Գլխավոր խնդիրը` ստեղծել ազգային հանրագիտարան


Հայկական հանրագիտարանի հրատարակչությունը 50 տարեկան է: Հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը նշում է, որ նախկինում գրքերի 100 000 տպաքանակը սպառվել է աննախադեպ արագությամբ` մեկ-երկու շաբաթների ընթացքում, այն էլ` բացառապես բաժանորդագրությամբ: Սկզբում հանրագիտարանների ստեղծման գործում 250 աշխատակից է ներգրավված եղել: Այժմ «Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը» բավարարվում է 35 աշխատակցով:

Հայկական իրականության մեջ նախկինում հանրագիտարաններ ստեղծվե՞լ են, ի՞նչ վերաբերմունք ունի մեր այսօրվա հասարակությունը հանրագիտարանների նկատմամբ, ի՞նչ է հարկավոր համացանցային դարաշրջանի մարդուն առհասարակ, ի՞նչ ունենք և ինչի՞ սպասենք: Մեր հարցերին պատասխանում է «Հայկական հանրագիտա րան. հրատարակչության» գլխավոր խմբագիր-տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆԸ:

Այսօր շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում տպագիր գրքի, գրականության նկատմամբ հետաքրքրությունը նվազել է: Դա Հանրագիտարանին և՞ս վերաբե-րում է:

- Չեմ կարծում, թե նվազել է: Մեկ-մեկ մեր նշանավոր գործիչների գրադարանների մասին հաղորդումներ եմ դիտում և շատ ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ գիրքը դարձել է այդ մարդու ընկերը, բնվորությունը:

Շատերը տպագիր գիրքն են գերադասում, բայց դա չի նշանակում, թե այլ տարբերակով գրքեր չպետք է ստեղծվեն: Չպետք է ամեն ինչ սև կամ սպիտակ լինի, պետք է ժամանակի հետ քայլել: Եթե տպագիր գրքի պահանջարկը կա, պետք է ստեղծել, բայց նաև չպետք է մտածենք, թե տպագիր գիրքը մեր թշնամին է: Եթե այսօրվա միջոցները հնարավորություն են տալիս գրքի հետ կատարվելիք մեկ ժամվա գործը տասը րոպեում անել, ինչո՞ւ չպետք է անես, ինչո՞ւ համակարգչից չօգտվես: Ինչ վերաբերում է ընթերցասիրությանը` այդ հարցն ինձ հաճախ են տալիս: Ես հիշում եմ այն ժամանակները, երբ մենք համարվում էինք 100 տոկոսով ընթերցող հասարակություն: Մենք այդպես չենք եղել երբեք: Ասում ենք` երեխաներն այսօր գիրք չեն կարդում, թերթեր չեն կարդում: Բայց ես վստահ եմ, որ համակարգչի մոտ նստած ժամանակ բացում և շատ բաներ են կարդում, օրինակ` Տոլստոյի մի վեպը, Չարենցի բանաստեղծությունը, լսում են Պարույր Սևակի ստեղծագործությունների արտասանությունը և այլն: Իհարկե, եթե համեմատենք անցյալի հետ, ավելի քիչ են կարդում:

- Անկասկած` «Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը» չի սահմանափակվել միայն ՀՍՀ-ի հատորները պատրաստելով ու լույս ընծայելով: Ուրիշ ի՞նչ հանրագիտարաններ են տպագրվել այստեղ:

- ՀՍՀ բազմահատորյակի հրատարակության ավարտից հետո հրատարակչությունը գլխավոր խմբագիր Կոստանդին Խուդավերդյանի գլխավորությամբ, նա այդ պաշտոնն զբաղեցրել է 1988-98 թթ., սկսել և հետագայում շարունակել է ճյուղային, թեմատիկ, մանկական և այլ բնույթի մի շարք հանրագիտարանների հրատարակումը, որոնք այսօր արդեն զգալի թիվ են կազմում: Շատ կարևոր եմ համարում «Հայկական հարց» հանրագիտարանի լույսընծայումը, որը յուրատեսակ ահազանգ էր Ղարաբաղյան ազատագրական շարժման բարձրացող ալիքի օրերին: Դրան հաջորդեցին ուրիշները: «Հայկական համառոտ հանրագիտարանի» 4 հատորները հրատարակվեցին 1990-2003 թթ.: Սա ազգային հանրագիտարանի յուրահատուկ տեսակ է, որում ներկայացված են հիմնականում Հայկական լեռնաշխարհին, Հայաստանին ու հայկական կյանքին վերաբերող հասկացություններ: Տարբեր տարիների լույս տեսան «Տնային տնտեսության»« «Հանրամատչելի բժշկական հանրագիտարան» և «Հայաստանի բնաշխարհ» գրքերը, որոնք իրենց նպատակային ուղղվածության ընդհանրությամբ մեկտեղված են «Ընտանեկան հանրագիտարան» մատենաշարում: Կազմվել են նաև Ճյուղային յուրօրինակ հանրագիտարաններ, ինչպես «Քրիստոնյա Հայաստան», «Հայ Սփյուռք», «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-94 թթ.», «Գյուղատնտեսական հանրագիտա րան», «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանները: Անկախացումից հետո լուրջ հանրագիտական գրականություն է ստեղծվել նաև դպրոցականների համար: 1984-87 թթ. հրատարակված «Ի՞նչ է. ո՞վ է» քառահատոր մանկական հանրագիտարանին հաջորդել է նախ եռահատոր «Ոսկեփորիկը», ապա երկու գրքով` քառահատոր «Դպրոցական մեծ հանրագիտարանները»: «Ով ով է. հայեր» կենսագրական երկհատոր հանրագիտարանում ներկայացված են տարբեր ոլորտներում աչքի ընկած հայերի կենսագրությունները: Առանձնահատուկ կարևորություն ունի 2012 թ. լույս ընծայված «Հայաստան» ծավալուն հանրագիտարանը, որտեղ ընդհանրացվել են հայոց պատմության և մշակույթի, պետության ու հասարակության կյանքի բոլոր առանցքային իրադարձությունները: Առանձին բաժնով ներկայացված է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` իր ներկա խնդիրներով ու հաջողություններով: Բոլոր հրատարակություններն իրենց տեսակով հայ իրականության մեջ առաջինն են և ունեն գիտաճանա չողական մեծ արժեք:

- Այժմ համացանցի «Վիքիպեդիա» կայքում հրապարակվող հանրագիտարանից շատերն են օգտվում: Որքանո՞վ է այն արժանահավատ` նկատի ունենալով, որ ցանկացած մարդ կարող է մուտք գործել էջ և խմբագրել:

- «Վիքիպեդիայում» ներառված հիմնական լուրջ նյութերը բոլորը վերցված են Հայկական հանրագիտարանից` համապատասխան հղումով: Մենք թույլատրել ենք դրանք բոլորը դնել ընդհանուր օգտագործման: Սակայն փորձեր են արվել նաև նոր նյութեր ստեղծելու, որոնք բանի պիտանի չեն, թափելու ենթակա են, քանի որ մարդկանց թյուրիմացության մեջ են գցում: Սա ասում եմ ոչ թե վատաբանելու համար, այլ իրականությունը ներկայացնելու: Ճիշտն այն կլիներ, որ Վիքիպեդիան նույնքան արժանահավատ լիներ, որքան հանրագիտարանը: Նաև պետք է նշեմ, որ ընդհանրապես խելոք են վարվում, որ երբ համապատասխան վերնագրով բառահոդվածը մեր հանրագիտարանում լինում է, նույնությամբ վերցնում և բարեխղճորեն տեղադրում են: Սակայն մնացած հոդվածները պատահական մարդիկ են գրում:

- Որոշ ժամանակ առաջ մի շարժում էր աշխուժացել` կոչ էին անում, որ յուրաքանչյուր հայ «Վիքիպեդիայում» մեկ հոդված գրի: Այս ձևով հնարավո՞ր է մարդկանց արժանահավատ տեղեկություններ հաղորդել:

- Ինչպե՞ս կարող է ամեն մարդ հանրագիտարանի հոդված գրել: Ովքեր համաձայնում են գրել` դրա կարողությունը չունենալով, ուրեմն գործը բոլորովին չեն պատկերացնում: Այդպիսի հոդված գրելն ամեն մարդու բան չէ: Մեզ մոտ մարդիկ 20-30 տարով թրծվում են, դպրոց են անցնում, դարձյալ ինչ-որ մի բան այնպես չի լինում, ուր մնաց` պատահական մարդիկ կարողանան անթերի գրել: Ծիծաղելի է: Անհասկանալի է նաև այն, որ «Վիքիպեդիան» ամեն մարդ կարող է խմբագրել: Ինչպե՞ս է հնարավոր, որ ասենք պրեֆեսորի կարևոր հոդվածը մի աշակերտ խմբագրի: Այո, եթե խմբագրողը հեղինակից լավ մասնագետ լինի, այդ դեպքում ընդունելի է: Պիտի ունենաս այն գիտակցությունը, որ դու կարող ես այդտեղ ինչ-որ բանի միջամտել: Բայց քանի որ այդ բարոյական գիտակցությունն այսօր բացակայում է, սա անընդունելի է: Ամեն մարդ չի կարող զանգվածային տեղեկություն հաղորդող այս միջոցին միջամտել:

- Իսկ Հայկական հանրագիտարանի հատորները թվայնացվել և համացանցում տեղադրվե՞լ են: Դրանցից հնարավո՞ր է օգտվել:

- Այո, տեղադրվել են, և օգտվողները կարող են նաև հոդվածները պատճենահանել: Այս հանրագիտարանը մեր ժողովրդի սեփականությունն է, նրա միջոցներով է կազմվել, և այսօր ցանկացած մարդ կարող է օգտվել նաև այդ կերպ: Արդեն հրատարակված հանրագիտարանը նույնիսկ վերահրատարակելիս խմբագրել չի կարելի: «ՀՍՀ»-ն ստեղծվել է խորհրդային ժամանակներում, և ճիշտ չէ այն անկախ Հայաստանի քաղաքացու տեսանկյունից խմբագրել: Հանրագիտարանում ոչինչ չի հնանում, որովհետև դա իր ստեղծման ժամանակի պատկերն է: Օրինակ աշխարհում բառարաններ կան` 18-րդ դարից, 19-րդ դարից այս կողմ վերահրատարակվում են առանց որևէ փոփոխութ յան: Ասեմ նաև, որ հին հանրագիտարաններում հայերի, Հայաստանի մասին շատ արժեքավոր տեղեկություններ կան:

- Առաջիկայում ի՞նչ նոր հրատարակություններ եք ձեռնարկում:

- Հրատարակության է պատրաստվում «Հայ երաժշտության հանրագիտարանը»: Տառացիորեն վերջերս լույս տեսավ «Հանրագիտական բառարանի» 1-ին հատորը, 2-րդը պատրաստության ընթացքում է: Այն իր բազմա-բնույթ ու բազմաբովանդակ հոդվածներով (շուրջ 65 000 բառ-հոդված) վերջին ժամանակների բազմաթիվ նոր հասկացություններով կհամալրի հայոց բազմահարուստ բառամթերքը, որի մի մասը, ըստ էության, առաջին անգամ է հայերեն սահմանվում:

Այդուհանդերձ, նոր ժամանակների մեր կարևորագույն խնդիրը մնում է Ազգային բազմահատոր հանրագիտարանի ստեղծումը, որը նորովի կներկայացնի հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը, ժողովրդագրական զարգացումները, հասարակական-քաղաքական կյանքը, պետության պետական-քաղաքական կառուցվածքը, տնտեսության, կրթության, գիտության, առողջապահության, սպորտի, սոցիալական և մյուս ոլորտներում ձեռք բերած նվաճումները, տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհները, ճարտարապետական հուշարձանները, եկեղեցին ու Սփյուռքը: Սա պետական խնդիր է: Մենք տեղյակ ենք, որ բոլոր հետխորհրդային երկրներում իրենց ազգային հանրագիտարաններն արդեն տպագրվել են կամ ընթացքի մեջ են, և բոլորի հրատարակման հրամանը տվել է երկրի նախագահը: Միայն մերն է, որ չգիտենք` ինչի ենք սպասում: Մենք իհարկե, լուծելու շատ կարևոր խնդիրներ ունենք` բանակի խնդիրը կա, Ղարաբաղի խնդիրը կա, բայց սա էլ է շատ կարևոր:

Արմենուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ