«Միասին կարողացանք հաղթահարել...»


20 տարի առաջ դեկտեմբերի 7-ին մեր ժողովուրդը ապրեց դարի ծանրագույն արհավիրքներից մեկը` 88-ի երկրաշարժը: Դեկտեմբերյան այս ահասարսուռ օրը մենք կորցրեցինք մեր հարազատներին, ընկերներին, բարեկամներին: Երկրաշարժը չխնայեց մանուկ ու ծեր: Զոհերի թիվը հասավ 25.000 հազարի:Գետնին հավասարվեցին հզոր արտադրական ձեռնարկությունները, բնակելի և հասարակական շինությունները: Ես իմ խոնարհումն եմ բերում մեր բոլոր անմեղ զոհերի հիշատակին: Թող Աստված ողորմեա նրանց շիրիմներին: Արհավիրքի ծանր հարվածից հետո Գյումրուն և գյումրեցուն պետք էր տոկություն և կամք, վերագտնել ապրելու և արարելու այն ուժը, որը նոր կյանքի ազդարարը կդառնար: Հերոսացած գյումրեցին կարողացավ հաղթահարել մարդկային և նյութական կորուստները և կրկին սկսեց իր ձեռքով կերտել ապագան: Այսօր կարող ենք փաստել , որ Գյումրին վերստին դարձել է կրթության, մշակույթի, սպորտի դարբնոց: Շահագործման են հանձնվել բազմաթիվ թանգարաններ, գրադարաններ,մարզական, մշակութային և նախադպրոցական կենտրոններ, քաղաքում չկա ոչ մի տնակային դպրոց և առողջապահական հիմնարկ: Այսօր պահն է ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել աշխարհի բոլոր բարի կամքի տեր մարդկանց, ովքեր ձեռք մեկնեցին մեզ աղետի ծանր օրերին: Վերականգնվող Գյումրիում ծնունդ են առել նոր տոներ և ավանդույթներ: Մենք միասին կարողացանք հաղթահարել կորստի ցավը և կերտել Գյումրիի նոր պատմությունը: Չարագույժ աղետից հետո Գյումրիում շահագործման հանձնվեցին նաև հազարավոր բնակարաններ: Սակայն դեռևս 20 տարի անց էլ Գյումրիի համար առաջնային մնում է շուրջ 4000 անօթևան ընտանիքների բնակարանով ապահովելու խնդիրը: Խնդրի բարձրաձայնումը տվեց իր արդյունքը և, հուրախություն մեզ, հանրապետության ղեկավարության ջանքերով արդեն 2009 թվականից Գյումրիում կմեկնարկի բնակշինարարությունը. այսպիսով եռամյա ժամկետում վերջ կդրվի երկարատև տնակային կեցությանը: Ես վստահ եմ, որ Գյումրիի պայծառ և արևոտ օրերը կրկնապատկվելու են, քանզի գյումրեցին ապացուցել է , որ անկոտրում ոգու ուժ, վճռականություն և կամք ունի` կերտելու իր վաղվա օրը: Մենք միասին շենացնելու և կառուցելու ենք Գյումրին` սա է այն պատգամը, որն ուղեկցում է մեզ այս էլ 20 տարի: Հավատ, հույս, սեր և միաբանություն եմ մաղթում իմ սիրելի գյումրեցիներին: