Արմեն ՄԽԵՅԱՆ

 

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

(Սկիզբը` <ԱՎԱՆԳԱՐԴ>-ի թիվ 7-18-ում)

***

«Սա արդեն չափից դուրս է,- մտածում էր Մեսրոպյանը,- սպանությունից երկու ժամ անց դեռ չեն կարողանում ճշտել սպանվածի ինքնությունը»: Հերթական անգամ Գալստյանին հրահանգել էր արագացնել սպանվածի ինքնության ճշտումը:

Իր ձեռքի տակ էին տպագրական սարքից հանված երկու էջերի կրկնօրինակները: Անգլերենից չէր բողոքում, բայց իր համար էլ շատ բառեր տարօրինակ ու անհասկանալի էին: Ի՞նչ էր այս ամենը նշանակում, արդյո՞ք այս երկու էջանոց գենետիկայի տերմիններով հարուստ փաստաթուղթը կարելի էր համարել ինչ-որ կարևոր իրեղեն ապացույց: Նրա ուշադրությունը գրավեց թղթի անկյունում հազիվ երևացող նշումը, որն ավելի շուտ կնիք էր կամ դրոշմ: Թեպետ հստակ պատկեր չկար, սակայն երևում էին LO ու LAB տառերը և LLSG հապավումը:

Դուռը թակեցին, ու հազիվ էր Մեսրոպյանն ասել` մտե´ք, երբ շեմքին հայտնվեց Գալստյանը:

- Պարոն Մեսրոպյան, թույլ տվեք զեկուցել:

- Ասա,- շտապեցրեց Մեսրոպյանը:

- Հայտնաբերված փաստաթղթի պատճենը ուսումնասիրելուց հետո մեկ կարևոր բացահայտում: Այն Լոնդոնում արված հետազոտության արդյունքների եզրակացութ յունն է: Պատճենի աջ անկյունում հստակ երևում է LLSG հապավումը, կամ London lΖborΖtory services grouΘ: Չնայած շատ դժվար է երկու էջից իմանալ, թե ինչ հետազոտության եզրակացություն է, սակայն հստակ կարելի է պնդել, խոսքը գենետիկ փոփոխության ենթարկված մշակաբույսի մասին է:

- Այսինքն եզրակացությունը հենց Լոնդոնի՞ց է եկել:

- Միանշանակ` այո, ես արդեն տեղեկացրել եմ, որ զբաղվեն` հասկանալու համար, թե երբ է արվել, ինչ հետազոտություն է և ով է պատվիրատուն,- միանգամից շարունակեց Գալստյանը:

- Իսկ սպանվածի ինքնությո՞ւնը:

- Աղբարկղում հայտնաբերվել է հագուստ, որի գրպաններից մեկում գտնվել է մի հետաքրքիր թղթի կտոր:

- Միայն թղթի կտո՞ր,- վեր կացավ Մեսրոպյանն ու քայլեց դեպի դուռը:

- Այն հյուրանոցի հասցե է և մի քանի հեռախոսահամար: Արդեն իսկ մի քանի աշխատակիցներ գնացել են տվյալ հյուրանոց: Հեռախոսահամարներն էլ միջազգային են:

Նրանք դուրս եկան այն սենյակից, որը դարձել էր ոստիկանության ժամանակավոր աշխատասենյակ ու քայլեցին փոխնախարարի աշխատասենյակի ուղղությամբ:

-Պետք է նշենք, որ սպանվածն արտաքնապես նման չէ հայի:

Մեսրոպյանը գլխով համաձայնության նշան ցույց տվեց:

- Բերեք հայտնաբերված հագուստը,- ասաց Մեսրոպյանը:

Ոստիկանության լեյտենանատը պոլիէթիլենային թափանցիկ տոպրակով փաթաթված հագուստը հանձնեց ու արագ հեռացավ:

- Հագուստին ամրացված է կեղծ ոստիկանական տարբերանշան,- առանց տոպրակից հանելու` ցույց տվեց Գալստյանը,- սա ենթադրում է, որ ով էլ հանդիսանա հագուստի տերը, արդեն իսկ օրենքի խախտում է կատարել: Լեյտենանտը կրկին մոտեցավ ու թուղթ մեկնեց Գալստյանին, ապա ներողություն խնդրելով հեռացավ:

Գալստյանը մի հայացք գցեց թղթի վրա, ու դեմքին ժպիտ հայտնվեց:

- Պարոն Մեսրոպյան, սա էլ ապացույցը,- դատաբժշկական եզրակացությունը մեկնելով խոսեց Գալստյանը,- հագուստը պատկանել է սպանված և ինքնությունը դեռևս չբացահայտված տղամարդուն: Քիչ առաջ դատաբժիշկները մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերել են դաջվածքներ, որոնք շատ ավելի խոսուն են, քան անձամբ դրանց տերը:

Գալստյանը Մեսրոպյանին մեկնեց մի քանի լուսա-նկար:

Մեսրոպյանի ձեռքում սահմռկեցուցիչ լուսանկարներ էին: Այնտեղ մարդկային մարմիններ էին` անդամահատված, հրազենային վնասվածքներով և ամբողջովին արյան մեջ կորած:

- Սրանք արցախյան պատերազմի ժամանակ սպանված աֆղան մոջահեդների դիակներ են,- բացատրեց Գալստյանը:

«Ի՞նչ է նշանակում ամենը»,- ինքն իրեն հարցրեց Մեսրոպյանն ու հարցական հայացքով նայեց Գալստյանին:

- Տեսնո՞ւմ եք դաջվածքները,- շարունակեց Գալստյանը,- նման կիսալուսնաձև դաջվածք ունի նաև սպանվածը:

- Միջազգային ահաբեկչական խումբ,- բացականչեց Մեսրոպյանը:

- Երկու օր առաջ Պաշտպանության նախարարությունն ԱԱԾ-ի օժանդակությամբ լայնածավալ ստուգումներ սկսեց անցկացնել Արարատի մարզում: Տեղեկա-տվություն էր ստացվել երեքից չորս հոգիանոց դիվերսիոն խմբի` սահմանի հատման մասին: Նրանց գտնել չհաջողվեց, և ահա արդյունքը:

Գալստյանն իր արած հայտնագործությունից այնքան էր ոգևորվել, որ դեռ այլ ապացույցներ ևս կնշեր, բայց Մեսրոպյանն այդ պահին արդեն զանգահարում էր ոստիկանապետին:

- Նոր խումբ ուղարկեք հյուրանոց, շուրջկալ կազմակերպել, դադարեցնել երթևեկությունը, ոչ մի մեքենա առանց ստուգելու քաղաքից դուրս չթողնել,- բղավում էր Մեսրոպյանը:

- Պարոն գնդապետ,- Մեսրոպյանի ետևից վազում էր Գալստյանը,- ոստիկանություն զանգ տված կառավարական համարը նույնն է` ինչ նախարարինը:

Ոստիկանության ծառայության պետը հավանաբար չլսեց Գալստյանի վերջին խոսքերը, քանի որ հեռախոսի մյուս ծայրին լսվեց Երևանի ոստիկանապետի ձայնը:

***

Ատրճանակը Բադալյանի ձեռքում մեկ ուղղվում էր Տաթևի, մեկ Սամվելի ուղղությամբ:

- Դուք ինձ չեք խաբի,- բղավում էր Բադալյանը` երկու ձեռքով ամուր բռնած ատրճանակը ճոճելով:

Սամվելը չէր էլ հիշում, թե այսօր որերորդ անգամ էր արդեն հրազենի փողն իրեն ուղղված տեսնում:

- Պարոն Բադալյան, խնդրում եմ, հանգստացեք: Ես ամեն ինչ կբացատրեմ: Խնդրում եմ զենքը մի կողմ տարեք…

- Լռի´ր,- բղավեց Բադալյանը,- չասես ոչ մի բառ: Հանի´ր գրպանիցդ այն, ինչ գողացել եք Սարգսյանի աշխատասենյակից:

Սամվելի ու Տաթևի հայացքները խաչվեցին:

- Ես այն միայն համապատասխան անձանց կտամ…

- Հենց հիմա տուր այն, թե չէ ամեն ինչ ավելի վատ կլինի:

Բադալյանը մեկ քայլ առաջ եկավ ու ատրճանակն ուղղեց Տաթևի ճակատին: Սամվելը փորձեց ոտքի կանգնել:

- Մնա´ տեղդ:

Սամվելին ամեն ինչ ավելի պարզ էր դառնում. ահա թե ինչու Բադալյանը փորձեց օգնել: Նախարարն անմիջական կապ ունի այս ամենի հետ և իրեն անհրաժեշտ է վերացնել վերջին ապացույցը:

- Տաթև, ես խաղ չեմ անում:

- Ես կտամ ձեզ, բայց եթե արդարության կողմնակից եք, խնդրում եմ զանգահարեք ոստիկանություն, իրենք կպարզեն ով է անմեղ, և ով` մեղավոր:

- Լռի´ր: Իհարկե կապացուցեն. չէ՞ որ դու հասցրել ես վկայով ապահովագրել քեզ: Հանիր հենց հիմա... թե՞ ես հանեմ:

Տաթևը ձեռքը տարավ գրպանը, դանդաղ հանեց կրիչն ու մեկնեց Բադալյանին: Բադալյանն արագ վերցրեց այն ու մինչ կհասցներ մեկ քայլ հետ գնալ` Սամվելը հարձակվեց: Բադալյանն անակնկալի գալով` ատրճանակն ուղղեց Սամվելի կողմ: Տաթևը հասցրեց` որքան ուժ ուներ, աքացի տալ: Լսվեց կրակոց: Բայց Սամվելն արդեն իսկ հասցրել էր բռնել նախարարի ձեռքն ու շեղել կրակոցի ուղղությունը: Բադալյանին հաղթել ավելի դժվար էր: Ուժեղ հարվածը Սամվելի վիրավոր ձեռքին` ստիպեց, որ վերջինս հետ ընկնի բազմոցին:

Բադալյանը մի քանի հայհոյախառն արտահայտություն արեց ու ատրճանակի կոթով որքան ուժ ուներ` հարվածեց Տաթևի գլխին:

Տաթևն ուշագնաց ընկավ հատակին:

- Ապո´ւշ. չե՞ս հասկանում, դու էլ ես նրա զոհը: Ինքդ քեզ հարց չե՞ս տալիս, թե ինչու հենց դու դարձար նրա հետ այս պատմության հերոսը:

- Նրան օգնություն է պետք,- գոռաց Սամվելը:

- Հա´, հավանաբար հանցակից ընկերներից,- շարունակեց հեգնական տոնով Բադալյանը,- իմ նախարարությունում իսկական ահաբեկիչներ են եղել, ու ես չեմ իմացել, իսկ մի քանի ստոր աշխատակիցներ հաջողությամբ խաբել են ինձ:

- Ի՞նչ եք զառանցում, վերջ տվե´ք:

- Չգոռա´ս, տխմարի մեկը,- մոտենալով Սամվելին ու ատրճանակը ճակատին սեղմելով գրեթե մռնչաց Բադալյանը,- չե՞ս հասկացել, որ դու էլ ես զոհ: Քեզ խաբել են, իսկ դո´ւ, ինչպես որ ես, դարձանք գործիք:

Սամվելը շարժեց գլուխը` ցույց տալով, որ համաձայն չէ Բադալյանի ասածի հետ:

- Չե՞ս հավատում: Արի միասին վերլուծենք այսօր տեղի ունեցածը հենց սկզբից,- շարունակեց Բադալյանը` զենքը մի կողմ տանելով,- առավոտյան նա գալիս է քեզ մոտ ու ասում, որ բանալին քեզ մոտ է, այնպես չէ՞:

Սամվելը ոչինչ չպատասխանեց:

- Որևէ տարօրինակ զգուշավորություն չե՞ս նկատել նրա պահվածքում: Դե իհարկե, չես նկատի, իսկ ես դեռ երկու ամիս առաջ նկատեցի, երբ իմացա, որ նա իր անունով է ուղարկել լաբորատոր հետազոտության: Տաթևն ու Սարգսյանը տեղյակ էին վաղուց, բայց թաքցնում էին: Ավելին, Սարգսյանին մեծ գումար է փոխանցվել, որով պետք էր իբր թե չեզոքացներ վտանգը և վերացներ ապացույցները, սակայն հապաղեց ու ահա թե հիմա ինչ վիճակ է:

- Պարոն Բադալյան, եկեք հիմա դիմենք, չէ՞ որ Տաթևն էլ այդ էր առաջարկում:

- Չէ´, դու ոչ մի բան էլ չես հասկանում,- Սամվելի օձիքից բռնելով գոչեց Բադալյանը, - նրանք սպասում են հարմար առիթի` մեզ բոլորիս գնդակահարելու համար: Նրանք սպասում են սրան,- կրիչը ցույց տալով շարունակեց Բադալյանը:

(Շարունակելի)