուշտը կռվել են որպես հերոսներ և չեն հանձնվել: Անհայտ է նրանց ճակատագիրը… Շահեն Առաքելյանը «Արծիվ Մահապարտների միություն» ՀԿ պատվավոր անդամ է»: - Պատանեկության տարիներին ինքնամփոփ էր, մտազբաղ: Մի աննշան խոսք նրանից չէր լսվի: Հենց այդ սերը նրան մղեց կրակին ընդառաջ: Նա խիզախ տղամարդ էր, որպես մայր` չէի ուզենա, որ լիներ այդքան համարձակ, ինքնամոռաց նվիրվող, հայրենապաշտ: Իր հետ գնացողները բոլորն էլ այդպիսին էին: 25 քաջեր գնացին Զեյթուն թաղամասից: Այդ նվիրյալները չէին տատանվում, վճռական պահերին կտրուկ որոշում ու գնում էին: Բոլորն էլ բարձրահասակ, թիկնեղ տղաներ էին: Մի քիչ էլ հայրը նպաստեց: Նա հայրենասեր է, ուզում էր` իր զավակն էլ այդպիսին լիներ: 1991 թվականն էր, Շահենս սիրած աղջիկ ուներ, ամուսնացավ, մի դուստր ունեցավ, հիմա սովորում է ԵՊՀ-ում: Որդիս շրջապատում լուրջ, ինքնավստահ, խիզախ անձնավորություն էր, ցանկացած հարց ինքն էր լուծում, այլ կերպ չէր կարող լինել: Կարողանում էր ճիշտ ելքեր գտնել, ընկերները նրան վստահում, հավատում էին: Երևի մայր եմ, այդպես եմ կարծում, բայց շրջապատում ակնհայտ էր նրա խոսքի կշիռը: Հիշում եմ` մարտական գործողություններից նոր էր վերադարձել: Ասաց իբր` Նոյեմբերյանից է եկել, հունիսի 15-ն էր, 16-ին նորից գնաց, ասաց, որ Կապանից այն կողմ չի անցնելու: Կեսգիշերին զանգահարեց, ասաց` 3 օրից տանը կլինի: Մինչև վերջին գնդակը տղաները պայքարել են: 18 տարի է անցել այդ օրից: Այդ վայրն այսօր թշնամունն է, մեր զավակների դիերը գոնե չտեսանք, չգիտենք` մահացե՞լ են, թե՞… Գուցե ողջ են, գերի են ընկել, չէ՞ որ ամեն ինչ հնարավոր է: Ոչ ոք վստահ ոչինչ չի կարող ասել: Նրանց ճակատագիրն անհայտ է: Երբ Սպարտայում մայրն իր որդուն պատերազմ էր ճանապարհում, վերցնում էր սուրը և ասում` սրանով կամ սրա վրա, իսկ մենք ոչ մի ձևով չստացանք մեր զավակներին: Խստապահանջ էինք Շահենի հանդեպ, բայց համառ պատանին իր վարմունքով կարողանում էր համոզել` չարաճճիությունները խաղաղ շուքի տակ բերելով ելքեր գտնել: Շատ լավ տիրապետում էր ֆրանսերենին, հրաշալի նկարում էր, այդ հատկանիշները հետո ի հայտ եկան դստեր` Աննայի մեջ: Երկրաշարժի օրերին դադար չունեցավ, եղբորս կինը և տղան փլատակների տակ էին մնացել: Նա մարդասեր էր, չէր կարող անտարբեր լինել: Ընկերներով շտապեցին այնտեղ: Միայն որպես ծնող չեմ ասում, այլ նա այդպիսին էր ընկերոջ, բարեկամի, հայրենիքի հանդեպ, ինչը քիչ էի նկատում շրջապատում:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ