ԱՆՀԱՏԻ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ


 

Երկու տասնյակ գրքերի հեղինակ է Հայաստանի և ԼՂՀ Գրողների միության անդամ, բանասիրական գիտությունների թեկնածու, բանաստեղծ, արձակագիր Ժաննա ՀԱԿՈԲՅԱՆԸ

Ինչպես ինքն է ասում`

- Իմ նպատակն է գրքերիս միջոցով ընթերցողին վարակել հայրենասիրության վեհ ու հզոր զգացումով, որպեսզի նա հասկանա, որ խաղաղության լավագույն գրավականը զինված լինելն է:

- Այնպիսի հետաքրքրությամբ եք պատկերում մանավանդ պատերազմի մասնակիցների կերպարները, որ թվում է` տարիներ ի վեր ապրել եք նրանց կողքին, նրանց հետ գտնվել խրամատներում...

- Ես մանկուց դաստիարակվել եմ հայրենասիրության ոգով: Ինձ համար սիրելի երգերը ռազմական երգերն էին, սիրելի գրքերը` պատմավեպերը, սիրելի վայրերը` վանքերն ու լեռները: Դպրոցում էլ զինավարժության դասեր էինք անցնում, և ես լավագույն կրակողներից էի: Տանը մեր նախընտրելի տոնը հաղթանակի օրն էր: Պապս Հայրենական մեծ պատերազմի վետերան էր, մորս երկու քեռիները զոհվել են պատերազմում, կրտսեր եղբայրս, ընկերներիս մեծ մասը մասնակցել է Արցախյան կռիվներին:

- Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Արցախի հարցն իր ցանկալի լուծումը կստանա:

- Ես քաղաքագետ չեմ, սակայն հետադարձ հայացք ձգելով հայ ժողովրդի պատմությանը, առանձնապես լավատես չեմ: Սակայն այդ պայքարը ոչ միայն ճնշվում էր, այլև ամեն անգամ ուղեկցվում բռնություններով ու սպանություններով: Ադրբեջանցիներն այն ժամանակ էլ իրենց սպառնալիքներով ու սադրանքներով ոտնակոխ են արել մեր պատմական ճշմարտությունն ու արդարությունը, ինչը շարունակվում է առայսօր: Նրանք չեն հասկանում, որ անգամ եթե պատերազմեն արցախցիների դեմ, ոչինչ չեն շահի, որովհետև Արցախն այլևս ծնկի չի գա, մանավանդ որ վերջին տարիներին մեր բանակն ավելի է հզորացել:

- Եղե՞լ եք Արցախում հայտնաբերված Տիգրանակերտի ավերակներում...

- Անկասկած: Ես հպարտ եմ, որ Տիգրան Մեծի կառուցած չորս Տիգրանակերտներից առաջինը հայտնաբերվեց իմ հարազատ լեռնաշխարհի տարածքում: Այդ փաստը կրկին հաստատում է, որ Արցախը Հայաստանի մի մասն է, որ այն մեր հզոր նախնիների երկիրն է:

- Ինչպե՞ս եք տեսնում արցախյան մշակույթի վաղվա օրը:

- Աշխարհում այսօր բոլոր պետությունների համար ճգնաժամ է: Այդ ճգնաժամը վերաբերում է շատ ոլորտների` մշակույթի ճգնաժամ, անհատի, մարդկային հարաբերություն ների ճգնաժամ: Ցավոք, Արցախում չկա մշակութային միջավայր: Ինչպե՞ս պատկերացնեմ Արցախի մշակույթի վաղվա օրը, երբ 1932-ին հիմնադրված թատրոնի շենքը բոլորի աչքի առաջ փլուզվում է, կինոյի շենքերից մեկն ավերվել է պատերազմի ժամանակ, իսկ մյուսի ճակատագիրը հայտնի չէ, երբ Արցախի պատմամշակութային թանգարանը պայմաններ չունի, երբ Մուրացանի անվան գրադարանը շատ վատ վիճակում է և այլն: Թերևս հաջողությունը տեսանելի է միայն երգարվեստում:

- Այս տարի Հայաստանում կնշվի գրքի տպագրության 500-ամյակը...

- Առանձնապես ոգևորված չեմ: Ինչպե՞ս դրականորեն արձագանքեմ, երբ տարեցտարի փակվում են մեր գրախանութներն ու գրադարանները, երբ կրճատվում է ընթերցողների թիվը: Կառավարության ուշադրությունից անգամ դուրս են մնացել գրապալատի խոնավությունից փչացող միլիոնավոր գրքերը: Ժամանակակից տեղեկատվական դարում գեղարվեստական գիրքը ետին պլան է մղվել: Ինչքան էլ բարձրաձայնենք այդ մասին, արդյունքի չենք հասնի, քանի որ հայաստանյան եթերով ավելի հաճախ անորակ երգեր ու հեռուստասերիալներ են քարոզվում:

- Այդ դեպքում ինչու՞ ամեն տարի այդքան շատ գրքեր են հրատարակվում:

- Գրողը չի կարող չստեղծագործել: Դա հոգու պահանջ է: Գրքերի միջոցով նա ո´չ նյութական միջոցներ կարող է հայթայթել, ո´չ փառք: Խոսքս լուրջ գրողների մասին է, ովքեր ասելիք ունեն: Այս առիթով տեղին է հիշատակել ռուս մեծ գրող Մ. Բուլգակովի խոսքերը. «Չի կարող լինել պարգև` ստեղծագործական տառապանքի դիմաց: Տառապանքն ինքն է իր մեջ պարգև պարունակում: Դրա համար մի փնտրեք ձեզ համար ո´չ լույս, ո´չ անդորր»: Ցավոք, այսօրվա ընթերցողների մեծ մասը սոսկ զվարճանք է փնտրում` կարդալով ֆանտաստիկ ու էժանագին դետեկտիվներ: Այդ գրքերն էլ կարդում են էլեկտրոնային տարբերակով:

Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆ