ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է. ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԻՉՉԵՆ


 

Ազգային կինոմրցանակաբաշխության հանձնախումբը, որը ղեկավարում է Սոս Սարգսյանը, արդեն ընտրել է այն 36 ֆիլմերը, որոնք պիտի ներկայացվեն 12 անվանակարգերով սահմանվող մրցույթին: Եվ արդեն իսկ ակնհայտ է ձևը, որը երբեք բովանդակության չի փոխարկվում: Համաշխարհային կինոմրցանակաբաշխությունների պատմության մեջ նոնսենս կարող է համարվել մեր այսպես կոչված Կինոակադեմիայի որոշումը` մրցույթ կազմակերպել մոտ քսան տարվա ընթացքում ստեղծված ֆիլմերի միջև` ստեղծելով «մինի» և «մաքսի» մրցանակաբաշխությունների ավանդույթը, որն ինքնին ոչ արհեստավարժ մոտեցում է ազգային կինոյի նկատմամբ: Քսան տարիների ընթացքում համաշխարհային և ազգային կինոյում (ազգայինի դեպքում չօգտագործենք կինեմատոգրաֆ եզրը) տեղի են ունեցել լուրջ տեղաշարժեր, գեղարվեստական ֆաբուլայի և ձևի նորացումներ, փոխվել են գեղարվես տաարտահայտչական մի շարք համակարգեր, գեղագիտական նոր ընկալումներ ու չափումներ են ի հայտ եկել… Փոխվել են նաև պատկերացումները հերոսի և սոցիալական միջավայրի մասին, ժանրերն են ենթարկվել ինքնատիպ ընդարձակումների և նորացումների` այսպես գոյավորելով կինոընթացքի նոր փիլիսոփայությունը: Մինչդեռ մեր Կինոակադեմիան, կարծես անհաղորդ այս ամենին` մրցանակաբաշխություն է կազմակերպել տարբեր ժամանակների ֆիլմերի միջև` ասես հաստատելով ցավալի այն մտայնությունը, թե` քսան տարիների ընթացքում ազգային կինոն հեռու է եղել զարգացումներից, կերպարանափոխություններից և էվոլյուցիոն գործընթացներից: Հասկանում ենք, անշուշտ, որ հանձնախմբի նպատակն է եղել չվիրավորել և մրցանակներ տալ նաև նրանց, ովքեր իրենց ֆիլմերը ստեղծել են տասը-քսան տարի առաջ: Մարդասիրության դիրքերից` սա ընկալելի է, սակայն անընդունելի է խնդրի արհեստավարժ դիտումների տեսակետից: Մրցույթի հայտագրում ընդգրկված ֆիլմերից շատերի բեմադրիչներն իրենց աշխատանքները ստեղծել են ժամանակային տարբեր տիրույթներում` առաջադիր դարձնելով նաև ժամանակի գեղարվեստական-գեղագիտական միտումները: Ավելին, մի շարք բեմադրիչներ հետագայում հեռացել են ոճական այն նախասիրություններից, որոնք փորձարկել են այս կամ այն ֆիլմում: Վիգեն Չալդրանյանի` մոտ տասնհինգամյա վաղեմություն ունեցող «Ձայն բարբառո» ֆիլմն իր էությամբ ու բնույթով փորձարարական էր: Բայց ընդգրկվել է «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում` տպավորություն ստեղծելով, թե` ազգային կինոն կանգ է առել այս ֆիլմի ստեղծման ժամանակի տիրույթում: Այս անվանակարգում, որպես անհասկանալի գոյություն, հառնում է Առնոլդ Աղաբաբովի «Որտե՞ղ էիր, մարդ աստծո»-ն, որը հեռուստա տեսային ֆիլմ է` այդ ժանրի բոլոր կանոններով և սկզբունքներով: Այս ֆիլմի ընդգրկումն այդ անվանակարգում միանգամայն անընդունելի է, որովհետև պիտի ստեղծվեր «Լավագույն հեռուստատեսային խաղարկային ֆիլմ» անվանակարգը…

Անտարակույս, մյուս անվանակարգերում ևս նույն սկզբունքն է գործել` երբեմն չկարևորելով այն հանգամանքը, որ այս կամ այն դերասանուհին կամ դերասանն արդեն իսկ տվյալ կատարման համար մրցանակներ ստացել է: Այսպես, «Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված է դերասանուհի Անահիտ Հարությունյանը` «Ուրախ ավտոբուս» ֆիլմում Սաթենիկի դերակատարման համար: Այո´, դերասանուհու այս աշխատանքը մեր կինոյի իրապես լավագույն կատարումներից մեկն է, սակայն դերասանուհին հենց այս կատարման համար արդեն իսկ արժանացել է ՀՀ պետական մրցանակի` առայժմ առաջին ու միակ դերասանուհին` այդ մրցանակի պատմության մեջ:

Թերևս, միայն վավերագրական ֆիլմերի շարքում է միակ նոր աշխատանքը` Հովիկ Հախվերդյանի «Ճանապարհ դեպի Կոմիտաս» ֆիլմը, որում բեմադրիչը շարունակում է ոճական-գեղարվեստական այն սկզբունքներն ու ձևերը, որոնք տիրական էին «Մատենադարան» ֆիլմաշարում: Հանձնախումբը չի փորձել մրցութային հայտագրում ընդգրկել վերջին երկու-երեք տարիների ընթացքում երիտասարդ բեմադրիչներից մի քանիսի ստեղծած ֆիլմերը, որոնք, անշուշտ, ոճի, ժանրի ու գեղարվեստական ձևի ուշագրավ հայտեր են: Հենց նման կինոնկարների ընդգրկումը կձևավորեր բազմազանություն, կցուցադրեր էվոլյուցիոն այն ընթացքը, որն, այնուամենայնիվ, անհերքելի իրողություն է մեր կինոյում:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ