ԷՍ Ո՞˜ՒՐ, ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ

Ինքնաոչնչացում

Խելահեղ վիճակում է հայտնվել մարդկությունը և խելակորույս արագությամբ շարունակում է դեպի վախճանի անդունդը սլանալ: Անփառունա´կ վախճանի անդունդը` դեպի ինքնաոչնչացում: Բոլորը խոսում, դժգոհում են կոռուպցիայից, դա կանխելու կամ գոնե նվազագույնին հասցնելու ծրագրեր են կազմում, բայց նաև երազում են, որ անաշխատ մի եկամուտ էլ իրենց ձեռքն ընկնի: Բոլորը խոսում ու գանգատվում են փողերից, ունեցվածքից. ոմանք` դրանց իսպառ բառակայությունից կամ քչությունից, ոմանք էլ ավելիին տիրանալու «դժվարությունից»: Ամեն օր, ամեն ժամ ու րոպե` նորանոր սպանություններ, պատերազմներ, թմրամոլության աճ, այլասերում ու այլասեռումներ…

Ինչ-որ ձեռք, ասես, տիկնիկավարի նման, համայն մարդկությանը դեպի կործանում է ուղղորդում: Մեր տատիկներն ասում էին` «Մարդու հոգին առնելուց առաջ սատանան նրա խելքն է առնում»: Մեր ժամանակներում մարդկանց հոգին առնելու կարիք էլ չկա. մարդիկ հոժարակամ վաճառում են դա: Ու ոչ մեկը չի ասում` էս ո՞˜ւր ենք գնում. մարդկությո´ւն, կանգ առ մի պահ: Ասողներ կան, իհարկե, բայց նրանց չեն լսում, որովհետև միտքն ու հոգին նիրհում են ոմանց դատարկ գրպաններում, ոմանց` հաստափոր քսակներում:

Խելացի ուղեղները ջանադրաբար նոր զենքեր են ստեղծում` առավել դիպուկ, առավել մահաբեր, հետո էլ` այդ նորերից պաշտպանող սարքեր: Արհեստական ու օրգանիզմը սպանող դեղորայք և սնունդ են ստեղծում և անբուժելի ախտեր տարածում: Եվ այդ ամենը գնորդներ ունեն:

Էս ո՞˜ւր ես գնում, աշխարհ` մանկուրտների շքահանդես, տիտղոսակիր գողերի, արյունռուշտ վայրագների շքերթ սարքելով: Ղեկը կորցրած նավավարի պես ինչ-որ հորձանուտ է մտել մարդկությունը և չխեղդվելու համար սին մի փրփուր կամ տաշեղ որոնելու փոխարեն փորձում է իր նման էլի մեկին ոչնչացնել կամ թալանել:

Համամարդկային աշխարհընկալումն ու անպիղծ երազանքներն այսօր նսեմացել և 2 հիմնական նկրտումներում են պարփակվել.

= Վերցրու աշխարհից ամեն ինչ կամ` ինչ կարող ես:

= Փախուստ աշխարհից (մոլորակով մեկ բռնկված գաղթասիրական տենդն էլ իրականում փախուստ է ոչ թե այս կամ այն երկրից, այլ փախուստ է աշխարհից, ինքն իրենից):

Ոմանք էլ, ավելի անզորները, Տիրոջ գալուստին են սպասում, որ փրկի իրենց: Ու լավ է, որ գոնե նրանք փրկում են իրենց հոգիները:

Էս ո՞˜ւր, մարդկություն: Հռետորական դարձած այս հարցը հավերժորեն անպատասխան կմնա, քանի դեռ ամենակարողներն իրենց չեն հարցնի`

- Իսկ որտե՞ղ է պետք գնալ. ո՞ր ուղղությամբ և ինչպե՞ս:

Իրենց ուղին մոլորությունների ու մոլուցքների տարերքին հանձնած ո՞նց գտնեն ա´յս հարցի պատասխանը:

Մնում է հուսալ, որ իրենց աշխարհի տեր կարգած ամենակարողներից մեկի ուղեղը մի օր պատահաբար կառկայծի և շնչահեղձ եղած գիտակցության շշուկը կլսի ու կհասկանա ու կհասկացնի, որ կանգ առնել է հարկավոր: Կանգ առնել է հարկավոր, հետ նայել ու տեսնել, թե արարումի ինչ կոթողներ են ստեղծել իր նմանները: Կանգ առնել ու հիշել, թե արարումով ապրելը որքան երջանկավետ էր: