«Մրջնաբույն» չինական մեծ պատը


 

Մրջյունների` բարդ կառուցվածքով հսկայական ստորգետնյա «քաղաք» է հայտնաբերվել Բրազիլիայում: Այս մեգապոլիս-լաբիրինթոսն իր կառուցվածքով ժամանակակից քաղաք է հիշեցնում` փողոցներով ու պարտեզներով: Այստեղ ժամանակին բնակվել է մրջյունների թերևս ամենամեծ գաղութներից մեկը: Սակայն ոչ ոքի հայտնի չէ նրանց անհետացման պատճառը:

Քաղաքն իսկապես անսովոր չափերի է: Պատկերացում կազմելու համար բավական է մեկ փաստ. հետազոտողներն ստիպված են եղել 10 տոննա բետոն օգտագործել լաբիրինթոսի արտաքին վերգետնյա շերտի բացվածք-օդանցքները լցնելու համար: Մրջնանոցի տարածքը 500 մետր քառակուսի է, խորությունը` 26 մետր: Ընդհանուր առմամբ մրջյուն ները շուրջ 40 տոննա բնահող են փորել: Տարածքում պեղումներ իրականացնող գիտնականների խմբի ղեկավար Լուիս Ֆորջին համոզված է, որ կառույցը կարելի է համեմատել Չինական մեծ պատի հետ` կատարված աշխատանքի ծավալի առումով: