«ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ»` ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ


Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և դեղ ներկրող ընկերությունների հակամարտությանն առաջիկայում «գործնական» բնույթ է հաղորդվելու£ Ներկրողները պատրաստվում են դատի տալ հանձնաժողովին` տուգանքները վճարելուց հրաժարվելու խնդրին իրավական լուծում տալու ակնկալիքով£ Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ նախորդ տարվա կեսերից դեղերի շուկան, «խոզի գրիպի» մոտիվներով առաջ ընկնելով համատարած թանկացումների «համաչափ» ընթացքից, տարեկան պլանը սկսեց մեկ ամսում կատարել` դրանով իսկ հայտնվելով հանձնաժողովի ուշադրության կենտրոնում... Թեև նշվում է, որ գնաճն այստեղ հատկապես սեպտեմբեր ամսից է կատաղի ընթացք ստացել, սակայն հանձնաժողովը, ինչպես հայտնի է, տուգանքների մասին որոշում միայն տարեմուտից առաջ ընդունեց` ուշացած այդ քայլով հնարավորություն տալով շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներին ևս չորս ամիս գերշահույթներ ստանալու հաճույքը վայելել£ Նման հապաղումն արդեն իսկ հետագա դեպքերի անցանկալի շարունակության մասին էր վկայում£ Առավել ևս, որ շուրջ կես միլիարդ դրամի տուգանքը նույնպես հաջորդող ամիսներին իր նախնական նպատակին այդպես էլ չծառայեց, և արդյունքում` դեղերի շուկայում հաստատված բարձր գներն անփոփոխ մնացին£ Իսկ մի քանի օր առաջ արդեն խորհրդանշական չափի` 2 միլիոն դրամի նոր տուգանքը ինքնին վկայում էր, որ ՏՄՊՀ¬ն «զենքերը» վայր է դնում, և փաստորեն այս մի շուկայում նույնպես կարգուկանոն հաստատելու գործում այս կառույցն անզոր է... Հասկանալի էր դառնում նաև, որ գրոհելու հերթը տնտեսվարողներին է հասնում£ Եվ մինչ դատարանը կփորձի հանգուցալուծել սույն անհեթեթ վեճը, առավել դիտարժան են դառնում այն փաստարկները, որոնք ներկրողներին ստիպել են իրականում բավական պարզ այս հարցը «դիվաբաշուն» հասցնել£ Թե° այս, թե° մյուս պարագաներում մրցակցային դիրքի ակնհայտ չարաշահումը սովորաբար նախորդ տարվա շահույթի 2 տոկոսն իբրև տուգանք վճարելով է սահմանափակվել£ Այստեղ անշուշտ արժե համաձայնել, որ նշված թիվն իսկապես խորհրդանշական է ու հատկապես խոշոր տնտեսվարողների պարագայում (որքան էլ ոչ այնքան համեստ գումարային արտահայտություն ունենա) վճարելիք կամ վիճարկելիք տուգանքները տվյալ շուկան մեծամասամբ այդպես էլ չեն կարգավորում£ Իսկ թարմ օրինակն ասվածը լավագույնս է ապացուցում£ Ավելին, այս դեպքում այնպես է ստացվել, որ դիցուք դեղ ներկրողները (իսկ առաջիկայում, բնականաբար, մյուսները նույնպես) այլևս տեղի տալ չեն պատրաստվում, ու նախնական ձևակերպումներում, իսկ ավելի ուշ` նաև դատարանում, նախատեսում են հիմնավորել (՞) այն, ինչին անհնար է հավատալ... Ըստ վերջիններիս պնդումների` տուգանքները վճարելու պարագայում իրենց կազմակերպությունները նյութական ծանր վիճակում են հայտնվելու, դուրս են մղվելու շուկայից, փակվելու են և այլն£ Թե ինչպես է ստացվում, որ ընդամենը 500 հազար դրամը, որ տվյալ դեպքում չնչին մի գումար է, կարող է կազմալուծել այնպիսի ընկերությունների, որոնք նույն 2009¬ի ընթացքում խոշոր հարկատուների ցուցակում առաջատար և բավական հաստատուն տեղեր են զբաղեցրել, իհարկե, միայն հայրենի դատարաններում կարող է ապացույցների «հանդիպել»£ Այլ հարց է, որ նման ապացույցներին հաստատ չեն հավատալու այն մարդիկ, ովքեր ամեն օր նշված տնտեսվարողների անուղղակի գրպանահատության զոհն են դառնում£ Ապրանքի (որը տվյալ դեպքում դեղերի մեծ և վերջին տարիներին հաջողությամբ սպառվող տեսականին է) որակական հատկանիշները թերևս ուրիշ քննարկման թեմա է£ Թեև քանի որ առիթը եկել է, վերահաստատենք, որ վերջին տարիներին մեր հանրապետությունը, ինչպես շատ այլ ապրանքատեսակների, այնպես էլ անորակ ու կասկածելի ծագման բուժամիջոցները սպառելու ամենահարմար վայրերից է համարվում աշխարհի դեղարտադրողների համար£ Եվ ամբողջ խնդիրն էլ այն է, որ նման դրսևորումները հայաստանյան գրեթե բոլոր շուկաներում են նկատվում, իսկ ՏՄՊՀ¬ի գործունեության անարդյունավետությունը մեծագույն ցանկության դեպքում անգամ անհնար է չնկատել£