«Արձանագրություններ ձեռնտու չէին»


-Հայաստանին Արձանագրություններն իրենց անհեթեթ տեքստով ի սկզբանե ձեռնտու չէին: Դրանք ի հայտ բերելը բովանդակազուրկ քաղաքականություն էր, ավելի շուտ... քաղաքական բացակայության նշան,- երեկ հայտարարել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` հավելելով, որ Հայաստանը պետք է հասկանա` նախկին դիրքին վերադառնալ այլևս հնարավոր չէ, ուստի պետք է գործել նոր իրավիճակում և փորձել կանխել դրանից բխող վտանգները: Մելիքյանի համոզմամբ` հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի ձախողմամբ «մենք լրացուցիչ ձեռք կբերենք շատ ակտիվ հակառակորդ և թշնամի: Թուրքիան կակտիվացնի իր հակահայկական գործողությունները տարածաշրջանում: Թուրքիան իր գործողություններում երբեք բարյացակամություն չի դրսևորել Հայաստանի հանդեպ»: ԼՂՀ նախկին արտգործնախարարը չի բացառում, որ Հայաստանն ու Թուրքիան առանց միջնորդների, ուղիղ բանակցությունների միջոցով կարողանան հարթել բազմաթիվ խնդիրներ: Սակայն, դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Հայաստանը որոշի փոխել իր ներկայիս աշխարհաքաղաքական դերը: - Կարող են լինել նաև այլ տարբերակներ. եթե ԱՄՆ-ն շարունակի ճնշումները Թուրքիայի վրա, և Թուրքիան որոշի լիովին անկախացնել իր հարաբերությունները Միացյալ Նահանգներից, ապա դա կարող է հանգեցնել ռուս-թուրքական դաշինքի կայացմանը, ինչի ուղղակի հետևանքը կլինի այն, որ մենք կարող ենք կորցնել և° ազատագրված տարածքները, և° Արցախն ընդհանրապես,-ընդգծել է բանախոսը: