ԽԱՂ` ԱՆՀԱՅՏ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ


Մեր երկիրը շնչում ու ապրում է քաղաքականությամբ: Նույնիսկ հանրահայտ գելափականներն են վերջին հարցումներն ամփոփելիս զարմանքով արձանագրել, թե հայ հանրության քաղաքականացվածությունը գերազանցել է նույնիսկ իրենց բոլոր պատկերացումները: Եվ իրոք, մենք սովորել ենք ձվի մեջ մազ (իմա` նույնիսկ կենցաղային հարաբերություններում քաղաքականություն) փնտրել ու հաճախ էլ պարզում-համոզվում ենք, որ իսկապես հնարավոր է նույնիսկ հավկիթների մեջ մազ գտնել: Դիցուք, նախորդ շաբաթ մայրաքաղաքում հերթական ճանապարհային հանգույցը բացվեց… Թվում էր` տևական ժամանակ քաղաքի այդ հատվածի երթևեկը կաթվածահար արած ու մեզ բազում դժվարություններ «պարգևած» շինարարության ավարտը եզրափակվելու էր փոխադարձ շնորհավորանքներով ու հույսով, թե շինության ամրությունը համապատասխանում է նաև նրա արտաքին գեղեցկությանն ու մեզ երկար, շատ երկար է ծառայելու: Բայց, ինչպես վերևում նշեցինք, առանց քաղաքականության մեզանում ոչինչ էլ չի լինում: Ահա օրինակ, սույն հանգույցի բացման արարողությանը նախկին Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը դարձյալ շատերի համար առիթ դարձավ բազում կասկածահարույց հարցադրումներ առաջադրելու: Միայն այն հանգամանքը, որ երկրորդ Նախագահը ինչպես «խնդրո» առարկա, այնպես էլ բազմաթիվ ուրիշ շինարարական կառույցների հիմնական ու գլխավոր «կնքահայրն» է, առաջին հայացքից թերևս բավարար է, որպեսզի վերջինս թեկուզ քաղաքավարության կանոնները պահպանելով` ներկա գտնվի դրանց բացման արարողություններին: Սակայն, ինչպես տեսնում ենք, այսքանը չի գոհացնում լուսավորված գետնանցումներում էլ քաղաքականություն մոգոնել շարունակողներին: Մյուս կողմից` նույնքան մեծ է նաև այն պնդման հավանականությունը, թե սա այն կրակն է, որի ծուխը շատ վաղուց այլևս դժվար է չնկատել: Եվ միայն Ռ. Քոչարյանի` թոշակառուի կարգավիճակը նախընտրելի չհամարելու խոստումը, թերևս, բավարար էր` նրա վերադարձի սպասումը կամ, ավելի ճիշտ` առանձին շրջանակների ակնհայտ ու վատ քողարկված լարվածությունը շարունակաբար պահպանելու ու կանխատեսվող անակնկալը բոլորից շուտ արձանագրելու զգոնությունը ունենալու համար: Այսուհանդերձ, անհարկի շտապելու կարիքը չկա. վերադարձի ժամկետների շուրջ որոշում կայացնողը ինքը` Ռ. Քոչարյանն է: Ինչպես հիշում ենք` Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում այդ որոշումը մի ամբողջ տասը տարի հետո ծնվեց: Ուստիև երկրորդ Նախագահի վերադարձին անհամբերությամբ սպասողները «անհանգստանալու» փոխարեն պետք է նախ և առաջ հաշվի առնեն քաղաքական նպատակահարմարության հանգամանքի առկայությունը: Իսկ կարմիր ժապավեններ այսուհետև էլ կտրվելու են: Պարզապես Լ. Տեր-Պետրոսյանին իր նախագահության տարիներին մկրատը ձեռքին ժապավեն կտրելիս դժվար է մտաբերել, քանի որ այդ ժամանակներում, որքան հայտնի է, մեր երկրում ոչինչ չի կառուցվել: Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանին, ապա հարկ է ընդգծել, որ նրա պաշտոնավարության ավարտից մեկ տարի էլ չի անցել: Ասել է թե` շինհրապարակներ գալով, նա ինքն իր մասին հիշեցնելու խնդիր բնականաբար չի հետապնդում: Այս պարագայում, սակայն, չի բացառվում, որ Ռ. Քոչարյանն այսօրվանից արդեն ձգտում է իր ապագա պաշտոնին հարմարվել: Չէ՞ որ շատերը նրան առաջիկայում տեսնում են ոչ միայն վարչապետի, պաշտպանության նախարարի, այլ ավելի շատ Երևանի քաղաքապետի պաշտոնում… Իսկ թե այս վարկածի հետ որքանով է առնչվում Երվանդ Զախարյանի մռայլ տեսքը, դժվար է ասել: Բայցևայնպես ակնհայտ է նաև, որ Զախարյանը վերջին շրջանում ոչ միայն ձգտում է հնարավորինս աննկատ մնալ, այլ ընդգծված անտարբերություն է ցուցաբերում քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող մարդու համար այնպիսի կարևորագույն իրադարձութ յունների ընթացքում, ինչպիսին, ասենք, նման ճանապարհային հանգույցների բացումն է: Ակնհայտ է, որ սա հեռացող պաշտոնյային բնորոշ տրամադրություն է, և մեծ է հավանականությունը, որ ասենք հաջորդ տարեվերջին Ռոբերտ Քոչարյանին ոչ միայն հիշենք իբրև Հանրապետության երկրորդ Նախագահ, այլ տեսնենք նաև Երևանի քաղաքապետի պաշտոնում: