ԱՋԱՓՆՅԱԿՑԻՆԵՐԻՆ ԴԺՎԱՐ ԽՆԴԻՐ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ


 

Երբ թաղապետի պաշտոնն ընտրովի էր, մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում միշտ էլ լարվածություն էր տիրում ընտրությունների ժամանակ: Անգամ դանակահարություն ների ու ծեծկռտուքի դեպքեր էին արձանագրվել: Հավանաբար, դժվար տարածք է` դժվար հարաբերություններով և խնդիրներով: Համապետական ընտրությունների ժամանակ էլ այս համայնքում միշտ ամենալարված ընտրություններն են ընթացել` այսպես ձևավորելով այն պատկերացումը, որ համայնքը հեշտությամբ չի ընդունում թեկնածուներին և հեշտութ յամբ չի քվեարկում:

Դատելով այս ամենից, կարելի է ենթադրել, որ խորհրդարանական ընտրություններն էլ այստեղ թեժ են լինելու, որովհետև արդեն իսկ մեծամասնականով առաջադրվելիք մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում: Գործարար և բանկիր Հարություն Փամբուկյանը, ով միշտ այստեղից էր պատգամավոր դառնում, ըստ շրջանառվող լուրերի` այլևս մտադրություն չունի խորհրդարան գնալ: Անգամ լուրեր կան, թե նա իր բիզնեսի մի մասը տեղափոխել է արտերկիր: Բայց Հ. Փամբուկյանի հրաժարումը չի թեթևացնում իրավիճակը, որովհետև արդեն հստակ է, որ պատգամավորության թեկնածու է առաջադրվելու Աջափնյակի վարչաշրջանի ղեկավար և նախկին թաղապետ Ռուբեն Հովսեփյանը` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը: Այս համայնքում չափազանց շատ են ապարանցիները, և հատկապես ՏԻՄ ընտրություններում այստեղ միշտ հաջողության են հասել ապարանցի թեկնածուները: Սա նշանակում է, որ Ռ. Հովսեփյանը արդեն կարող է ակնկալել հարազատ ապարանցիների ձայներն ու նրանց քարոզչությունը:

Իր առաջադրման մասին է հայտարարել Վահան Բաղդասարյանը, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: Ըստ որոշ տեղեկությունների` նա գործարար է, զբաղվում է վճարովի խաղերի բիզնեսով:

Արդեն իր առաջադրման մասին հայտարարել է նաև «Օրինաց երկիր» կուսակցությունից հեռացված Գագիկ Բաղդասարյանը: Հատկապես նա կարող է շահել մեծ թվով ընտրողների համակրանքը, քանի որ հրապարակավ բացահայտել է ՕԵԿ խմբակցությունում և կուսակցությունում տիրող բարքերը: Թեկնածուների ցուցակն այսքանով չի սահմանափակվում:

Մեզ հաջողվեց ճշտել, որ պատրաստվում են առաջադրվել նաև Պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Պարույր Կարապետյանը և այդ ընտրատարածքից 2003թ պատգամավոր ընտրված Մանվել Նազարյանը: Պարույր Կարապետյանին, ամենայն հավանականությամբ, կսատարի Աշոտ Աղաբաբյանը, իսկ Մանվել Նազարյանը վստահ է, որ ընտրողներն իրեն չեն մոռացել…

Լ.Մ.