ԱՄԵՆԱԴԺՎԱՐԻ ՄԱՍԻՆ ԴԺՎԱՐ Է ԽՈՍԵԼ

Զրույց նկարչուհի Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆԻ հետ

Այցելելով Սարյանի այգի, կարող ես ծանոթանալ հայ ժամանակակից նկարիչներին, նրանց երփնագրերին: Այս անգամ մեզ հետաքրքրեցին Մարիամի կտավները:

Ծնվել է 1988 թ. Տավուշի մարզի Բերդավան գյուղում: 2006-ին ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը, 2006-2012 թթ. սովորել է ԵՊՀ լրագրության ֆակուլտետում` ստանալով նախ բակալավրի, այնուհետև մագիստրոսի աստիճան: 2014 թվականին ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա` ժուռնալիստի կայի ֆակուլտետ: 2016 թ. ավարտել է ԵԳՊԱ գեղանկարի բաժինը` ստանալով մագիստրոսի աստիճան: 

2014 թվականին հիմնել է Մուղդուսյան արվեստի կենտրոնը:  

- Տարիների հեռվից գնահատելով ձեր անցած ճանապարհը` ինչպե՞ս կներկայացնեք այսօրը` որտեղից ուր եք հասել:

- Անցել եմ դժվարին, երբեմն անելանելի թվացող ուղի, որտեղ ամեն անգամ լույս է բացվել, երբ անդառնալի մութ է թվացել: Այժմ հարաբերական կանգառում եմ, ճանապարհը շարունակելու համար անհրաժեշտ հանգստի կանգառում:

- Ձեր բնորոշմամբ` ինչպիսի՞ հատկություններով պետք է օժտված լինի իսկական նկարիչը:

- Տաղանդով, անսահման աշխատասիրությամբ, անմնացորդ նվիրվածությամբ, արվեստի նկատմամբ խորունկ, անդավաճան սիրով օժտված: Նկարչի համար արվեստն աշխարհը տեսնելու միակ պատուհանն է, բացարձակ սեր ու նվիրում:

- Ինչի՞ վրա է բևեռացված մեր հասարակությունը, ի՞նչ որակ է ձևավորում այսօր ստեղծվող արվեստը մեր երկրում:

- Մեր հասարակությունն այսօր, կարծում եմ, բևեռացված է սոցիալական խնդրի ու քաղաքականության վրա, քանի որ մեկը մյուսին շաղկապված է:

Երբեմն տպավորություն եմ ունենում, որ արվեստն ամենավերջին տեղում է հասարակության մեծամասնության համար, քանզի եթե մարդն ունի հացի խնդիր, նա ամենավերջում է մտածում արվեստի մասին: Մյուս կողմից, արվեստ միշտ էլ ստեղծվում է` անկախ նրանից` գնահատող կա՞, թե՞ ոչ: Այսօր որակ ու ճաշակ ձևավորում է ոչ թե բարձր արվեստը, այլ այն ամենն, ինչ տարածվում է ու մատուցվում է եթերով: Իսկ այն, ինչպես գիտենք, ճաշակով աչքի չի ընկնում: Այս առումով արվեստն այսօր լայն իմաստով առանձապես որակներ չի ձևավորում` ցավոք սրտի:

- Մշակույթը տվյալ ժողովրդի դիմագիծն է. կարո՞ղ ենք պարծենալ մերօրյա մշակույթով:

- Ես, համենայն դեպս, պարծենալու շատ բան չեմ տեսնում: Այո, կան անհատներ, ովքեր ստեղծագործում են, արարում են, և նրանց ներդրումը մեծ է մշակութային կյանքում: Սակայն մենք հիմա բարդ իրավիճակում ենք գտնվում. վերարժևորումների ժամանակաշրջան է, այս պահին ստեղծվող մշակույթը դեռևս առանձնապես հպարտանալու տեղիք չի տալիս:

_ Ինչպե՞ս ստեղծվեց Մուղդուսյան կենտրոնը, և ինչպե՞ս եք կատարում ձեր սաների ընտրությունը:

- Կենտրոնը ստեղծվել է նախա-խնամությամբ, հրաշքի նման: Իմ արվեստանոցը 3-րդ հարկում էր, այդ տարածքը` 2-րդ: Խողովակների վնասված լինելու պատճառով ջուրը լցվել էր 2-րդ հարկ, հետո` առաջին, և տարածքի տերը բարկացած բարձրացավ իմ արվեստանոց: Հետո գնացինք` տեսնելու պատճառված վնասը: Առաջարկեցի տարածքն ինձ տալ` խիստ մատչելի գնով վարձակալությամբ, որպեսզի ես այնտեղ անապահով ընտանիքների երեխաների հետ աշխատեմ:

Հավաքվեցինք 20-25 ծանոթ-անծանոթ մարդկանցով, վերանորոգեցինք տարածքն ու սկսեցինք գործունեությունը:

Սկզբում 8 աշակերտ ունեի, և ուղղվածությունը միայն նկարչությունն էր: Աստիճանաբար գործունեությունն ավելի ընդլայնվեց, և այժմ մենք ունենք արդեն իսկապես հրաշալի արվեստի կենտրոն: Ես անընդհատ շեշտում եմ մենք, քանի որ այստեղ կամավորական հիմունքներով աշխատում են 4-5 մասնագետ, կենտրոնի կայացման հարցում հարյուրավոր քաղաքացիների ներդրումը նույնպես նշանակալից է: Ճիշտ է, մենք մեր տարածքն այժմ փոխել ենք, և իրականում շատ մեծ դժվարությամբ ենք կարողանում հոգալ դրա վարձակալության ծախսերը, սակայն ֆանատիզմն ու գաղափարին նվիրվածությունը թույլ չեն տալիս կասկածել նախաձեռնության հաջողությանն ու հետագա աճին:

Սաների ընտրության հարցում միակ չափանիշը սերն է դեպի նկարչությունը, առ արվեստը: Այստեղ հաճախում են երեխաներ, ովքեր սոցիալապես անապահով ընտանիքներից են, հաշմանդամություն ունեն և այլն, ու չեն վճարում դասերին մասնակցելու համար: Ունենք նաև երեխաներ, ովքեր անապահով ընտանիքներից չեն: Բոլորը հավասար սկզբունքով ուսանում են միևնույն վայրում: Այստեղ կարևորագույն չափանիշը սերն է առ արվեստ:

_ Ի՞նչ կպատմեք ձեզ մոտ գործող խմբակների ու նրանց կարգավիճակի մասին:

- Ունենք նկարչության, գոբելենի, քանդակի, կավագործության, վոկալի խմբակներ: Ուղղվածությունը սոցիալական է, այսինքն երեխաների մեծ մասը` 36 սաներից 27-ը, հաճախում են մեր կենտրոն միանգամայն անվճար հիմունքներով` չվճարելով նաև ներկերի համար: Մյուս 9 սաների ծնողների նվիրատվությունների շնորհիվ մենք ձեռք ենք բերում ներկեր իրենց և ոչ վճարունակ ընտանիքների երեխաների համար: Պատահում է անգամ, որ տարբեր մարդիկ սննդամթերք ու հագուստ են բերում կենտրոնի սաների համար:

Հնարավորության դեպքում մենք կավելացնենք երեխաների թիվը, սակայն այս պահին արդեն մենք հասել ենք մեր սահմանային առավելագույնին: Ավելացնեմ, որ ստեղծման պահից ի վեր կենտրոնը չի ունեցել ֆինանսավորում, այն առայսօր գոյատևում է հրաշքով` հաշվի առնելով հիմնադիրներիս համեստ հնարավորությունները:

Ունենք նաև հրաշալի «Նաիրյան» վոկալ անսամբլը, որն արդեն շուրջ մեկ տարի է` գործում է մեր կենտրոնում: Նոյեմբերի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա նրանց համերգը: Այնտեղ երգում են երաժշտական բուհերում ուսանող կամ արդեն ավարտած երիտասարդ շնորհալի աղջիկներ` կատարելով ժողովրդական երաժշտության մշակումներ:

- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար:

- Ամենադժվարի մասին դժվար է նաև խոսելը:

- 2016-ը` Ձեր կյանքում, մեր երկրի համար և աշխարհում:

- Ինձ համար` Փյունիկիայի տարի է. մեռնելու-հարություն առնելու, կորուստների, ձեռքբերումների տարի: Մի խոսքով` կյանքն ինչպես որ է: Մեր երկրի համար, կարծում եմ, դարձյալ դժվարին, մեծ փորձության տարի էր, հավատի, կորովի տարի էր: Տարվա կարևորագույն` բոլորի տներ ու սրտեր մտնող իրադարձությունն ապրիլյան պատերազմն էր:

2016-ի աշխարհն իմ մեջ պատկերի առումով տպավորվեց որպես փախստական երեխայի դի` ծովափին...

Որևէ զավեշտալի դեպք` Ձեր կյանքից:

- Դիպլոմային աշխատանքիս նախապատրաստվելիս լինում էին գիշերներ, երբ արթուն էի անցկացնում: Մորս հոգատարության շնորհիվ չէի քաղցում: Եվ ահա մի օր, կլանված նկարելու պահին, մայրս սկուտեղով ընթրիք բերեց: Դե, ընթրեցի` առանց նայելու, թե ինչ եմ ուտում, և միայն որոշ ժամանակ անց նկատեցի, որ սպիտակ գույնը որոշ ժամանակ անց գրեթե թափանցիկ է դառնում: Զարմանքով նկատեցի, որ սպիտակ ակրիլ տեսակի ներկը հացով կերել եմ, իսկ թթվասերով` նկարել:

- Ձեր խոսքը` ուղղված մեր սկսնակ նկարիչներին ու երիտասարդներին:

- Միայն թե կանգ չառնել, միշտ ստեղծագործել, ելքեր ու ճանապարհներ փնտրել: Իրականում ինչ անում եք, անում եք ձեզ համար. երբեք մի´ սպասեք, թե դռները հենց այնպես կբացվեն: Դռները բացվում են, եթե բախում են: Նախաձեռնեք, ստեղծագործեք, սիրեք, արարեք, նվիրվեք, տառապեք, երջանկացեք, ապրեք...

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ