Չի կարող պատահել


Աչքերդ փակիր և հաշվիր մինչև հարյուրը: Երբ արթնանաս, ամեն բան արդեն ետևում կլինի£ Ոչ մի կերպ քնել չեմ կարողանում: Ուղեղս չի անջատվում, աշխատում է սթափ, պարզ, ֆիքսում ամեն բան` ինչ կատարվում է վիրահատարանում: Ինձնից ասես առանձնացրած մեքենա` տալիս է կարճ, անդեմ նախադասություններ: Նման է Ցվետաևայի արձակին: Նա որտեղի՞ց գիտեր: - Ինչո՞ւ չի քնում: Ես տվել եմ ամենաբարձր դոզան: - Այդ Դո՞ւք եք ինձ հարցնում: Մեզնից ո՞վ է անզգայացնողը,- Դո՞ւք, թե՞ ես: Ի վերջո տվեք ինձ աշխատելու հնարավորություն£ ................. - Սկսեք, պրոֆեսոր: Նա վերջապես քնեց£ Այդ ե՞ս եմ քնել: Կուզեի իմաց տալ: Անհնար է: Անզգայացումն, այնուամենայնիվ, ազդում է` այն ինձ անշարժացրել է: Աստված իմ, մի՞թե այդպես լինում է: Ցավը կտրուկ է, սուր: Ես լարված լար եմ. կենտրոնը որովայնումս է, այնտեղից ձգում են ու բաց թողնում: Ամբողջ մարմնով դողում եմ: Ինձ խոշտանգում են: Ինչո՞ւ: Ահ, ոչ, սա վիրահատություն է: Զգում եմ ամեն բան: Նորից ձգված լարը: Ցավն անտանելի է: Աստված իմ, ինչո՞ւ£ - Ցավն այն բանի համար է, որ գնահատես, թե որքան ուժեղ եմ ես քեզ ստեղծել: Դու դիմանալու ես այդ ամենին և ապրելու ես: Ստեղծե՞՞լ: Ո՞՞վ է ստեղծել: Երբեմն տատանվել եմ մատերիալիզմի և իդեալիզմի միջև: Բայց…. Աստվա՞ծ: Անհեթեթություն: Չեմ հավատում: Ինձ հետ նման բան չի կարող պատահել: Խփում են վերքին… նորից: Ոչ, չեն խփում. ֆիքսում են սեղմիչներով: Աստված իմ, դրանք չպետք է չորսը լինեին: Մեկը պոկվեց: Նորից են ամրացնում: Ես կխելագարվեմ… Հատուցում: Երկար սպասված հատուցում: Փորձերի ժամանակ տանջել եմ կենդանիներին: Հիմա պառկած եմ ճիշտ այնպես, ինչպես իմ առնետներն ու ճագարները: Գիտեի, որ այդպես կլինի: Հանգստություն. վերջապես` հատուցումը: - Հեռացրեք տամպոնը, այն խանգարում է: - Այնտեղ արյուն կա, պրոֆեսոր: - Այնտեղ վաղուց արդեն արյուն չկա: Վերցրեք: Վերցրեցին: Նկատելի թեթևացում: Ազատվեց որովայնային աորտան, ազատ բաբախում է: Ահա թե ինչ է նշանակում լինել վիրաբույժ ի վերուստ: Նա համահունչ է հիվանդին, զգում ու վերականգնում է մարմնի ներդաշնակությունը: Ինձ մոտ դա չկա: Տրված չէ: Ես վատ փորձարար եմ: Տեսականը` ոչինչ, զգում եմ, բայց էքսպերիմենտում թույլ եմ: Բիբը, նորից բիբը: Ի՞նչ է նա անում: Ախ, հա, անեսթեզիոլոգը ստուգում է բբերի ռեակցիան լույսի նկատմամբ: Ես նրան տեսնում եմ: Ինչպե՞ս նա չի հասկանում, որ քնած չեմ: Ահա թե ինչ. իմ բբերը լայնացած են ցավից, իսկ նա մտածում է, որ դա խորը անզգայացումից է և ավելի է այն քչացնում: Բացի այդ, նա խնայում է երեխային: Միայն թե չխելագարվեմ: Ցավն ամենուր է: Չեմ կարող այլևս գոյատևել դրա հետ: Մեռնել, ազատվել: Հիմա հասկանալի է, թե ինչու վիրահատությունների ժամանակ երբեմն անսպասելի, անհասկանալի մահեր են լինում: Հնարավոր է, մահանում են ցավային շոկից: Մահանում եմ և ես: Մի պահ ինձ տեսնում եմ վերևից` վիրահատական սեղանին մեկնված, բժիշկների խոնարհված գլուխները, նրանց տենդոտ շարժումները, լսում եմ ընդհատ ձայներ, վիրաբույժի հրահանգները: Ներեցեք, պրոֆեսոր: Ոչինչ չեմ կարող անել ինձ հետ: Այնպես չեմ ուզում անհարմար վիճակի մեջ դնել Ձեզ: Դուք մեղավոր չեք: Ինձ մոտ պարզապես պարադոքսալ ռեակցիա է անզգայացման նկատմամբ: Երբեք չգիտեմ, թե ինչ կբերի գլխիս իմ հիմար օրգանիզմը: Իսկ կմեղադրեն Ձեզ: Նախանձողները հաստատ կջանան: Հեռանում եմ, իջնում եմ շատ խորը, մութ փոսի մեջ: Լույսն աստիճանաբար փոքրանում է` վերածվելով կետի: Վերջ, առջևում խավարն է, հանգիստը, անօրգանականը: Պայծառ Լույս` չկուրացնող, խաղաղ, ջերմ, Լույսի ալիքներ, հորդ շիթեր Սիրո, Բարության. լողում եմ այդ շողերի մեջ: Ըմբռնում եմ «երանություն» բառի իմաստը, «Աստված հոգիդ լուսավորի»: Հետաքրքիր զգացողություն է. ինչ-որ ժամանակ, շատ վաղուց անջատվել եմ հսկայական հոգևոր էությունից (զուգահեռ` «Սոլյարիս»-ի էներգիայի օվկիանոսի հետ), ապրել եմ երկրի վրա որպես առանձին մի էակ և վերջապես վերադառնում եմ, որպեսզի ձուլվեմ նախնական օվկիանոսի հետ: Հոգիս ցնծում, երգում է երջանկությունից: Եվս մի ակնթարթ, և կգնամ ընդմիշտ: Երջանիկ եմ կատարելապես, մայն մեկ բան է տանջում. հարազատներս երբեք չեն իմանա, թե որքան լավ է ինձ համար այստեղ և կտառապեն: Մայրս կկրկնի տատիկիս ուղին. կյանքի մնացորդը կանցկացնի շիրմատանը: Իմ էգոիզմն արդարացում չունի: Պետք է ստիպեմ ինձ վերադառնալ: Ուժիցս վեր է: Մնալ եմ ուզում: Ձայն` աներևակայելի հզոր և գեղեցիկ: Զուգակցվում է Լույսի հետ: Ակնթարթային ասոցիացիա «Հիսուսի երևումը ժողովրդին» նկարի հետ: Հասկանում եմ, թե ինչու սահմանից վերադառնալուց հետո սկսում են հավատալ: Գիտելիք, բայց ինչպիսի սարսափելի գնով: Զուգահեռ` իշխան Անդրեի մահվան հետ: Տոլստոյը մեծ է ամեն ինչում: Անտեղի համեմատություն: Մեծ է միայն Լույսը, ոչինչ համեմատելի չէ նրա հետ: Ձայնը. «Դեռ ժամանակը չէ, դու պետք է վերադառնաս»: Ամեն բան հեռացավ. միայն ես եմ, Լույսը և Ձայնը: Ողջ հոգով ճգնում եմ պատասխանել Լույսին, ցույց տալ պատասխան սեր, բարություն: Ապարդյուն: Գիտակցում եմ, թե որքան չնչին եմ Նրա համեմատությամբ, ինչպես ավազահատիկը արևի կողքին: Հոգիս շփոթված է, խորին հուսահատության մեջ: Լույսի ձայնը. «Տեսնում եմ, մի հուզվիր, տեսնում եմ, որ սիրում ես ինձ: Իմացիր: Ես կամ մարդկանց մեջ: Ձեր խղճի ձայնը, դա Աստծո մի մասնիկն է: Կկարողանա՞ս ապրել Խղճիդ հետ հաշտ ու ներդաշնակ, ուրեմն, իսկապես սիրում ես ինձ: Ավելին ես չեմ ուզում քեզնից»: (Շարունակելի)