Ռազմատենչ հայտարարությունները խուճապի արտահայտություն են


Հայաստանում շատերը թերևս արդեն վարժվել են, որ միջազգային ամենահեղինակավոր կառույցների ամենահեղինակավոր վեհաժողովներում էլ ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորում տեղի չի ունենալու: Շա¯տ-շատ` հեղինակավոր դիվանագետների կողմից կհնչեն հայտարարություններ, թե հակամարտության կողմերի` հայերի ու ադրբեջանցիների դիրքորոշումները մոտեցել են, և ուր որ է` հաշտություն կկայանա... 1994 թվականին Բիշքեկում հրադադարի մասին պայմանագրի ստորագրումից հետո արդեն 14 տարի է` հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը շարունակվում է վերը նշված բեմագրով: Սակայն անցած շաբաթ Հելսինկիում ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների` ամենամյա հերթական տարեկան հավաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ների ստորագրած փաստաթղթում նոր երանգներ են նկատվում: Ըստ էության, միջազգային հանրությունը, ի դեմս Մինսկի խմբի, այլևս մտադիր չէ հանդուրԺել (կամ գոնե այդպես է ձևացնում) հակամարտության կարգավորման ձգձգումը և ճնշում է գործադրում կողմերի վրա` փորձելով նրանց ստիպել արագ համաձայնության գալ: Հիշյալ փաստաթղթում կողմերին մինչև գարուն ժամանակ է տրվում` կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալու և հաշտության պայմանագրի տեքստը կազմելու համար: Սա այլ կերպ, քան ճնշում որակել հնարավոր չէ: Հարցի հապշտապ, առանց էական մանրամասների մեջ մտնելու խնդրի լուծումը ձեռնտու կարող է լինել միայն ադրբեջանական կողմին: Պատահական չէ, որ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն իր ելույթում հայտարարել է, թե հանրաքվեի մասին խոսք կարող է լինել միայն, այսպես կոչված, գրավյալ տարածքներից հայկական զորքերը հետ քաշելուց, ադրբեջանցի փախստականների` իրենց բնակավայրեր վերադարձից հետո: Ինչպես նաև հայտարարվել է` իբր մայնդորֆյան հռչակագիրը չի բացառում հարկ եղած դեպքում նաև ուժի գործադրումը: Իսկ այս վերջինը հատուկ է Ադրբեջանին` ամեն կերպ սադրել բոլորին` իր նպատակներին հասնելու համար: Ակնհայտ է` Ադրբեջանը շտապում է: Շտապում է, որովհետև հին Ջուղայի հայկական հնագույն գերեզմանատան ոչնչացման հարցն այժմ գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որովհետև այն, որ գրավյալ հորջորջվող տարածքներն իրականում հայկական ազատագրված տարածքներ են, ապացուցելն անհնարին չէ: Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը, նախաձեռնելով Արցախի Տիգրանակերտ քաղաքի հայտնաբեր ման և հնագիտական պեղումները, հետապնդում է 4 հիմնական նպատակ. 1. Ամրապնդել պատմական հիմքերը Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող միջազգային բանակցությունների շրջանակներում` արցախահայության և նրան ներկայացնող անկախ պետականության ճանաչման համար: 2. Ապացուցել, որ ղարաբաղյան պատերազմի ընթացքում ազատագրված տարածքը կազմում է մեր պատմական և ներկա հայրենիքի բաղկացուցիչ մասը: 3. Ամրապնդել հայ նորաբնակների և ամբողջ հայ հանրույթի պատկերացումները` իրենց նոր միջավայրի հայկականության մասին: 4. Հայ ժողովրդի անցյալի մասին նոր գիտելիքների ձեռքբերման միջոցով նպաստել հայոց պատմության դեռևս անհայտ էջերի բացահայտմանը: Այսօր Արցախի Տիգրանակերտ քաղաքի գոյությունն արդեն իրողություն է: Այն գտնվում է Աղդամից ոչ հեռու, և փառք Աստծո, ադրբեջանցու ամենակործան ձեռքերը հասու չեն այն վերստին թաղելու մոռացության ամենակուլ փոշիների տակ: Եվրոպական դատարանում կբացահայտվի իր անմարդկային էությունը. Տիգրանակերտն իր գոյությամբ հաստատում է, որ հայերը պարզապես ազատագրել են իրենց հայրենիքի բռնազավթված մասը: Այս ամենն, իհարկե, խուճապի է մատնում Ադրբեջանին, և նրան այլ բան չի մնում անելու, բացի ռազմատենչ հայտարարություններից: Կա կարևոր ևս մի հանգամանք, որ կարող է ոչ պակաս անհանգստություն պատճառել պաշտոնական Բաքվին: Բանն այն է, որ ներկա տեմպերով շահագործման դեպքում, արդբեջանական նավթը կարող է սպառվել 35 տարի հետո: Այս մասին գիտեն նաև աշխարհի հզորները: Վերջիններս արդեն մրցակցում են Արևելյան Ասիայի` թուրքմենական, ղազախական նավթին տիրանալու համար: Իսկ այդ էներգակիրների ուղիները բացառված չէ, որ անցնեն Հայաստանով և Իրանով: Ի դեպ, իր հերթին, Իրանի համար նույնպես, մեղմ ասած, շահավետ չէ հայերի ազատագրված տարածքների վերադարձը Ադրբեջանին: Այնպես որ, Բաքվի համար պարզից էլ պարզ է, որ ղարաբաղյան հիմնահարցի հապշտապ լուծումն այսօր բխում է միայն իր շահերից: Սակայն չպետք է մոռանալ, որ ղարաբաղյան պատերազմի արդյունքում եղել են ոչ միայն ադրբեջանցի, այլ նաև հայ փախստականների ու նրանց վերադարձի հարցը նույնպես կարող է դրվել բանակցությունների սեղանին:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ