ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ


 

Այս հարցն այսօր հետաքրքրում է ինչպես քաղաքագետներին, այնպես էլ հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներին: Հասկանալի է, որ առաջին հերթին կոալիցիայում գոյություն ունեցող հարաբերություններն ու զարգացումներն էլ պայմանավորում են քաղաքական գործընթացները, նախընտրական տրամադրությունները և, թող բարձրագոչ չդիտարկվի` երկրի ապագան: Մոտ մեկ տարի գլխավոր քաղաքական ինտրիգի առանցքում են հայտնվել Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հարաբերությունները, որոնք մերթ հստակվում ու խաղաղվում են, մերթ էլ անսպասելի սրվում: Քաղաքագետները նման իրավիճակները համարում են սովորական, օրինաչափ և անգամ հայտարարում են, որ դրանք ժամանակ առ ժամանակ հետաքրքիր են դարձնում կոալիցիոն հարաբերությունները, մեղմում «տաղտուկը»:

Մինչդեռ որոշ վերլուծաբաններ էլ համոզված են, որ այդ իրավիճակներն անպայմանորեն մեկնաբանվում են կոալիցիոն գործընկերներից մեկի նախընտրական ակտիվացմամբ, երբ քայլեր են ձեռնարկվում ինքնուրույնության պատրանքը ստեղծելու... Ասվածը վերաբերում է ոչ միայն հայաստանյան իրականությանը: Իսկ ահա զուտ հայաստանյան համատեսքստում անպայմանորեն հետաքրքիր են քայլերը, որոնք ձեռնարկում է ԲՀԿ-ն` այն երևութականությունը ստեղծելով, թե իբր լուրջ հակասություններ ունի կոալիցիոն մյուս գործընկերների հետ: Ավելի ճիշտ` ՀՀԿ-ի, քանզի շատ վաղուց «Օրինաց երկիրն» ինքնուրույն ուժ չի դիտարկվում և մեծագույն ճիգեր է գործադրում` ՀՀԿ-ի միջոցով իր կենսունակութ յունն ապահովելու համար:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ տակավին 2004-2007 թթ. Սերժ Սարգսյանի անունը լսել չկամեցող, այն տարիների պաշտպանության նախարարի անունն իր կուսակցության պաշտոնաթերթում անհանդուրժելի համարող Արթուր Բաղդասարյանն այսօր դարձել է Հանրապետականի ու նրա նախագահի ստվերը: Հետևաբար, գրեթե զրոյական վարկանիշ ունեցող ՕԵԿ-ը (որին դիմազերծ արեց օրերս այդ կուսակցությունից «հեռացված» Գագիկ Բաղդասարյանը) չի կարող կոալիցիոն իրավիճակների բաղադրիչը հանդիսանալ:

Ուրեմն, առաջին պլան են մղվում ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները, որոնք էլ իրենց վրա են սևեռում հանրության ու քաղաքական դաշտի ուշադրությունը: Այս երկու ուժերի միջև ցանկացած սուր հակադրություն կարող է վերաձևել քաղաքական դաշտը, կարող է ի հայտ բերել նոր հայեցակարգեր:

ԲՀԿ-ն, ըստ էության, որպես քաղաքական կուսակցություն, դեռևս կայացած չէ: Այն, իհարկե, ԱԺ-ում մասնակցում է օրինաստեղծ գործունեությանը, ունի նախարարներ, ձևավորում է որոշ միջազգային-միջկուսակցական կապեր, սակայն փոքր-ինչ տարտամ է նրա քաղաքական կարգախոսը, այնքան էլ հստակ չէ գաղափարախոսությունը: Դատելով Գագիկ Ծառուկյանի միջազգային կապերով և հանդիպումներով` ԲՀԿ-ն ձգտում է դեպի սոցիալ-դեմոկրատիան, դեպի կապիտալիստական սոցիալիզմը: Սակայն այս քաղաքական գիծն առայժմ հստակություն չունի, հետևաբար քաղաքական հայեցադրույթների համադրության մեջ շահում է Հանրապետականը, որովհետև այն հստակ արտահայտված ազգային գաղափարախոսություն ունի, հենվում է տարոնականության վրա` պաշտպանելով ցեղակրոնության ուսմունքի դրույթները: Ուրեմն, կոալիցիա են ձևավորել արդեն պատմական (20 տարին նույնպես պատմություն է) փորձ ունեցող և նոր միայն քաղաքականացող ուժերը, որոնք արտահայտում են ընտրողների գերակշռող մեծամասնության տրամադրությունները: Ընտրողներից շատերն էլ, հեռու լինելով քաղաքական աշխարհայացքից, ԲՀԿ-ն ընկալում են որպես Գագիկ Ծառուկյանի կողմից բարեգործություններ իրականացնող քաղաքական ակումբ:

Բայց, անկախ տարըմբռնումներից, հենց այս երկու ուժերի շնորհիվ կոալիցիան արդեն հինգ տարի ձևավորում է քաղաքական գործընթացները, կայուն պահում ներքաղաքա կան դաշտը, խույս տալիս առճակատումներից: Իհարկե, ժամանակ առ ժամանակ ոմանք փորձում են ԲՀԿ թիկունքում տեսնել Ռոբերտ Քոչարյանին, ենթադրել, թե նա է հուշում կուսակցության ռազմավարությունն ու մարտավարությունը, սակայն դրանք անհող հայտարարություններ լինելով` ոչնչով չեն ազդում ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններին: Ավելին, այստեղ մեկ անգամ ևս ի հայտ է գալիս այն մեծ ճշմարտությունը, որ որևէ հակասություն չկա երկրորդ և երրորդ նախագահների միջև, և նրանք գործում են փոխադարձ համաձայնության պայմաններում:

Բնականաբար, կառավարության վերջին նախաձեռնությունը կարող էր խիստ անհանգստացնել մի շարք ԲՀԿ-ական պատգամավորների, քանի որ հետայսու ստիպված էին լինելու ամբողջապես գործել «բաց դաշտում»` ի ցույց դնելով իրենց գործարքները: Հավանաբար, ներքին ընդդիմություն է եղել նաև որոշ ՀՀԿ-ական գործարար պատգամավորների մոտ: Մեր խորհրդարանում նման իրավիճակներ հաճախ են եղել: Ինչ վերաբերում է «կրակահերթերին», ապա դրանց էլ պետք է հանգիստ վերաբերվել: Քաղաքականությունը պայքար է, տեսակետների բախում, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում քաղաքական կյանքը, ապացուցում, որ տակավին չենք հասել բրեժնևյան կամ ալիևյան խորհրդարանների կարգավիճակին ու մթնոլորտին:

... Մինչ քաղաքագետներն ու վերլուծաբանները «նոր փոթորիկ» էին ակնկալում Հանրապետականի և «Բարգավաճ Հայաստանի» միջև` Գագիկ Ծառուկյանի խմբակցությունը վերադարձավ խորհրդարան և շարունակեց իր բնականոն գործունեությունը: Նշանակում է` կոալիցիայում ամեն ինչ խաղաղ է: Կարիք չկա տագնապել կամ էլ հրճվել:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ